«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2008-07-22 | #140, 2008-07-23 | #141, 2008-07-24


ԵԽԽՎ-Նՙ ԾԱՆՈԹ ԱՆԾԱՆՈԹԸ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Եվրոպայի խորհրդի երկու գլխավոր կանոնադրական մարմիններից մեկն է: Գործելով 1949 թվականից, Եվրոպայի միջազգային խորհրդարանական հնագույն հաստատությունն է, ունի խորհրդատվական գործառույթ (ի դեպ, մինչեւ 1974-ը հենց այդպես էլ կոչվել էՙ խորհրդատվականՙ կոնսուլտատիվ վեհաժողով):

ԵԽԽՎ-ն լիազորված է քննության առնելու Եվրոպայի խորհրդի իրավասության մեջ մտնող ցանկացած հարց:

Կազմված է վճռական ձայնի իրավունքով Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետությունների պատվիրակություններից: Վեհաժողովի նիստերում ելույթ ունենալու իրավունք ունեն հատուկ հրավիրյալ երկրների (այդ կարգավիճակը սահմանվել է 1989 թվականին) պատվիրակությունների անդամները: Նման կարգավիճակ ունի Բելառուսի խորհրդարանը, սակայն 1997թ. քաղաքական պատճառներով այն «սառեցվել է»: ԵԽԽՎ նստաշրջաններին կարող են մասնակցել նաեւ դիտորդ պետությունների (Վատիկան, Կանադա, Իսրայել, Մեքսիկա, ԱՄՆ ու Ճապոնիա) պատվիրակությունները:

Այժմ ԵԽԽՎ-ն ունի 318 անդամ (եւ նույնքան տեղակալ, որոնք պատվիրակների բացակայության պարագայում կարող են ելույթ ունենալ եւ քվեարկել), որոնց նշանակում կամ ընտրում են անդամ երկրների խորհրդարաններըՙ պատգամավորների թվից: Յուրաքանչյուր երկրից ներկայացուցիչների ու փոխանորդների թիվը որոշվում է, հաշվի առնելով պետության բնակչության թիվն ու Եվրոպայի խորհրդի անդամության համար անդամավճարը: Այսպես, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանն ու Ֆրանսիան ունեն 18-ական տեղ, Իսպանիան եւ Ուկրաինանՙ 12-ական, իսկ, օրինակ, Սան-Մարինոն ու Անդորանՙ 2-ական ներկայացուցիչ: Հայաստանը, որի Եվրոպայի խորհրդի այս տարվա անդամավճարը կազմում է 241.199,52 եվրո (Եվրոպայի խորհրդի բյուջեի 0,12 տոկոսը), ԵԽԽՎ-ում ունի 4 ներկայացուցիչ ու նույնքան տեղակալ: Մեր հանրապետության պատվիրակության ղեկավարը ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն է:

ԵԽԽՎ-ի անդամներն իրավունք չունեն լինելու իրենց երկրների կառավարության կազմում: Ինչպես ներկայացուցիչներն, այնպես էլ փոխանորդները, որոնք պաշտոնապես մտցված են ԵԽԽՎ-ի հանձնաժողովների կազմի մեջ, դրանց աշխատանքներին մասնակցում են վճռական ձայնի իրավունքով ու հանձնաժողովներում կարող են ստանձնել տարբեր ղեկավար պաշտոններ:

Պատվիրակությունների անդամների լիազորությունները վավեր են ԵԽԽՎ տարեկան մեկ նստաշրջանի ընթացքում, որը անցկացվում է 4 փուլովՙ սովորաբարՙ հունվարի, ապրիլի, հունիսի ու սեպտեմբերի վերջին շաբաթում: Իբրեւ կանոն, ԵԽԽՎ-ն իր նիստերն անց է կացնում Ստրասբուրգ քաղաքում (Ֆրանսիա), Եվրոպայի խորհրդի նստավայրում:

Ավանդույթի համաձայն, անդամ պետությունների պատվիրակություններում տեղերը բաշխվում են ազգային խորհրդարանի եղած կուսակցական խմբակցությունների թվաքանակին համաչափ, այսինքնՙ ազգային պատվիրակությունները կազմված են այնպես, որ ապահովեն յուրաքանչյուր խորհրդարանի քաղաքական ուժերի արդար ներկայացուցչությունը: Այսօր ԵԽԽՎ-ի անդամներն աշխատում են հետեւյալ կուսակցական խմբերում (խմբակցություններում). Եվրոպական ժողովրդական կուսակցության, Սոցիալիստներ, Եվրոպական ժողովրդավարներ, Ժողովրդավարների ու ազատականներիՙ հանուն Եվրոպայի դաշինք, Եվրոպական միավորված ձախ ուժեր: Կան պատգամավորներ, որոնք ունեն անկախ կարգավիճակ ու որեւէ խմբակցության անդամ չեն:

ԵԽԽՎ նստաշրջանն իր անդամների թվից, իբրեւ կանոն, 3 տարով ընտրում է վեհաժողովի նախագահ եւ 1 տարովՙ իր 20 տեղակալներին: ԵԽԽՎ նախագահը քննարկումներին մասնակցելու ու քվեարկելու իրավունք չունի:

ԵԽԽՎ-ի նախագահի կամ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի (ԵԽՆԿ) նախաձեռնությամբ եւ իրենց փոխհամաձայնության դեպքում կարող է գումարվել ԵԽԽՎ արտահերթ նստաշրջան: Եթե այլ որոշում չի կայացվում, նստաշրջանները բաց են հանրության համար: Մինչեւ 2010-ի հունվարը վեհաժողովի նախագահն է իսպանացի Լուիս Մարիա դը Պուչը: 2008 թ. հունվարից նրա տեղակալներից մեկն է Հայաստանի պատվիրակ Դավիթ Հարությունյանը:

Վեհաժողովի նախագահն ու իր տեղակալները, ինչպես նաեւ խորհրդակցական ձայնով քաղաքական խմբերի ղեկավարները կազմում են վեհաժողովի բյուրոն: Վերջինս հաստատում է նստաշրջանների օրակարգը, հանձնաժողովների նիստերի ժամանակացույցը, կապեր է պահպանում տարբեր երկրների խորհրդարանների ու միջազգային կազմակերպությունների հետ, քննարկում է հարցեր, որոնք սկզբունքային նշանակություն ունեն ԵԽԽՎ-ի քաղաքականությունը որոշելու համար:

ԵԽԽՎ-ն քննարկում եւ ընդունում է բանաձեւեր ու ԵԽՆԿ-ին ուղղված երաշխավորություններ, եզրակացություն է տալիս Եվրոպայի խորհրդի կոնվենցիաների նախագծերի եւ Եվրոպայի խորհրդի անդամակցության հայտերի վերաբերյալ: Առանցքային նշանակություն ունեցող որոշումներն, օրինակ, իրավական փաստաթղթերի նախագծերը կամ ԵԽՆԿ-ին ուղղված երաշխավորություններն ընդունվում են որակյալ մեծամասնությամբ, ձայների 2/3-ով, մնացած դեպքերում, այդ թվումՙ բանաձեւերն ընդունելիս, պահանջվում է պարզ մեծամասնություն:

Վեհաժողովի գործառույթներից է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ու նրա 2 տեղակալների, ինչպես նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի անդամների ընտրությունը: ԵԽԽՎ-ն պարբերաբար դիտորդներ է ուղարկում տարբեր երկրներում անցկացվող ընտրություններին, անց է կացնում խորհրդաժողովներ:

Վեհաժողովի առօրյա աշխատանքն ապահովում է մշտական քարտուղարությունը, որի ղեկավարըՙ ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը (այժմՙ իսպանացի Մաթեո Սորինա Բալֆեգոն) ի պաշտոնե Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի 2 տեղակալներից մեկն է: Նա ընտրվում է ԵԽԽՎ-ի կողմից 5 տարով:

Նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում ԵԽԽՎ-ի գործառույթներն իրականացնելու համար ձեւավորվում է վեհաժողովի մշտական հանձնախումբ, որի կազմում են ԵԽԽՎ-ի բյուրոյի անդամները, ազգային պատվիրակությունների ղեկավարներն ու, ի պաշտոնե, ֆունկցիոնալ հանձնաժողովների նախագահները:

Վեհաջողովի նստաշրջանի յուրաքանչյուր մասի աշխատանքների վերջին օրն արդյունքներն ամփոփելու ու ԵԽԽՎ-ի ու ԵԽՆԿ-ի միջեւ գործունեությունը համակարգելու համար գումարվում է համատեղ կոմիտեի նիստ: Կոմիտեի կազմում են ԵԽԽՎ նախագահը, բյուրոյի անդամները, անդամ պետությունների արտգործնախարարների ներկայացուցիչները եւ մեկական խորհրդարանականՙ բյուրոյի կազմում չընդգրկված ազգային պատվիրակություններից:

Ամեն նստաշրջանի սկզբում ԵԽԽՎ-ն կազմում է հանձնաժողովներՙ համապատասխան հիմնահարցերն ուսումնասիրելու ու զեկուցում պատրաստելու համար: Դրանք ենՙ ընդլայնված միացյալ հանձնաժողովը, քաղաքական հարցերի, իրավաբանական հարցերի ու մարդու իրավունքների, տնտեսական հարցերի ու զարգացման, սոցիալական, առողջապահության ու ընտանիքի հարցերի, մշակույթի, գիտության ու կրթության, շրջակա միջավայրի, գյուղատնտեսության, տեղական տարածքային հարցերի, ընթացակարգային կանոնների անձեռնմխելիության ու ինստիտուցիոնալ հարցերի, միգրացիայի, փախստականների ու ազգաբնակչության, կնոջ ու տղամարդու հնարավորությունների հավասարության, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից պարտավորությունների կատարման (մոնիտորինգի) հանձնաժողովները:

Հանձնաժողովների մեծ մասում ընդգրկված են 82-ական պատգամավոր, բացառությամբ ընթացակարգային կանոնների ու անձեռնմխելիության հանձնաժողովի, ուր աշխատում է 52 հոգի: Հանձնաժողովները կազմավորվում են ազգային պատվիրակությունների կազմիցՙ համաչափության սկզբունքով:

Առանձնահատուկ դեր է վերապահված մոնիտորինգի հանձնաժողովին, որը կազմավորում են կուսակցական խմբերը, եւ որը դիտարկում է Եվրոպայի խորհրդին անդամակցելիս պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումը:

Բյուրոյի որոշմամբ հանձնաժողովները վեհաժողովի անդամների առաջարկած թեմաներով զեկուցումներ են պատրաստում բանաձեւերի նախագծերի տեսքով: Դրանք քննարկում են այն հարցերը, որ իրենց փոխանցում են ԵԽԽՎ-ի բյուրոն ու մշտական հանձնախումբը, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ի որոշումներից բխող ձեռնարկվող միջոցները:

ԵԽԽՎ-ն համագործակցում է Եվրոպական խորհրդարանի, ԵԱՀԿ-ի ու ՆԱՏՕ-ի խորհրդարանական, ԱՊՀ միջխորհրդարանական, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովների, առանձին երկրների խորհրդարանների հետ, քննության է առնում մի շարք միջազգային տնտեսական հաստատությունների (Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպություն, Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ ու Համաշխարհային բանկ) գործունեությունը: Վեհաժողովն ունի դիտորդի կարգավիճակ ՄԱԿ-ի համակարգի որոշ մասնագիտացված հիմնարկություններում, միջազգային ոչ կառավարական կազմակերպություններում: Պաշտոնական հարաբերություններ կան Միջխորհրդարանական միության հետ:

ԵԽԽՎ-ի պաշտոնական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը: Աշխատանքային լեզուներն են ռուսերենը, գերմաներենն ու իտալերենը:

ԵԽԽՎ նախագահ. կենսագրական

Լուիս Մարիա դը Պուչը հուլիսի 29-ին կդառնա 63 տարեկան: Նա ծնվել է Իսպանիայի Կատալոնիայի մարզի Բասկարա քաղաքում: Ուսանել է Ժիրոնի ու Բարսելոնի համալսարաններում (ուր այժմ դասավանդում է), ավարտել է Փարիզի Սորբոնի համալսարանը ընդհանուր պատմություն մասնագիտությամբ: Կոնստանցայի (Ռումինիա) համալսարանի պատվո պրոֆեսոր է:

Կատալոնիայի սոցիալիստների կուսակցության անդամ է, եղել է Ֆրանկոյի բռնատիրության դեմ պայքարած ընդհատակյա շարժման ակտիվ անդամ: Քառորդ դար (1979-2004 թթ.) եղել է Իսպանիայի խորհդարանիՙ գլխավոր կորտեսների ստորին պալատիՙ պատգամավորների կոնգրեսի անդամ, միջազգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ:

1993-97 եւ 2004-08 թթ. ղեկավարել է ԵԽԽՎ-ում Իսպանիայի խորհրդարանի պատվիրակությունը: 1993-96 թթ. ընտրվել է վեհաժողովի փոխնախագահ, 2002-05 թթ. ԵԽԽՎ-ի մշակույթի, գիտության ու կրթության հարցերի հանձնաժողովի, 2004 թ.ՙ ԵԽԽՎ սոցիալիստների խմբի նախագահ:

1995-97 թթ. եղել է Արեւմտաեվրոպական միության վեհաժողովի քաղաքական կոմիտեի, 1997-2000 թթ.ՙ այդ վեհաժողովի խորհրդի նախագահը:

2004-ին ընտրվել եւ մարտին վերընտրվել է Իսպանիայի խորհրդարանի վերին պալատիՙ Սենատի կազմում: Այս տարվա հունվարին ընտրվել է ԵԽԽՎ-ի նախագահ, եւ , ինչպես նշեցինք, այդ պաշտոնը վարելու է 2 տարի:

Արդի պատմության ու քաղաքականության հարցերին նվիրված 15 գրքի, պատմության, մշակույթի ու քաղաքականության թեմաներով բազմաթիվ այլ հրապարակումների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի 2 դուստր: Տիրապետում է անգլերենին ու ֆրանսերենին:

ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ, Ստրասբուրգ-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4