1956, Մելբուռն, 16-րդ ամառային օլիմպիադա
1956-ի նոյեմբերի 22-ին Մելբուռնի «Կրիկենտ Գրաունդ» մարզադաշտում հանդիսավորությամբ տրվեց 16-րդ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկը: Կանաչ մայրցամաք էին ժամանել 68 երկրների ավելի քան 550 մարզիկներ, որոնք իրենց հարաբերությունները պարզեցին 22 մարզաձեւից: Այս անգամ ԽՍՀՄ հավաքականի 325 մարզիկների թվում էին Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը, հնգամարտիկ Իգոր Նովիկովը, բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը, թեթեւատլետ Վարդան Հովսեփյանը եւ սուսերամարտիկ Վալենտին Չեռնիկովը:
Մարմնամարզության մրցումներում համառ մրցապայքար էր ծավալվել խորհրդային եւ ճապոնացի մարմնամարզիկների միջեւ: Մրցումների պարտադիր ծրագրի կատարումից հետո ԽՍՀՄ հավաքականն ընդամենը 0,1 միավորով էր գերազանցում ճապոնացիներին: Այնպես որ, ամեն ինչ վճռվելու էր կամավոր ծրագրում: Խորհրդային մարմնամարզիկները հիանալի ելույթներ ունեցան ու կրկին ցուցադրելով բարձր վարպետություն, թիմային պայքարում դարձան օլիմպիական չեմպիոններ: Այդ հաջողությունում իր արժանի ներդրումն ուներ նաեւ 27-ամյա անվանի մարմնամարզիկ, օղակների արքա Ալբերտ Ազարյանը: 1954-ին Իտալիայում կայացած աշխարհի առաջնությունում, որին խորհրդային մարմնամարզիկներն առաջին անգամ էին մասնակցում, օղակների ապագա արքան հանդիսականներին մատուցեց արտասովոր նորույթ` «խաչ» վարժության ուղղահայաց դիրքում նա մարմնի աջ ու ձախ դարձումներ կատարեց, որոնք ապշեցրին բոլորին: Մարմնամարզական աշխարհն այդպիսի բան դեռ չէր տեսել: Այդ օրվանից վարժությունն «ազարյանական խաչ» անվանումն ստացավ:
Հռոմի աշխարհի առաջնությունը փառքի ուղեծիր դուրս բերեց Ազարյանին: Հաջորդ տարի նա դարձավ Եվրոպայի չեմպիոն զուգափայտերի վրա կատարած վարժությունում, իսկ բազմամարտում արժանացավ արծաթե մեդալի: Իսկ օղակների վրա վարժություններում նա իր հավասարը չուներ ԽՍՀՄ-ում:
Մելբուռնում Ազարյանը հասավ փառքի գագաթնակետին: Օղակների վրա նա կրկին անգերազանցելի էր: Եվ կրկին «ազարյանական խաչը» հիացմունքի բուռն ալիք առաջացրեց: Ազարյանի ելույթն արժանացավ ամենաբարձր գնահատականին (9,95), որի շնորհիվ հայ մարմնամարզիկը նվաճեց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը: Մեկ ոսկե մեդալ էլ նա ստացավ թիմային պայքարում ԽՍՀՄ հավաքականի տարած հաղթանակի համար: Հանձին Ազարյանի, մարմնամարզության հայկական դպրոցը Շահինյանից հետո օլիմպիական իր երկրորդ չեմպիոնն ունեցավ:
Մելբուռնի օլիմպիադան Իգոր Նովիկովի համար 2-րդն էր: Մարզասերները նրան հաճախ էին հայ ժողովրդի ռուս զավակ անվանում: Նա ընտանիքով Երեւան էր տեղափոխվել 1934-ին, 5 տարեկանում: Հելսինկյան օլիմպիադայից հետո Նովիկովը մեծ փորձ էր ձեռք բերել, դարձել էր ԽՍՀՄ չեմպիոն, թիմային հաշվարկով աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր: Մելբուռնում Նովիկովը ժամանակակից հնգամարտի ԽՍՀՄ հավաքականի ավագն էր: Սովետական հնգամարտիկների եռյակը (Ի. Նովիկով, Ի, Դերյուգին, Ա. Տարասով) անհաջող հանդես եկավ առաջին մրցաձեւում` ձիավարությունում: Հրաձգության մրցումներում Նովիկովի թիմը զգալիորեն շտկեց դրությունը` տեղափոխվելով 2-րդ հորիզոնական: Լողի մրցումներում ԽՍՀՄ հավաքականը թիմային պայքարում հաղթեց եւ ընդհանուր հաշվարկով ընդհուպ մոտեցավ առաջատարին` ԱՄՆ-ի մարզիկներին: Ամեն ինչ պետք է վճռեր կրոսավազքը:
Նովիկովին հարկ եղավ դրսեւորել կամային հատկանիշները: Մրցումներից առաջ սրսկելիս բժիշկն անզգուշորեն ասեղը նրա մկանի մեջ էր մտցրել: Չնայած դրան, Նովիկովը հաջողությամբ հաղթահարեց 4000 մ մրցատարածությունը եւ հավաքականի համար ապահովեց առաջին տեղը: Թիմային հաղթանակի համար Նովիկովն իր թիմակիցների հետ արժանացավ ոսկե մեդալի: Իսկ անհատական պայքարում, ինչպես եւ Հելսինկիում, Նովիկովը կրկին 4-րդն էր: Օլիմպիական խաղերում հասած աննախադեպ հաջողության համար Իգոր Նովիկովին շնորհվեց սպորտի վաստակավոր վարպետի կոչում:
Մելբուռնյան օլիմպիադայում Հայաստանին 3-րդ ոսկե մեդալը պարգեւեց անվանի բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը : Առաջին կիսամիջին քաշում ռինգի անվանի վարպետը վստահ ելույթներ ունեցավ եւ արժանիորեն ճանաչվեց լավագույնը:
Վիճակահանությամբ Ենգիբարյանի առաջին մրցակիցը լեհ բռնցքամարտիկ, 1955 թ. Եվրոպայի չեմպիոն Լեշեկ Դրոգոշն էր: Մեկ տարի առաջ Արեւմտյան Բեռլինում կայացած Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկին չէր հաջողվել հաղթահարել լեհ բռնցքամարտիկի դիմադրությունը եւ նա ռինգը թողել էր պարտված: Ենգիբարյանը մրցակցի նկատմամբ ռեւանշի հասնելու վճռականությամբ սկսեց մենամարտը: Երկուսն էլ ձախլիկ էին եւ ձգտում էին միմյանց հարվածներ հասցնել: Ենգիբարյանը գործում էր արագ ու համարձակ եւ շուտով նրա ձախով դիպուկ հարվածը նոկդաունի ենթարկեց մրցակցին` նրան տապալելով գետնին: Դրոգոշը միայն ութ հաշվից հետո կրկին ներգրավվեց պայքարի մեջ, սակայն այդպես էլ չկարողացավ վերջնականապես ուշքի գալ: Բոլոր 3 ռաունդներում էլ հայ բռնցքամարտիկի առավելությունը նկատելի էր եւ հաղթանակը միաձայն շնորհվեց նրան:
Դա չափազանց կարեւոր հաղթանակ էր, որը Ենգիբարյանի համար ուղի հարթեց դեպի օլիմպիական բարձունքը: Նրա հաջորդ մրցակիցները եւս անկարող էին կանգնեցնել Ենգիբարյանի հաղթարշավը: Հայ բռնցքամարտիկը գերազանց անցկացրեց մենամարտերը ֆրանսիացի Սալյուդենի, Հարավային Աֆրիկայի ներկայացուցիչ Լոուբշերի հետ, իսկ եզրափակիչում գեղեցիկ ոճով «ծնկի բերեց» իտալացի Նենչիին: Օլիմպիական ոսկե մեդալը նրա փառքի գագաթնակետն էր: Նշենք, որ բացի Ենգիբարյանից, խորհրդային բռնցքամարտիկներից միայն Վ. Սաֆրոնովին ու Գ. Շատկովին հաջողվեց նվաճել օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը: Այդ հաջողության համար նրանց շնորհվեց սպորտի վաստակավոր վարպետի կոչում:
Ռինգում առաջին լուրջ հաջողությանը Ենգիբարյանը հասել էր դեռեւս 1948-ին` 16 տարեկանում Ռիգայում դառնալով «Աշխատանքային հերթափոխ» ընկերության կենտրոնական խորհրդի չեմպիոն: 1952-ին Ենգիբարյանը սկսեց մարզվել մարզաձեւի հմուտ մասնագետ Էդուարդ Արիստակեսյանի մոտ` կատարելագործելով վարպետությունը: Հաջող էր մրցաշրջան-53-ը: Նախ նա Մոսկվայում ԽՍՀՄ առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր, ապա Բուխարեստում` ուսանողության եւ երիտասարդության համաշխարհային փառատոնում նվաճեց ոսկե մեդալ: Վարշավայում անցկացված մայրցամաքի առաջնությունում ռինգի վարպետը չդավաճանեց իր ոճին եւ տպավորիչ հաղթանակներ տոնելով` ճանաչվեց լավագույնն իր քաշային կարգում: Երկու տարի անց նա Մոսկվայում նվաճեց ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը` արժանանալով լավագույն տեխնիկայի համար սահմանված հատուկ մրցանակի: 1956-ին, մինչ օլիմպիադան, Ենգիբարյանը տպավորիչ հաղթանակներ տոնեց ԽՍՀՄ ժողովուրդների Սպարտակիադայում եւ երկրի առաջնությունում` մեկ անգամ եւս հաստատելով իր բարձր կարգը: Եվ ահա այս ամենի բնական շարունակությունը գերազանց ելույթն էր օլիմպիական խաղերում:
Մելբուռնում Հայաստանի չորրորդ պատվիրակը` սուսերամարտիկ Վալենտին Չեռնիկովն անհաջող հանդես եկավ, իսկ թեթեւատլետ Վարդան Հովսեփյանը հիվանդության պատճառով չմասնակցեց գնդի հրման մրցումներին: Դա, իհարկե, ցավալի էր, քանի որ Վարդանը գտնվում էր գերազանց մարզավիճակում: 1956-ին, մինչ օլիմպիադան, նա մասնակցել էր հինգ մրցման եւ բոլորում էլ հաղթել էր երկրի նոր ռեկորդով: Տաշքենդում մասնակցելով նախաօլիմպիական ընտրական մրցումներին, նա գունդը հրել էր 17 մ 67 սմ, որն ընդամենը 9 սմ-ով էր զիջում Իրժի Սկոբլայի եվրոպական ռեկորդին: Իսկ մինչ այդ, 1955-ին Թբիլիսիում նա դարձել էր երկրի չեմպիոն (17 մ 47 սմ), 1956-ին նվաճել ԽՍՀՄ ժողովուրդների Սպարտակիադայի եւ երկրի չեմպիոնի տիտղոսները:
Եվ այսպես, մելբուռնյան օլիմպիադան նոր փայլուն էջ գրեց հայկական սպորտի տարեգրությունում: 1952 թ. Հրանտ Շահինյանի նվաճած օլիմպիական 4 մեդալներին (2-ական ոսկի եւ արծաթ) գումարվեցին Ալբերտ Ազարյանի, Վլադիմիր Ենգիբարյանի եւ Իգոր Նովիկովի չորս ոսկե մեդալները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ