«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2008-07-19 | #139, 2008-07-22 | #140, 2008-07-23


«ՀԱՊԿ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՎՐԱ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐԻ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԳՈՐԾԱԴՐՎԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄԸ»

Հայաստանում մեկնարկեց ՀԱՊԿ-ի հրամանատարաշտաբային «Ռուբեժ-2008»-ը

Երեկ Հայաստանում մեկնարկեց ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) հրամանատարաշտաբային «Ռուբեժ-2008» համատեղ զորավարժությունը: Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԱԾ խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Զորավարժություններին կմասնակցեն շուրջ 4500 զինվորականներ հիմնականում Հայաստանից, Ռուսաստանից եւ Տաջիկստանից: Զորավարժության առաջին եւ երկրորդ փուլերում հստակեցվելու են կազմակերպության եւ դրա անդամ երկրների քայլերը` ուղղված երրորդ ուժերի գործողությունների հետեւանքով լարվածության թուլացմանը եւ սրված իրավիճակի լուծման համար քաղաքական մեխանիզմների մշակմանը: Հաջորդ փուլերի ընթացքում նախատեսված են ռազմական գործողություններ:

Իր ելույթում Սեյրան Օհանյանը նշեց, որ զորավարժություններին «Ռուբեժ» անվանում տալը պատահական չէ: Ըստ նախարարի, դա այն սահմանագիծն է, որի հաղթահարման համար պայմանագրի անդամ երկրի վրա ագրեսիայի դեպքում, նրան օգնություն է ցուցաբերվում, այդ թվում` ռազմական:

«ՀԱՊԿ-ն հետագայում եւս խաղաղության պահպանման, միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ու կայունության, կազմակերպության անդամ երկրների տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պաշտպանման կուրս կվարի` դրանց հասնելու հիմնական առաջնահերթություն համարելով հիմնախնդիրները քաղաքական միջոցներով լուծելը», ընդգծեց նախարար Օհանյանը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նշեց, որ բացասաբար է վերաբերվում ՆԱՏՕ-ի մեխանիկական ընդլայնմանը եւ այն չի կարող աշխարհում մեծ կայունություն ապահովել: Ըստ Բորդյուժայի, խնդիրը վերաբերում է ՀԱՊԿ անդամ երկրների` առաջին հերթին Ռուսաստանի ու Բելառուսի շուրջը ռազմական նոր ենթակառուցվածքների ստեղծմանը. «Դա վերաբերում է Ռումինիայում եւ Բուլղարիայում ռազմաբազաների տեղակայմանը, ինչպես նաեւ Մերձբալթիկայում ռադարների ստեղծման փորձերին, ենթակառուցվածքների ստեղծմանը Կենտրոնական Ասիայում»:

Անդրադառնալով «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնելու խնդրին` Բորդյուժան նշեց. «Ես դրան բացարձակապես հանգիստ եմ վերաբերվում: Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի հարաբերություններ կառուցելու տարբեր միջազգային կառույցների ու տարբեր դաշինքների հետ: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ անդամությունից բխող որոշակի պարտավորություններ է ստանձնել: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին, ապա նման հարաբերություններ ունեն նաեւ մյուս երկրները, այդ թվում նաեւ Ռուսաստանը»:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4