«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2008-07-22 | #140, 2008-07-23 | #141, 2008-07-24


ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՄԻ ՇԱՐՔ ՀՈՒԶՈՂ ՀԱՐՑԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀ ԴԸ ՊՈՒՉԻ ՀԵՏ

Երեկ Ազգային ժողովի քաղաքական ուժերի եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամների հետ հանդիպումներ է ունեցել ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դը Պուչը : ԱԺ լրատվական ծառայության հաղորդագրությունից պարզ է դառնում, որ հատկապես կարեւորվել է մարտի 1-2-ի իրադարձությունները քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքը. ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն այդ հանձնաժողովին վստահություն ներշնչելու առումով առանձնացրել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի առաջարկը` փաստահավաք առաքելություն ստեղծելու եւ տեղի ունեցածը քաղաքական գնահատականներից առանձնացնելու առումով, ինչն, ի դեպ, մերոնց կարծիքով կարող է անել հանձնաժողովը, իսկ հանձնակատարն առանձին խումբ ստեղծելու մասին էր խոսել: Արմեն Ռուստամյանը կարեւոր է համարել 10 զոհերի մահվան հանգամանքների լիարժեք պարզումը եւ ոստիկանների գործունեության գնահատականը: Ավետ Ադոնցը ԵԽԽՎ նստաշրջանում ընդունված ադրբեջանանպաստ բանաձեւի վրա է ուշադրություն հրավիրել, որտեղ ժողովրդավարության խնդիրներն Ադրբեջանում կապվում են նրա տարածքային ամբողջականության հարցի հետ, եւ հիշեցրել է, որ 1991-ից շրջափակված Հայաստանը նախապայմաններ չի առաջադրում ժողովրդավարություն զարգացնելու առումով, մինչդեռ ԵԽԽՎ-ն, փաստորեն, երկակի ստանդարտ է կիրառում: Իսկ Դ. Հարությունյանն էլ ավելացրել է ազգերի ինքնորոշման դրույթի մասին, եւ այն, որ Մինսկի խմբի համանախագահները երկու հիմնարար սկզբունքների հարթությունում են տեսնում լուծումները: Նրան զարմացրել է այն փաստը, որ ԵԽ պաշտոնական կայքում պարոն Պուչի Բաքու կատարած այցի վերաբերյալ հաղորդագրության մեջ ձեւակերպում կա, թե անհրաժեշտ է շտապ գտնել ԼՂ հարցի լուծումը` Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, օգտագործելով խաղաղ միջոցներ. ըստ նրա` սա վտանգում է խաղաղ բանակցությունների գործընթացը:

ԵԽԽՎ նախագահը վերահաստատել է, որ ԵԽ բանաձեւերով Հայաստանի կատարած աշխատանքին բարձր գնահատականներ է տրվել, ինչի արդյունք է հարցի քննարկումը հունվարյան նստաշրջան տեղափոխելը. ակնհայտ է` աշխատանք կատարվում է, եւ ժամանակ է պետք ավարտելու դրանք: Կալանավորված անձանց հետ կապված դը Պուչը նշել է, թե ԵԽ-ն չի կարող թույլ տալ, որ իր անդամ որեւէ երկրում մարդիկ առանց դատապարտման երկար ժամանակ գտնվեն բանտերում: Կասկածների հիմքով մարդկանց բանտում պահելը երկրի վստահելիության հարց է հարուցում` եթե հանցագործ է, պետք է դատապարտվի:

Ադրբեջան այցի հաղորդագրության հետ կապված` ԵԽԽՎ նախագահը նշեց, թե պատասխանատու է իր, եւ ոչ թե լրատվամիջոցներում իրեն վերագրված ձեւակերպումների համար, որոնք չեն համապատասխանում իրականությանը (ԵԽ պաշտոնական կա՞յքը-Մ.Խ.), նա ասել է, որ ընդունում է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը եւ ճանաչում ազգերի ինքնորոշման իրավունքը, ԼՂ հարցի լուծումն էլ տեսնում է միջազգային իրավունքի շրջանակում, բացառապես խաղաղ շրջանակում եւ պետք է սատարել Մինսկի խմբի ջանքերին:

ԵԽԽՎ նախագահը հանդիպել է նաեւ խորհրդարանական ընդդիմություն ներկայացնող «Ժառանգության» ներկայացուցիչներին, որոնք դժգոհել են 1620 բանաձեւի ընդունման եւ Հայաստանին մինչեւ հունվար ժամանակ տրամադրելու առթիվ, որով, ըստ Ստյոպա Սաֆարյանի` ԵԽԽՎ-ն պաշտպանել է իշխանությունների միակողմանի գործողությունները, իսկ Զարուհի Փոստանջյանը դա համարել է քաղաքական հայացքների համար կալանավորվածներին երկար կալանքի տակ պահելու հնարավորություն: Լարիսա Ալավերդյանը խոսել է զոհերի հարազատների եւ վիրավորների` մինչեւ այժմ տուժող չճանաչելու մասին, ինչպես նաեւ անհամաձայնություն է հայտնել ԵԽԽՎ նախագահի` ադրբեջանական տարածքների օկուպացված լինելու հայտարարությանը, առաջարկելով ուսումնասիրել մի շարք միջազգային փաստաթղթեր: Դը Պուչն ի պատասխան նկատել է, որ այլ կառույց` Մինսկի խումբն է զբաղվում ԼՂ խնդրի կարգավորմամբ, իսկ եթե հայկական կողմն ուզում է ԵԽ-ին այդ գործում ներգրավել, իրենք պատրաստ են աջակցել: ԵԽԽՎ նախագահի ադրբեջանական այցին վերստին երկուստեք անդրադարձի արդյունքում, դը Պուչն ի վերջո նշել է, թե ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են զրույցի իրենց դուր եկած մասը:

Այս բոլոր հարցերը կրկին քննարկվել են կոալիցիայի ներկայացուցիչների, մարտի 1-2-ի իրադարձությունները քննող հանձնաժողովի անդամների հետ:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4