«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2008-07-19 | #139, 2008-07-22 | #140, 2008-07-23


ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ «ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐԸ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ 100 ՏԱՐԵԿԱՆ Է

Ջավախքը տոների, տոնական տրամադրության կարիք ունի

Ջավախք այցելությունները ավելի հաճախ ջավախահայության իրականությանն առնչվելու հնարավորություն են, քան իրադարձություններին, դեպքերին անդրադառնալու առիթ կամ միջոց: Հունիսի 20-ին Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղի հարեւանությամբ Գնդլիկ լեռան լանջին Ջավախքի տարբեր գյուղերից, Հայաստանից ու Վրաստանի իշխանական ինստիտուտներից ներկայացուցիչներ հավաքվում են ու պոեզիայի տերյանական օր նշում:

100 տարի առաջ Թբիլիսիի հասարակությունը ծանոթացավ Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուին: Ու այնպես, ինչպես Տերյանն էր հասկանում ու պատկերացնում Հայաստանը, ինչպես եւ ինչ քնարերգական նոտաներով էր մատուցում իրականությունը, կարծես թե այնքան էլ չէր հուզում ամենամյա տոնակատարության հավաքատեղի դարձած սարալանջին խմբվածներից շատերին:

«Տերյանական օրը լավ հնարավորություն է այստեղ տարբեր մարդկանց տեսնելու, առեւտուր անելու համար: Ամբողջ տարին միայն կով ու ոչխարի հոգս ենք քաշում, դրա համար էլ այս տոնի նման օրերին ուրախությամբ ենք դուրս գալիս գյուղից ու այստեղ մարդկանց երես տեսնում», գանձացի տիկնոջ խոսքերում ավելի շատ հոգնություն էր հնչում, քան դժգոհություն կամ ուրախություն: Առեւտուրն էլ հիմնականում Հայաստանից ժամանածների միջոցով էր իրականացվում, մարդիկ ուղղակի գնում էին ամենը, ինչ մեծ շրջանի ձեւով բոլորում էր տոնակատարության բեմահարթակը:

Իսկ հարթակին պատվիրակությունների անդամներ, տեղական իշխանության ներկայացուցիչներ էին նստած: Ու թեեւ ամեն մեկն իր հերթին ու իր խոսքում հիշատակում էր Վահան Տերյանին, պատմում նրա մասին, խոսում բանաստեղծի մեծ հանճարից, մշակույթը որպես զենք ընկալելու տրամադրություն չէր նկատվում, չնայած հանուն արդարության պետք է խոստովանել, որ տերյանական օրվա համերգային ծրագրին ունկնդիրներն իսկապես տոնի խնդություն էին տարածում:

Բանաստեղծի ծննդավայր Գանձայում տուն-թանգարանի մասին ներկայացրեց տնօրեն Արտեմ Թորոսյանը, իսկ Միխեիլ Սաակաշվիլու ողջույնները փոխանցեց Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդյանը:

Հայաստանի արտգործնախարարությանը կից սփյուռքի հարցերով կոմիտեի ղեկավար Հրանուշ Հակոբյանը ե՛ւ ծունկ, ե՛ւ գլուխ խոնարհեց Տերյանի հանճարի առաջ, իսկ Վրաստանում Հայաստանի դեսպանի խոսքը ներկայացրեց խորհրդական Եղիա Մանսուրյանը: ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդանյանը, առաջին անգամ Ջավախք այցելած Րաֆֆի Հովհաննիսյանը, Շիրակ Թորոսյանը խոսեցին Ջավախքի ընդհանրական խնդիրներից, տերյանական տոնի կարեւորությունից:

Ծնունդով գանձացի Շիրակ Թորոսյանն իր խոսքում ընդգծեց, որ անհրաժեշտ է Ջավախքը տարբերակել սփյուռքից, քանի որ այստեղ կան նաեւ սոցիալ-տնտեսական ու քաղաքական խնդիրներ, որոնք չես նույնացնի հայկական սփյուռքի մյուս հատվածների լեզվական, մշակութային, ինքնության պահպանման հարցերի հետ: ԱԺ պատգամավորն անդրադարձավ նաեւ Ախալքալաքում տեղի ունեցած հայ ոստիկանի սպանությանը, որին «Ազգն» անդրադարձել է իր հուլիսի 19-ի համարի «Անհետեւանք պայթյուն եւ սպանված ոստիկան Ջավախքում» հոդվածում:

Ըստ Թորոսյանի, տեղի ունեցածը վկայում է, որ տարածաշրջանում լավ չեն աշխատում վրաց իշխանությունները, այլ միայն ուժային կառույցները: Թորոսյանը կոչ արեց Վրաստանի իշխանություններին ավելի իրական, ժողովրդավարական քաղաքականություն վարել Ջավախքում, իսկ Հայաստանի իշխանություններին էլ հորդորեց ավելի մեծ ուշադրություն ցուցաբերել այս տարածաշրջանի նկատմամբ:

Այնուհետեւ երգն ու պարն էին տերյանական օրվա տոնակատարության շարունակությունը, որին տոնի մասնակիցներից թեեւ քչերը, բայց այնուամենայնիվ արձագանքում էին իրենց պարով ու խնդությամբ: Ընդհանուր տպավորությունն այնպիսին էր, կարծես այս տարածաշրջանում մարդիկ եզակի մի հնարավորություն ունեին խմբվելու ու ականջալուր լինելու տարբեր կազմակերպություններ ու կառույցներ ներկայացնող մարդկանց խոսքին: Ավելին, հոգսերի ու հարցերի «առատությունը» պոեզիայի տերյանական օրվան յուրօրինակ երանգ էր տալիս, քանի որ ծանր խնդիրների լուծումը հետաձգել էր մի կարճ, բայց հաճելի ժամանակով:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Գանձա-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4