Երեկ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս տարվա միասնական քննությունների ընթացքում դրական տեղաշարժեր են նկատվում: Դժգոհություններ չեն եղել թեստերի բովանդակության առումով: Բողոքարկումների թիվը փոքր տոկոս է կազմել, որն էլ վկայում է լավ արդյունքների մասին:
«Դրանց մեծ մասը վերաբերել է տեխնիկական խնդիրներին: Բայց մենք այս քննությունների ժամանակ պարզեցինք բոլոր այն թերությունները, որոնք պետք է հարթվեն արդեն հաջորդ քննությունների ժամանակ», ասաց Սեյրանյանը: Բացթողումները հիմնականում վերաբերել են մաթեմատիկայի թեստերին, որի ժամանակ աշակերտներին տրվել է չորս ժամ, սակայն, նախարարի կարծիքով, երեք ու կես ժամն էլ բավական է մաթեմատիկայի թեստերի լուծման համար:
Անդրադառնալով քննությունների երկրորդ փուլին` Սեյրանյանը նշեց, որ հանձնաժողովների նախագահներին հանձնարարվել է քննությունների հարցաթերթիկների կազմումը մոտեցնել այն տրամաբանությանը, որն արդեն օգտագործվում է համակարգում:
Նա կարծում է, որ այս քննությունների արդյունքում կլինի որոշակի տեղեկատվական բազա, որը հնարավորություն կտա եկող տարվա քննություններն ավելի սահուն իրականացնելու: Իսկ քննական հանձնաժողովի մեջ կընդգրկվեն դասախոսներ տարբեր բուհերից:
Անցյալ տարվա համեմատ Երեւանում բուհ դիմողների քանակը գրեթե չի փոխվել, սակայն որոշակի աճի միտում է նկատվել մարզերում: 14 տոկոսով Շիրակում ավելացել է դիմողների թիվը:
Այս տարի նույնիսկ մայրաքաղաքից դիմորդներ են եղել Եղեգնաձորում գործող ԵՊՏՀ-ի մասնաճյուղում:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ