«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2008-07-22 | #140, 2008-07-23 | #141, 2008-07-24


ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ «ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ»

Այս տարվա հունիսի 15-ին մեկնարկած Ամերիկայի հայկական համագումարի «Ամառային ուսանողական ծրագիրը» հաջողությամբ շարունակվում է իրականացվել Երեւանում: Ըստ կազմակերպության հաղորդագրության, 8 մասնակիցներ, բացի համապատասխան հաստատություններում իրենց ձեռք բերած աշխատանքային փորձառությունից, արդեն հասցրել են նաեւ վայելել հայրենի տեսարժան վայրերի անժխտելի գեղեցկությունըՙ լինելով Լոռիում, Սեւանում, Հաղարծինում, Նորավանքում, Խոր Վիրապում, Սարդարապատում եւ Սբ. Էջմիածնում: Առջեւում Լեռնային Ղարաբաղ այցելությունն է եւ հանդիպումն այնտեղ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի հետ:

Մասնակիցները Մ. Նահանգների տարբեր վայրերից են: Մայքլ Մորելն ու Սարգիս Պալխյանը Մասաչուսեթսից են, Տատյանա Կյումուշճյանըՙ Նյու Յորքից, Ալեքսանդր Խրլոպյանըՙ Նյու Ջերսիից, Ալին Մնայանըՙ Կալիֆոռնիայից, Ցոլինե Ավետիսյանըՙ Փենսիլվանիայից, Զավեն Սարգսյանըՙ Յուտայից, իսկ Լիանա Մայիլյանըՙ Տեխասից: Նրանք իրենց աշխատանքային փորձառությունն անցկացնում են Հայաստանի ազգային մրցունակության խորհրդում, «Նեշընըլ Ջեոգրաֆիգ Թրավելըր-Արմենիա» հանդեսի խմբագրությունում, Ազգային եւ միջազգային ուսումնասիրությունների հայկական կենտրոնում, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, Ծիծեռնակաբերդի ցեղասպանության թանգարան-ինստիտուտում եւ երկուՙ կրթության ու ֆինանսների նախարարություններում:

Տպավորությունները գերազանցում են սպասելիքները: «Հայաստանը գեղեցիկ երկիր է, հարուստ մշակույթով: Ամեն ոք էլ կարող է հիանալ նրա ջերմ մթնոլորտով, համեղ ուտելիքներով եւ կյանքի խաղաղ ընթացքով: Հայկական համագումարի ընձեռած այս հնարավորությունն անգնահատելի է», խոստովանում է Խրլոպյանը:

«Չափազանց հետաքրքրական է լինել մասնիկը հայ աշխատավոր ժողովրդի: Հաճելի ժամանակ եմ անցկացնում ինչպես աշխատավայրում, այնպես էլ տեսարժան վայրերում ման գալով» ավելացնում էՄայիլյանը:

«Ծրագիրն իրոք հագեցած է եւ Հայաստանում մնալու երկու ամիսներն իրոք եզակի հնարավորություն է տալիս սփյուռքահայ երիտասարդներին ճանաչելու ինչպես իրենց հայրենիքը, այնպես էլ իրենք իրենց: Հայրենական գիտելիքներով եւ տպավորություններով հարստացած նրանք վերադառնում են ծառայելու իրենց համապատասխան համայնքներում», մեկնաբանում է Հայկական համագումարի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը :

«Ամառային ուսանողական ծրագրին», որն սկիզբ էր առել 1999-ին, ցարդ մասնակցել են 49 սփյուռքահայ երիտասարդներ:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4