ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական հայտնի «Բամո» հոլդինգի նախագահ Մուրադ Մուրադյանը եւս արձագանքել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` «Բազե» համահայկական երիտասարդական հավաքում աշխարհասփյուռ հայությանը դիմած ուղերձին: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին հոլդինգի մամուլի ծառայությունիցՙ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում Մուրադ Մուրադյանն իր հերթին կոչով դիմել է սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին` ավելի եռանդուն լինել երկիրը շենացնելու գործընթացում: Մուրադ Մուրադյանի նամակում ասված Է.
«Ես պատրաստ եմ Հայաստանում կատարել 120 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում` քաղաքաշինության ոլորտում նոր նախաձեռնություններ կյանքի կոչելու համար: Համոզված եմ, որ ներդրումների ու գործարար նախաձեռնությունների ճանապարհով կարող ենք նպաստել պետության սոցիալական բեռի թեթեւացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ Հայաստանի տնտեսության առաջընթացին ու մրցունակության աճին»: