Թուրքիայի սահմանադրական դատարանը որոշել է երկրում իշխող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության կասեցման գործի քննումն սկսել հուլիսի 28-ին: Այս որոշումն ընդունվել է դատարանի հուլիսի 22-ի նիստում: Ի պատասխան լրագրողների հարցերին, սահմանադրական դատարանի նախագահ Հաշիմ Քըլըչն ասել է, որ գործը քննվելու է մինչեւ վճռի կայացումը, չգիտի որքան կտեւի դատավարությունը, 3, 5, թե 10 օր:
Սահմանադրական դատարանը վճիռ է կայացնում 11 անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Այսինքն, «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության գործունեության կասեցման համար անհրաժեշտ է գոնե 7 ձայն: Հիշեցման կարգով նշենք, որ այս կուսակցությունը երկրում միանձնյա իշխանության էր եկել 2007-ի հուլիսի 22-ի ընտրություններում, ստանալով ընդհանուր ձայների 46,7 տոկոսը, ունի 340 պատգամավոր 550 տեղանոց Մեջլիսում: Այսինքն, գրեթե բացարձակ մեծամասնություն Թուրքիայի ազգային մեծ ժողովում:
Թվում է, թե Մեջլիսում մեծամասնության, իսկ երկրում միանձնյա իշխանության հանգամանքն ու հարաճուն ժողովրդականությունը «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության կասեցման հարցում պետք է կաշկանդեն սահմանադրական դատարանին: Ի վերջո կասեցնել ձայների 46,7 տոկոսն ստացած կուսակցությանը, կնշանակի իշխանության արհեստական վակուում առաջացնել երկրում, երբ անհայտ են դրա լրացման ուղիները, քանի որ ընդդիմությունը հեղինակազրկված է: Դա առավելապես վերաբերում է Մեջլիսում ընդամենը 98 պատգամավորական տեղ ունեցող հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը, որը չունի իշխանության գալու ոչ մի հնարավորություն:
Հ. Չ.