«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2008-07-22 | #140, 2008-07-23 | #141, 2008-07-24


ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՀԱՄՇԵՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Ոգու եւ գիտակցության հայրենադարձություն

Համշենահայերի կամ համշենցիների մշակութային առանձնահատկություններին էր նվիրված գիտաժողովը, որ երեկ կայացավ «Կոնգրես» հյուրանոցում: Այն մասնակիցներին նորանոր գիտելիքներով զինեց հայկականությունը պահպանած մեր արյունակիցների երգ ու պարի, բարբռային հարստության ու ճարտարապետության առանձնահատկությունների մասին: Գիտաժողովը զարմանալիորեն հուզիչ երանգներ ստացավ, երբ համշենահայ բառուբանից հետո մասնագետները սկսեցին իրենց գիտելիքները փոխանցել համշենցիների երաժշտական ու պարարվեստի մշակույթի մասին: Մասնավորապես, բուռն ծափահարություններով ընդունվեց «Ծափիկ պարը», որ կատարեցին «Կարին» ազգագրական խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը եւ երկու այլ պարողներ:

  Ռոբերտ Թաթոյանը գիտաժողովը կազմակերպող «Երկիր» միության ծրագրերի համակարգողն է: Նա իրենց միության հիմնական նպատակներից մեկը` հայրենադարձությունը, բնորոշում է «ոչ միայն մարդկանց ֆիզիկական վերադարձ, այլեւ գիտակցության, ոգու հայրենադարձություն», որն, ի դեպ, հայաստանաբնակներիս էլ է վերաբերում: «Համշենահայերն իրենց արմատներն են փնտրում եւ մեր միջոցառումն այդ փնտրտուքն արդյունավորելու տարբերակներից մեկն է», ասաց Ռ. Թաթոյանը:

  Ռուբեն Մելքոնյանը , որ ԵՊՀ թուրքագիտության ավագ դասախոս է եւ «Նորավանք» հիմնադրամի ծրագրերի ղեկավար, նշեց. «Թուրքիայում բնակվող հայերի եւ ազգային փոքրամասնությունների ազգային ինքնության ճանաչման աշխատանքները վերջին ժամանակներս ակտիվացել են, եւ դա մեր գիտական հետաքրքրությունների շրջանակներում է: Համշենցիների եւ հայերի մշակութային ընդհանրությունները շատ մասնագետներ են նշում: Այդ առումով շատ կարեւոր են նման շփումներն իսլամ ընդունած համշենահայերի եւ հայաստանցի հայերի միջեւ, որն անվտանգ թեմա է նրանց հետագա կեցության համար Թուրքիայում: Մենք ունենք նաեւ բազմաթիվ ակնհայտ տարբերություններ, եւ դա պայմանավորված է համշենցիների դարեր շարունակ մեկուսի ապրելով, պարտադրված իսլամ ընդունելով, հանգամանքով, որ համշենահայերը ապրում են թուրքական միջավայրում, որը շատ մեծ ազդեցություն է թողել նրանց լեզվի, մշակույթի ու կենցաղի վրա, ասաց Ռ. Մելքոնյանը «Ազգի» հետ առանձնազրույցում: Ես ուզում եմ մեկ անգամ էլ շեշտել, պետք է գիտակցել, որ տարբեր պատմական դեպքերի հետեւանքով ներկայումս ունենք հայկական ծագում ունեցողների մի շերտ, որոնք կենցաղով, մշակույթով, երբեմն կրոնով, լեզվով մեզնից տարբեր են, բայց ճիշտ չի լինի նրանց բացառել եւ անտեսել: Իսկ որ կա այդպիսի միտում, ակնառու է: Ասողները որոշակի հիմքով պատճառաբանում են, որ նրանք իսլամ են ընդունել, հայախոս չեն եւ այլն, բայց կարծում եմ, որ պետք է ավելի ընդգծել ընդհանրությունները, եւ ապա գիտական ուսումնասիրություններից հետո հետեւություններ անել: Իսկ մերժողականությունը ես համարում եմ ինքնության ճգնաժամ, երբ շատ մարդիկ կասկածում են իրենց էթնիկ պատկանելությանը եւ այդ կասկածները ունենում են տարբեր դրսեւորումներ», նշեց զրուցակիցս:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4