Արտահանման ծավալները, սակայն նվազել են
Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների, այս տարվա հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական աճը կազմել է 10,3 տոկոս: Այսինքն, աճը դարձյալ դարձել է երկնիշ, ինչը չէր արձանագրվել այս տարվա փետրվարից:
Շարունակվում է բարձր աճն ապահովել շինարարությունըՙ 14 տոկոս: Այս անգամ ծառայությունների ոլորտն առաջ է անցել շինարարությունից եւ գրանցել 16,2 տոկոս աճ: Արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալը փոքր անկում է արձանագրելՙ 0,2 տոկոսով: Թեեւ հունիս ամսին այստեղ մայիսի նկատմամբ արձանագրվել է 8 տոկոս աճ: Առանց էներգետիկայի արդյունաբերության, անկումը կազմել է 1,1 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 2 տոկոսով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը հունվար-հունիսին աճել է 8,1 տոկոսով: Փաստորեն, նախորդ ամսվա նկատմամբ հունիսին ամենամեծ աճն արձանագրվել է այս ոլորտում, ինչը, թերեւս, պայմանավորված է եղել այս տարվա առատ բերքով: Մանրածախ առեւտրաշրջանառության աճը կազմել է 5 տոկոս:
Արտաքին առեւտրաշրջանառությունը 2008-ի հունվար-հունիսին ավելացել է 28,9 տոկոսով եւ կազմել 2 մլրդ 428 մլն դոլար: Արտահանման ծավալները վերջին տարիների ընթացքում, առաջին անգամը լինելով, նվազել են 0,8 տոկոսով եւ կազմել 520,7 մլն դոլար, ինչը ամենամտահոգիչ ցուցանիշը պետք է լինի կառավարության համար: Ներմուծումը կազմել է 1 մլրդ 907 մլն դոլար, աճելով 40,3 տոկոսով: Բացասական հաշվեկշիռը կազմել է 1 մլրդ 487 մլն դոլար:
Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում մարտին կազմել է մոտ 87 հազար դրամ, մասնավոր հատվածում կազմել է 106 հազար դրամ, բյուջետայինումՙ մոտ 61 հազար դրամ: Աշխատավարձերի միջին աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 20,7 տոկոս:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ