Գագիկ Ծառուկյանը 700 հազար դոլար է խոստացել օլիմպիական չեմպիոնին
Օգոստոսի 8-ին Պեկինում կտրվի ամառային 29-րդ օլիմպիական խաղերի մեկնարկը, որին նախապատրաստվում են նաեւ Հայաստանի 25 մարզիկներ: Երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը օլիմպիադայի մասնակից հայ մարզիկներին հավաստագրեր ու հուշանվերներ հանձնեց` մաղթելով հաջող մրցելույթներ Պեկինում: «Այսօր ուրախալի օր է: Չորս տարի շարունակ մարզիկները նախապատրաստվել են առաջիկա օլիմպիադային: Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում ցույց տված արդյունքները վկայում են, որ մենք կարող ենք ապացուցել աշխարհին հայերի ուժեղ ազգ լինելը: Օլիմպիադայի մասնակից 25 մարզիկներից յուրաքանչյուրի վրա մեծ պատասխանատվություն է ընկած, քանի որ ներկայացնելու է հայ ազգը: Հաղթանակները հենց այնպես չեն տրվում: Պետք է նաեւ հոգեպես ուժեղ լինեք, հավատաք հաղթանակին, Աստծուն: Հայաստանի եւ սփյուռքի ժողովուրդը սպասում է ձեր հաղթանակներին: Համոզված եմ, որ հաջող եք հանդես գալու», բացման խոսքում նշեց Գագիկ Ծառուկյանը:
Օլիմպիականների հետ հանդիպմանը ներկա էր նաեւ ՀԱՕԿ-ի գլխավոր հովանավոր, «Բիլայնի» գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկոն, որը եւս հաջողություն մաղթեց հայ մարզիկներին առաջիկա խաղերում` խոստանալով առաջիկայում եւս ամեն կերպ աջակցել հայկական սպորտին:
Ընթերցվեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը. «Սիրելի մարզիկներ: Առջեւում Պեկինի օլիմպիադան է: Համոզված եմ, որ ազնիվ մրցակցություն կծավալեք մրցասպարեզներում, լիովին կներդնեք ձեր ամբողջ ուժը, կամքն ու վարպետությունը, ջանք չեք խնայի պատվով շարունակելու հայ ժողովրդի օլիմպիական պատմական ավանդույթները, ինչպես նաեւ ավելացնելու օլիմպիական խաղերի Հայաստանի 13 չեմպիոնների, 16 արծաթե ու բրոնզե մրցանակակիրների նվաճած պարգեւների թիվը: Հետեւելու եմ ձեր մրցելույթներին որպես Հայաստանի հավաքականի երդվյալ երկրպագու: Համոզված եղեք, որ ձեր հաջողություններով ուրախանալու են բոլորը թե՛ Հայաստանում, թե սփյուռքում: Հուսով եմ, կանեք ամեն ինչ Պեկինի օլիմպիադայում Հայաստանի օրհներգը հնչեցնելու, եռագույնը բարձրացնելու եւ մեր ժողովրդին ոգեւորության նոր ալիքներ պարգեւելու համար: Ձեզ բարի երթ Պեկին-2008-ում»:
Բանաստեղծ Արամայիս Սահակյանն ու երգահան Արա Գեւորգյանը հեղինակել են ՀԱՕԿ-ի օրհներգը: Ցուցադրվեց Լեյլա Սարիբեկյանի եւ Արամոյի կատարմամբ օրհներգի տեսաերիզը, որում երաժշտության ուղեկցությամբ անմահացվել էին հայ մարզիկների հաղթական ակնթարթները: Այնուհետեւ հրաձիգ Նորայր Բախտամյանն ու թեթեւ ատլետ Անի Խաչիկյանը ներկայացրին «Կիվերա նայնոմիս» ֆիրմայի դիզայներ Արեւիկ Սիմոնյանի պատրաստած հայ օլիմպիականների շքերթային համազգեստը: Արեւիկ Սիմոնյանը, Նեյչո Վելիչկոն, Արամայիս Սահակյանն ու Արա Գեւորգյանը պարգեւատրվեցին ՀԱՕԿ-ի շնորհակալագրերով ու «Սիմբա» անվանումով առյուծով, որը մեր օլիմպիականների թալիսմանն է լինելու Պեկինում: Նման թալիսմաններ ստացան նաեւ մարզիկներն ու նրանց մարզիչները: Մարզիկների անունից շնորհակալական խոսք ասաց ծանրորդ, աշխարհի բրոնզե մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոն Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը` խոստանալով ամեն ինչ ներդնել արդարացնելու սպասելիքները:
Շնորհանդեսի ժամանակ խոսք գնաց նաեւ օլիմպիականների պարգեւավճարների մասին: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը խոստացավ 700 հազար դոլարով պարգեւատրել այն մարզիկներին, ովքեր կդառնան օլիմպիական չեմպիոններ: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ պետության կողմից 20 մլն դրամով կպարգեւատրվեն օլիմպիական չեմպիոնները (անձնական մարզիչները` 10 մլն դրամ), 15 մլն դրամով` արծաթե, 10 մլն-ով` բրոնզե մրցանակակիրները: Տեղեկացվեց, որ բացի մարզիկներից, Հայաստանի օլիմպիական պատվիրակության կազմում կլինեն հարգարժան ու ճանաչված շատ մարդիկ: Արդեն Պեկին է ուղարկվել մեծ քանակությամբ Հայաստանի ջուր եւ սնունդ, ինչը չափազանց կարեւոր է մարզիկների համար նման խոշորագույն մրցումներում: Գագիկ Ծառուկյանը վերջում եւս մեկ անգամ հաջողություն ցանկացավ հայ մարզիկներին եւ հույս հայտնեց, որ ՀԱՕԿ-ի օրհներգի ուղեկցությամբ պատվով կդիմավորեն նրանց «Զվարթնոց» օդանավակայանում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ