«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2008-07-22 | #140, 2008-07-23 | #141, 2008-07-24


ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՀԱԼԱՉՕՂԼՈՒՆ

Երեկ Աթաթուրքի անվան մշակույթի, լեզվի եւ պատմության գերագույն խորհրդի որոշմամբ պաշտոնից ազատվել է Թուրքական պատմական ընկերության նախագահ, դոկտ., պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուն: Որոշումը հրապարակվել է «Պաշտոնական թերթի» նույն օրվա համարում եւ մտել է ուժի մեջ: Նա դասախոսական աշխատանքի կվերադառնա «Գազի» համալսարանում, որտեղ մինչ այդ աշխատել էր:

«Անատոլու» գործակալության հարցին պատասխանելիս, Հալաչօղլուն ասել է, որ պաշտոնից ազատվելու որոշման մասին իմացել է արձակուրդի պահինՙ ամառանոցում, եւ ազատման հանգամանքներին տեղյակ չի եղել: Կայքէջում, նշելով այս ամենի մասին, «Միլլիեթը» գրում է, որ Հալաչօղլուն անսովոր հայտարարություններով հակազդեցություն էր առաջացնում հասարակության մեջ:

Ի դեպ, նա մի առիթով հայտարարել էր, թե «քրդերն ու ալավիները հայկական ծագում ունեն», ապա իր ասածները սրբագրելու համար հրավիրել էր մամուլի ասուլիս, նշելով. «Որոշ հայեր քուրդ կամ ալավի են ձեւացել»: Հալաչօղլուի հայտարարությունների պատճառով նրա դեմ դատական հայց էր ներկայացվել, իսկ «Թուրքական օջախները» թիկունք էին կանգնել նրան: «Ավշարները թուրքերի պատմության մեջ» թեմայով գիտաժողովում Հալաչօղլուն որպես զեկուցող ամբիոնից հայտարարել էր, որ «դյոնմեների» ցանկ ունի իր ձեռքում, ապա շարունակել. «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քրդական համարվող որոշ աշիրաթներ իրականում ունեն թուրքմենական ծագում»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4