Ձերբակալված են «Միասնական Ջավախք» կազմակերպության ակտիվիստները
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի ակտիվիստները ձերբակալվել ու տեղափոխվել են Ախալցխա` Ախալքալաքում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ: «Ազգն» արդեն հրապարակել է հուլիսի 17-ին Ախալքալաքում շուրջ երկու տասնյակ մարդկանց ոստիկանություն բերման ենթարկելու մասին` մինչ այդ շրջանի ոստիկանապետի տնից ոչ շատ հեռու տեղի ունեցած պայթյունի առնչությամբ: Ձերբակալվածների մի մասն ազատ էր արձակվել:
Ոստիկանները հուլիսի 17-ի գիշերը մտել էին նաեւ «Միասնական Ջավախք» կազմակերպության երիտասարդ գործիչ Գուրգեն Շիրինյանի բնակարան` խուզարկության: Շիրինյանը փախուստի էր դիմել, որից հետո լուր էր տարածվել, թե Գուրգենը փախուստի ընթացքում վիրավորել է մի ոստիկանի, որն էլ ավելի ուշ մահացել էր: «Ազգի» տեղեկություններով, ոստիկանը` 23-ամյա Արթուր Բերուջանյանը Շիրինյանի տուն մտնելիս զինված չէր եղել:
Պատմությունը կարծես շարունակություն է ունեցել, սակայն բավականին անհասկանալի հանգամանքներում: Հուլիսի 20-ին կրկին լուր է տարածվել, թե եւս մեկ ոստիկան է մահացել` 28-ամյա սպա Արմեն Գաբրիելյանը: Որքան էլ տարօրինակ է, բայց մեր տեղեկություններով, սկզբնական հիմնական վարկածը ինքնասպանությունն էր, այն էլ Ախալքալաքի բերդի հարեւանությամբ գտնվող ձորում, որտեղ որոնումներ են իրականացվել: Ամեն դեպքում, Արմեն Գաբրիելյանի մահվան հանգամանքներում անտրամաբանական ու անհասկանալի է գրեթե ամեն ինչ, անգամ վրացական իշխանությունների լռությունը:
Ախալցխայի ոստիկանություն է տարվել նաեւ «Միասնական Ջավախք» կազմակերպության ղեկավար Վահագն Չախալյանը իր ընտանիքի հետ, ու մինչեւ երեկ երեկոյան դեռեւս ոստիկանությունում էին ոչ միայն Վահագն Չախալյանը, այլեւ նրա հայրն ու եղբայրը: Ընդ որում, մեղադրանքը իբր հիմնավորված է Չախալյանի կազմակերպության գրասենյակում զենք ու զինամթերք հայտնաբերելու հանգամանքով, մինչդեռ անտրամաբանական է, որ մի քանի օր առաջ խուզարկված գրասենյակում, որտեղ ոչինչ չէին գտել, չգիտես ինչու եւ որտեղից զենք է հայտնվել:
Երեկ արդեն տեղի է ունեցել Ախալքալաքի Բարալեթ գյուղի բնակիչ ոստիկանի` Արթուր Բերուջանյանի հուղարկավորությունը, այսօր էլ տեղի կունենա Արմեն Գաբրիելյանի հուղարկավորությունը:
Հիշեցնենք, որ «Միասնական Ջավախք» կազմակերպության երիտասարդ գործիչ Գուրգեն Շիրինյանը, նույն կազմակերպության ղեկավարներից Վահագն Չախալյանի հետ, 2006-ին հարձակման էր ենթարկվել Երեւանի մատույցներում, դանակահարվել եւ վիրահատվել էր: Այն ժամանակ ձերբակալվեց, դատապարտվեց եւ հետո արտաքսվեց Վահագն Չախալյանը` սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ