ՀՀ քաղաքացի Շավարշ Ղարիբյանը հուլիսի 17-ին (2008 թվ.) ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ներկայացրել, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի օգնական Մհեր Բաղդասարյանը շուրջ 15 ժամ իրեն զրկել է ազատությունից: Դեպքը տեղի է ունեցել 2008-ի հուլիսի 16-ի ժամը 18-ից մինչեւ հուլիսի 17-ի ժամը 19.00-ն: Մհեր Բաղդասարյանը ոմն Գրիշի հետ Կոտայքի մարզի Արզնի ձորի մեջ գտնվող ամառանոցում, շահադիտական նպատակով զրկել է ազատությունից Շավարշ Ղարիբյանին ու զենքի սպառնալիքով ստիպել է ստորագրել ստացական, իբր թե Մհեր Բաղդասարյանից ստացել է 135.000 ԱՄՆ դոլար, որից հետո ծեծել են նրան ու Երեւան-Սեւան ավտոճանապարհին առեւանգելով Շ. Ղարիբյանին պատկանող «ԲՄՎ-523» մակնիշի 01ՍԼ082 պետհամարանիշով ավտոմեքենան, հեռացել են: Դեպքի առթիվ նույն օրը Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի երեք տարբեր հոդվածների հատկանիշներով: Հուլիսի 19-ին ավտոմեքենան չթալանված վիճակում հայտնաբերվել է Աբովյան-Նոր Հաճըն ավտոճանապարհի եզրին:
Մհեր Բաղդասարյանը դատախազության համակարգում աշխատում է 2002-ից, նախՙ որպես հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող վարչության տեսուչ-օպերատոր, ապա ավագ տեսուչ, իսկ 2007-ի օգոստոսի 1-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի օգնական: Գործող օրենսդրության համաձայն, հուլիսի 17-ին Մհեր Բաղդասարյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Նա, ինչպես վերոհիշյալ Գրիշը այժմ հետախուզման մեջ են:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ