Գլխավոր դատախազի մամուլի ծառայությունից հաղորդում են, որ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Շ. Տիգրանյանի թույլտվությամբ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արարատ Զուրաբյանը տեղափոխվել է քաղաքացիական բժշկական հաստատությունՙ հետազոտության: Հաղորդվում է, որ Ա. Զուրաբյանը գանգատվել է ուժեղ գլխացավերից, օդի անբավարարությունից, սրտի շրջանում սեղմող ցավերից եւ գտնվել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի բժիշկների հսկողության ներքո: Ա. Զուրաբյանի առողջական վիճակին ծանոթանալու համար գլխավոր դատախազի ցուցումով նրան է այցելել գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Շ. Տիգրանյանը, նա ենթարկվել է հետազոտման եւ, տրամադրված բժշկական տեղեկանքի համաձայն, ախտորոշվել է սրտի իշեմիկ հիվանդություն: Բժիշկների հավաստմամբ, Ա. Զուրաբյանը կարիք ունի ստացիոնար հետազոտության, ուստի նա տեղափոխվել է Լ. Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ: