Արմեն Ռուստամյանը ներկայացրեց Դաշնակցության ծրագրերը
Հետընտրական զարգացումների ու Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակը գնահատելու եւ անհրաժեշտ լուծումներ գտնելու նպատակով օրերս ՀՅԴ գերագույն մարմինը նախատեսված ժամանակից շուտ Վանաձորում ժողով էր հրավիրել, որտեղ ընդունած որոշումներն ու Դաշնակցության գալիք երկու տարվա ծրագրերը երեկ ՄԱԱ-ում ներկայացրեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը : Վերջինս ելույթը սկսեց երկրում ստեղծված իրավիճակի բուն պատճառները ներկայացնելով:
«Հասարակական ճգնաժամի սրման կարեւորագույն բաղադրիչը հետընտրական լարվածությունն է, որի շուրջը բազմաթիվ քննարկումներ են ընթացել: Անհրաժեշտություն կա, որ ստեղծված հանձնաժողովը ջանքեր գործադրի, որ իր վերջնական եզրակացությունը հասարակության համար ընդունելի լինի եւ վստահություն առաջանա իր աշխատանքների նկատմամբ: Շատ կարեւոր է, որ նրանք հետամուտ լինեն մարտյան դեպքերի ամբողջական բացահայտմանը»:
Երկխոսություն ընդդիմության հետ
Ըստ Արմեն Ռուստամյանի, երկրում առկա կառուցողական երկխոսության բացակայությունը նույնպես նպաստում է հասարակական ճգնաժամի խորացմանը: Բանախոսը նշում է, որ ստեղծված պայմաններում պետք է շարժվել ընդհանուրի տրամադրությամբ:
«Ներքաղաքական, ներհասարակական առումով պետք է ժողովրդավարական փոփոխություններ իրականացնենք` միաժամանակ պահելով երկրի անվտանգությունը, ներքաղաքական կայունությունը: Դա հնարավոր է իրականացնել միայն երկխոսության միջոցով, որն էլ կհաստատի ժողովրդավարական կայունությունը»:
Ինչ վերաբերում է իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը, Ռուստամյանը հավելեց. «Իշխանությունները հնարավորության սահմաններում ամեն ինչ անում են, որպեսզի տեղի ունենա երկխոսություն: Սակայն ընդդիմությունն անընդհատ մերժում է ընդհանուր եզրեր գտնելու իշխանության ցանկությունը: Նեղ կուսակցական շահերը չեն կարող նպաստել երկրի զարգացմանն ու երկխոսության առաջացմանը, որի հնարավորություններն այսօր ունենք: 1609 եւ 1620 բանաձեւերը ճանապարհային քարտեզներ են, որոնք կարագացնեն ժողովրդավարության կարգավորումը, կհաղթահարեն հետընտրական ճգնաժամը: Վա՞տ կլինի, որ իրականացնենք 1620 բանաձեւի պահանջներն ու հունվարին հայտարարվի, որ Հայաստանը կատարել է արծարծված հարցերը»:
Կոալիցիա
«Կոալիցիոն համագործակցության մակարդակից գոհ ենք: Այս հարցադրումը կատարել ենք ԳՄ-ի ժողովի ժամանակ, քննարկել` համոզվելով, որ կոալիցիային միանալու Դաշնակցության որոշումը արդարացված է: Ստեղծված իրավիճակում դա լավագույն լուծումն էր: Փոփոխություններ կատարելու եւ միաժամանակ կայունությունը պահպանելու առումով ընկալում եւ հասկացողություն գտանք կոալիցիա ձեւավորած գործընկերների մեջ: Մյուս կողմը «պայքար-պայքարը» ինքնանպատակ դարձնելով, եղածն էլ կարող է կորցնել»: Սա թերեւս փաստում է այն ասեկոսեների ստահոդ լինելը, թե Դաշնակցությունը միանում է ընդդիմությանը:
Հայ-թուրքական հարաբերություն
Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված ՀՅԴ-ն մի շարք սկզբունքներ է որդեգրել: «Հայաստանի համար անընդունելի է Թուրքիայի ներկայացրած նախապայմանների բովանդակությունը, որն ավելի շատ նման է վերջնագրի: Իսկ վերջնագրով խոսում են հակամարտող կողմի հետ: Ցեղասպանությունը չպետք է դառնա սակարկության առարկա: Այն անցյալի հիշողություն չէ, որ համարենք պատմաբանների խնդիր: Պետք է ստեղծել միջկառավարական հանձնաժողով եւ բարձր մակարդակներում քննարկել խոչընդոտներն ու դրանց լուծման ուղիներ որոնել»: Ինչ վերաբերում է Աբդուլլահ Գյուլի հնարավոր Հայաստան այցելությանը` Արմեն Ռուստամյանի կարծիքը համընկնում է Ռոբերտ Քոչարյանի տեսակետի հետ: Սակայն, եթե Գյուլը ժամանի Հայաստան, դաշնակցականները «քաղաքակիրթ» կերպով կարտահայտեն իրենց տեսակետները ցեղասպանության ճանաչման ու Թուրքիայի առաջադրած նախապայմանների վերաբերյալ: «Հանգիստ ու քաղաքակիրթ պայմաններում կներկայացնենք մեր պահանջները` ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ չեզոք դիրք գրավել ԼՂՀ-ի հետ Ադրբեջանի հարցերի կարգավորման գործում»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ