«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2008-07-22 | #140, 2008-07-23 | #141, 2008-07-24


ՆԱՏՕ-ԱԿԱՆ ՄԱՇՎԱԾ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ

Շարունակելով Ամերիկայի արտաքին քաղաքականության եւ ՆԱՏՕ-ի ընդարձակման ծրագրերի թեման, որը քննության էր առել «Ինտերնեշնըլ հերալդ թրիբյուն» թերթն իր հուլիսի 2-ի համարում «Ռուսաստանը հակահարված է տալիս» ընդհանուր խորագրի ներքո, այսօր թարգմանաբար ներկայացնում ենք երկրորդ հոդվածը, որի հեղինակն է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ռոգոզինը:


Կոմունիզմի տապալումով վերացան Ռուսաստանի եւ Արեւմուտքի հակամարտության պատճառները: Ռուսաստանը թեւակոխեց իր հետագա զարգացման նոր` եվրոպական ժողովրդավարության շրջանը:

Շատ ոլորտներում Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությունը տվեց դրական արդյունքներ: Դա կարելի է ամրագրել Աֆղանստանում «Միջազգային անվտանգությանն օժանդակող ուժերի» բեռների փոխադրման գործում Ռուսաստանի ցուցաբերած օգնությամբ: Նաեւ ոչ ռազմական արտակարգ իրավիճակների ժամանակ համագործակցելու ծրագրերի մշակմամբ եւ ահաբեկչությունների դեմ պայքարելու համար նորանոր սարքավորումների ստեղծման գործում ամերիկացի գիտնականների հետ միասնաբար աշխատելու բարեհաջող փորձով:

Դժբախտաբար, նման ձեռքբերումները մեծապես նսեմացվում են կամ անտեսվում մի այլ հանգամանքի սրման պատճառով: Դա, անշուշտ, ՆԱՏՕ-ի ընդարձակման եւ դրան Ուկրաինայի ու Վրաստանի անդամակցության խնդիրն է: Որպես ՆԱՏՕ-ում Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչ ես առնչվում եմ այդ առթիվ նրանց տված պատճառաբանություններին եւ պետք է ասեմ, որ դրանք իրականում արդեն քարացած, դոգմատիկ, սառըպատերազմյան տրամաբանությամբ արտասանված ճոռոմաբանություններ են, որոնք սպառնում են ե՛ւ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հետագա զարգացմանը, ե՛ւ գլոբալ անվտանգության հաստատման հեռանկարներին: Դրանք նույնիսկ սպառնում են Ռուսաստանում ժողովրդավարության ամրապնդման գործընթացին: Թվարկեմ դրանք մեկառմեկ:

1. ՆԱՏՕ-ն ժողովրդավարական պետությունների միություն է, եւ ժողովրդավարական պետությունները չեն պայքարում այլ ժողովրդավարական պետությունների դեմ:

Սա ամբողջովին զուրկ է որեւէ իմաստից կամ ճշմարտությունից: ՆԱՏՕ-ն ժողովրդավարական պետությունների միություն չէ: Դա ռազմական բլոկ է: Երբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննադատության է ենթարկում իմ երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունները, նա դրանով չարաշահում է իր պաշտոնը, գերազանցում է իր լիազորությունները: Եթե մենք զուգակցենք ռուսական ժողովրդավարության վերաբերյալ նրա գնահատումները ՆԱՏՕ-ի այն թեզի հետ, որ այդ կառույցը չի պայքարում ժողովրդավարական պետությունների դեմ (այսինքն` կարելի է հասկանալ, որ պայքարում է ոչ ժողովրդավարական պետությունների դեմ), ապա ստացվում է, որ նրա խոսքերը սպառնալիք են` ուղղված Ռուսաստանին:

2. «Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ն թշնամիներ չեն, այլ գործընկերներ են», հայտարարում են նրանք: Բայց որտե՞ղ է այդ «գործընկերությունը», եթե Բուխարեստում անցյալ ապրիլին կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ անդամակցություն են խոստանում Ուկրաինային եւ Վրաստանին: Մի՞թե սա բացահայտ անհարգալից վերաբերմունք չէ գործընկերության կամ ժողովրդավարության գաղափարի հանդեպ:

Ոչ Վրաստանում, ոչ էլ Ուկրաինայում ժողովուրդն իր միասնական, անվերապահ համաձայնությունը չի տվել այդ անդամակցությանը: Վրաստանում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչները չմասնակցեցին այդ հարցի վերաբերյալ հանրաքվեին: Ինչ վերաբերում է Ուկրաինային, բնակչության միայն մեկ հինգերորդ մասն է (գլխավորապես արեւմտյան շրջաններում ապրողները) համաձայն: Հակառակ այս հանգամանքներին, «ժողովրդավարականների այդ միությունը» փորձում է քարշ տալ նրանց դեպի իր բարաքները, որպեսզի բաժանման նոր գծեր հաստատի ոչ միայն Եվրոպայի ներսում, այլեւ հարեւան երկրների միջեւ, որոնք հազարավոր տարվա ընդհանուր պատմության եզրեր ունեն միմյանց հետ:

3. «Այն երկրները, որոնք միացել են ՆԱՏՕ-ին, բարելավել են իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ», պնդում են նրանք:

Ճշմարտությունը ուղիղ հակառակն է ապացուցում: Հենց ստանում են «ակումբին» անդամակցելու իրենց «քարտը», ՆԱՏՕ-ի նորելուկները հարաբերությունների «գլոբալիզացման» մասին են խոսում: Երբ Լեհաստանը անդամակցեց եվրոպական կառույցներին, նա իր «մսի պատերազմը» Ռուսաստանի դեմ պարտադրեց նաեւ իր «գործընկերներին»: Ճիշտ է, շուկայական այս սկանդալային փորձը հաջողությամբ չպսակվեց եւ չանդրադարձավ Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների վրա, սակայն բավականաչափ ուշադրության արժանացավ: Էստոնիան, մյուս կողմից, սրբապղծեց համայնական գերեզմանը այն զինվորների, որոնք Տալլինն ազատագրել էին նացիստներից եւ ապամոնտաժեց ֆաշիզմի դեմ պայքարած զինվորների հուշարձանը: Այս բոլորը եւ արեւմտյան երկրների ոչ հստակ մոտեցումը Ռուսաստանի հանդեպ սթափեցրին Ռուսաստանում նույնիսկ ամենաարեւմտամետ քաղաքագետներին:

4. «ՆԱՏՕ-ն բաց դռների քաղաքականություն է վարում» լոզունգը նույնպես զուտ քարոզչություն է:

Ռուսաստանը չի կարող մտնել ներս այս դռներից, մի բան, որ կարող են անել, օրինակ, Ալբանիան կան Խորվաթիան: Սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի ընդարձակումը նսեմացնում է եվրոպական հին ժողովրդավարական երկրների քաղաքական կշիռը ի նպաստ Միացյալ Նահանգների:

Ինչ վերաբերում է Լեհաստանում եւ Չեխիայում ռազմավարական պաշտպանական հրթիռներ տեղակայելու ամերիկյան ծրագրերին, դարձյալ մեզ փորձում են համոզել, որ «Ռուսաստանը մեր թշնամին չէ», եւ որ այդ բոլորը արվում է, որպեսզի «պաշտպանեն բոլորիս Իրանի վատ տղաներից, որոնք սպառնում են Ամերիկայում եւ Իսրայելում ապրող լավ տղաներին»:

Իրականում արտաքին թշնամին ամրապնդում է ներքին ընդդիմադիրներին: Որպես խորհրդային վարչակարգի տակ ապրած մարդ, կարող եմ հաստատել, որ եթե սառը պատերազմը չլիներ, ժողովրդավարությունը տասնամյակներ առաջ մուտք կգործեր Խորհրդային Միություն:

Երկրորդ, Լեհաստանից եւ Չեխիայից Իրանի միջուկային ծրագրերը կասեցնելու պատճառաբանությունները պարզապես անեկդոտային են հնչում: Եթե նույնիսկ Իրանն ի վիճակի է ստեղծելու այդ հրթիռները, առավել նպատակահարմար եւ տրամաբանական չէ՞ր լինի պաշտպանական այդ կառույցները տեղակայել Թուրքիայում, Բուլղարիայում կամ Իրաքում: Բայց ոչ, Վաշինգտոնը պնդում է իր վարկածը, եւ դա մեզ առավել ամուր հիմքեր է տալիս եզրակացնելու, որ նա ամբողջ ճշմարտությունը չի ասում մեզ:

Հետ վերցնենք այն հայտարարությունները, թե իբր Ռուսաստանն ավելի «ագրեսիվ» է դառնում: Ի՞նչ է, Մյունխենում Պուտինի ելույթի բովանդակությունը նորությո՞ւն էր: Ո՞վ չգիտի, որ ՆԱՏՕ-ն ընդարձակվում է, տեղակայում նոր ռազմական բազաներ եւ բաժանման գծեր սահմանում Եվրոպայում: Գաղտնի՞ք է, որ ՆԱՏՕ-ն մարտահրավերներ է նետում ինչպես ՄԱԿ-ին, այնպես էլ միջազգային օրենքի դրույթներին:

Պուտինը պարզապես այդ բոլորի մասին խոսեց անկեղծորեն, ինչպես սազական էր մի առաջնորդի, որն իր գործընկերներին էր ներկայացնում իր մտահոգությունները, պահանջելով նրանցից հասկանալ դրանք:

Մենք նաեւ դժվարանում ենք հասկանալ, թե ինչն է մղում Մ. Նահանգներին բաժանելու Սերբիան եւ ստեղծելու «կրիմինալ մի պետություն»: ՄԱԿ-ի տվյալներով, Եվրոպայում սպառվող հերոինի 75 տոկոսը Կոսովոյից է անցնում:

Որտե՞ղ է այս բոլորի մեջ Ռուսաստանի «ագրեսիվությունը»ՙ որ փորձում է համոզել իր գործընկերներին սխալ չգործե՞լ կամ ապացուցել, որ անիմա՞ստ է «Ռուսաստանին մեկուսացնելը», թե՞ այն, որ ՆԱՏՕ-ի ընդարձակումը չի կարող լուծել եվրոպական անվտանգության կուտակված խնդիրները: Ընդհակառակը, դա միայն անվտանգության «պատրանք» է ստեղծում, առավել խոցելի դարձնելով մայր ցամաքը ահաբեկչության, կրոնական ծայրահեղության եւ ապօրինի միգրացիայի լուրջ խնդիրների առաջ:

Այս սպառնալիքները նոր մոտեցում եմ պահանջում Ռուսաստան-ՆԱՏՕ փոխհարաբերություններում: Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ճիշտ բնութագրեց այդ «գործընկերությունը»` որպես «Վանկուվերից Վլադիվոստոկ` ամբողջ Եվրոպայի եւ Ատլանտյան տարածաշրջանի միություն»:

Գլոբալ անվտանգության հիմքում ընկած են Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները: Այդ հարաբերությունների բարելավման նախապայմանը ԱՄՆ քաղաքականության վերանայումն է:

Ռուսաստանն ու Եվրոպան միասնական անցյալ են ունեցել, միասնական արժեքներ են կարեւորում:

Մեր ապագան էլ միասնական կլինի, եթե մենք կարողանանք այն կառուցել վստահության եւ իրական գործընկերության ոգով, փոխադարձ հարգանքի հիման վրա:

Ինչ վերաբերում է քարոզչական կմախքատիպ հասկացություններին, անհրաժեշտ է դրանք փակել սառը պատերազմի մաշված պահարանում:

Թարգմ. Հ. ԾՈԻԼԻԿՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4