Հռոմ, 1960, 17-րդ ամառային օլիմպիադա
Համաշխարհային սպորտի հերթական ստուգատեսի մայրաքաղաք էր ընտրվել Հռոմը, որտեղ 1960-ի օգոստոսի 25-ից սեպտեմբերի 11-ը 84 երկրներից ժամանած 5396 մարզիկներ օլիմպիական ծրագրի 20 մրցաձեւում խաղարկեցին մեդալների 151 հավաքածու: Հռոմի օլիմպիական խաղերն աչքի ընկան աննախադեպ բարձր արդյունքներով. սահմանվեց օլիմպիական 70 ռեկորդ, այդ թվումՙ 30 համաշխարհային: Խաղերի հերոսներ դարձան ամերիկացի վազորդուհի Վիլմա Ռուդոլֆը եւ խորհրդային ծանրորդ Յուրի Վլասովը, որոնք նվաճեցին 3-ական ոսկե մեդալ: Ռուս ծանրորդը օլիմպիական ռեկորդներ սահմանեց բոլոր 3 վարժություններում:
Կրկին անվիճելի էր խորհրդային մարզիկների առավելությունը, որոնք նվաճելով 43 ոսկե, 29 արծաթե եւ 31 բրոնզե մեդալ, ոչ պաշտոնական թիմային հաշվարկով գրավեցին առաջին տեղը: Խորհրդային թիմի կազմում օլիմպիադայում հանդես եկան Հայաստանի 5 մարզիկներՙ մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը, հնգամարտիկ Իգոր Նովիկովը, բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը, սուսերամարտիկ Վալենտին Չեռնիկովը եւ թեթեւատլետ Ալեքսեյ Կոնովը: Ըմբշամարտի հավաքականում որպես պահեստային էր նշված Նորայր Մուշեղյանը, սակայն նրան բախտ չվիճակվեց մրցագորգ դուրս գալ:
Օղակների արքան անգերազանցելի է
Ալբերտ Ազարյանիՙ օլիմպիական բարձունքի երկրորդ գրոհն էլ պսակվեց հաջողությամբ: Ինչպես եւ Մելբուռնում, Հռոմում էլ Ազարյանն անգերազանցելի էր օղակների վրա վարժություններում: Թիմային պայքարում կրկին հիմնական մրցավեճը ծավալվեց խորհրդային եւ ճապոնացի մարմնամարզիկների միջեւ: Խաղարկվող 22 մեդալներից 10-ը բաժին հասավ խորհրդային մարզիկներին, որոնք թիմային հաշվարկով ի վերջո գրավեցին 2-րդ տեղը: Ալբերտ Ազարյանը, Բորիս Շախլինը, Յուրի Տիտովն ու նրանց երիտասարդ թիմակիցները իրենց վարպետությամբ հիացրին մարզասերներին: Մարզասրահի տրիբունաներում տեղ զբաղեցրած մարմնամարզության սիրահարները սեպտեմբերի 10-ին եզակի հնարավորություն ունեցան անձամբ տեսնելու «ազարյանական խաչը», ինչն արժանացավ նրանց բուռն ծափահարություններինՙ մարզիկին պարգեւելով չեմպիոնի ոսկե մեդալ: Այսպիսով, Ալբերտ Ազարյանը դարձավ օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնՙ արծաթե մեդալ նվաճելով թիմային պայքարում:
Հնգամարտի ասպետի 3-րդ արշավանքը
Օլիմպիադայի մասնակից խորհրդային հավաքականի կազմում Իգոր Նովիկովն ամենատիտղոսակիր ու փորձառու մարզիկներից մեկն էր: 31-ամյա անվանի մարզիկն արդեն 3-րդ անգամ էր մեկնարկում օլիմպիական խաղերում: Մելբուռնում նա իր թիմակիցների հետ արժանացել էր չեմպիոնի կոչմանը: Բացի այդ, նրա մեդալների հարուստ հավաքածուում տեղ էին գտել աշխարհի 3 առաջնությունների ոսկե մեդալները թիմային հաղթանակի համար, աշխարհի 1957-ի առաջնության անհատական պայքարում նվաճած ոսկե մեդալը: Նովիկովը նաեւ ԽՍՀՄ քառակի չեմպիոն էր, ԽՍՀՄ ժողովուրդների Սպարտակիադայի կրկնակի հաղթող, միջազգային մի շարք մրցաշարերի մրցանակակիր:
Հռոմում Նովիկովն իր երիտասարդ թիմակիցներ Տատարինովի ու Սելգի հետ պետք է պայքարեր Մելբուռնում նվաճած դիրքերը պահպանելու համար: Դա այնքան էլ հեշտ գործ չէր, քանի որ հանձինս Հունգարիայի ու ԱՄՆ-ի հնգամարտիկների նրանք գործ ունեին բավական ուժեղ մրցակիցների հետ:
Ինչպես միշտ, հնգամարտի մրցումները սկսվեցին ձիարշավով: 4,5 կմ ուղեգծում 25 արգելք էր դրված, որոնք անհրաժեշտ էր անսխալ հաղթահարել: Մեկնարկի էին դուրս եկել 23 երկրների 60 մարզիկներ: Հաղթող ճանաչվեցին մեքսիկացիները, որոնք 3393 միավորով գլխավորեցին աղյուսակը: Խորհրդային թիմը 3087 միավորով 6-րդն էր: Սուսերամարտի մրցումներն առանձնապես չազդեցին ընդհանուր արդյունքների վրա: ԽՍՀՄ հավաքականը մեկ աստիճանով վեր բարձրացավ, իսկ առաջատարի դերը ստանձնեցին հունգարացիները: Հաջորդ երկու մրցաձեւերն էլ խորհրդային հնգամարտիկներին հնարավորություն չտվեցին վեր բարձրանալ. նրանք բավարարվեցին 4-րդ տեղով: Անհատական հաշվարկով առաջին տեղում էր ընթանում ամերիկացի Բեկը, իսկ Նովիկովը 9-րդն էր: Եվ կրկին, ինչպես եւ Մելբուռնում, ամեն ինչ վճռելու էր կրոսավազքը: Սակայն, եթե Ավստրալիայում ԽՍՀՄ հավաքականին հաջողվեց հաղթող դառնալ, ապա Հռոմում ստիպված էր բավարարվել արծաթե մեդալովՙ օլիմպիական ոսկին զիջելով հունգարացիներին: Բրոնզը բաժին հասավ ամերիկացիներին: Անհատական պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացավ հունգարացի Ֆերենց Նեմեթը: Իգոր Նովիկովը 5-րդն էր:
Բրոնզե պարգեւ երկրորդ փորձից
Վալենտին Չեռնիկովի համար երկրորդ օլիմպիադան ավելի հաջող էր: Նա սուսերամարտի ԽՍՀՄ հավաքականի կազմում արժանացավ բրոնզե մեդալիՙ թիմային պայքարում 3-րդ տեղը գրավելու համար: Չնայած երիտասարդ տարիքին, 23-ամյա Վալենտինն արդեն բազմափորձ սուսերամարտիկ էր, մի շարք մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր: 1957-ին մասնակցելով Կարլովե Վարիի միջազգային մրցաշարին, նա դարձել էր հաղթող, իսկ հաջորդ տարի Բուխարեստում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում նվաճել էր չեմպիոնի տիտղոսը: Նույն տարում նա նվաճել էր նաեւ սուսերամարտի ԽՍՀՄ գավաթը:
1957—60-ին նա ԽՍՀՄ առաջնություններում անհատական հաշվարկում արժանացել էր արծաթե մեդալների: 1960-ին, մինչ օլիմպիադան, նա մասնակցել էր Լոնդոնում անցկացված «Մարտինիի գավաթի» խաղարկությանը, որտեղ զբաղեցրել էր 2-րդ տեղը: Եվ ահա Հռոմում Չեռնիկովի մեդալների հավաքածուն համալրվեց եւս մեկով: Իսկ մեկ տարի անց նա թիմային հաշվարկով դարձավ աշխարհի չեմպիոն:
Վնասվածքը խանգարեց
Վլադիմիր Ենգիբարյանի համար Հռոմի օլիմպիադան եւս երկրորդն էր: Մելբուռնյան օլիմպիադայից հետո ընկած ժամանակահատվածում ռինգի անվանի վարպետն օլիմպիական ու աշխարհի չեմպիոնների կոչումներին ավելացրեց եւս երեքը: 1957 եւ 1959-ին նա ուժեղագույնը ճանաչվեց Եվրոպայումՙ դառնալով մայրցամաքի եռակի չեմպիոն, իսկ 1958-ին նվաճեց ԽՍՀՄ չեմպիոնի կոչումըՙ արժանանալով իր 3-րդ ոսկե մեդալին: Ցավոք, վնասվածքի պատճառով Ենգիբարյանին չհաջողվեց կրկնել մելբուռնյան օլիմպիադայի հաջողությունը:
Ենգիբարյանի առաջին մրցակիցը գերմանացի Բուսեն էր: Մեր մարզիկն անվիճելի առավելության հասավ մրցակցի նկատմամբՙ նրան հաղթելով առաջին իսկ ռաունդում: Հաջորդ հանդիպումը հարավաֆրիկացի Լուդիկի հետ ավելի համառ բնույթ կրեց: Մրցակիցը բարձրահասակ էր ու նույնպես ձախլիկ եւ հեշտ չէր նրան հարվածներ հասցնելը: Հարվածներից մեկի ժամանակ Ենգիբարյանն ուսագոտում սուր ցավ զգաց: Հայ բռնցքամարտիկի համար հեշտ չէր նման պայմաններում մենամարտելը, սակայն նա իր մեջ ուժ գտավ հանդիպումը հաղթական ավարտի հասցնելու: Ինչպես պարզվեց մենամարտից հետո, Ենգիբարյանը ուսամկանի լուրջ վնասվածք էր ստացել, ինչն էլ ի վերջո, ճակատագրական եղավ: Քառորդ եզրափակիչում նա զիջեց լեհ Կասպշիկին ու դուրս մնաց մեդալների համար մղվող պայքարից:
Թեթեւ ատլետիկայի ԽՍՀՄ անհատական առաջնությունում ցույց տված բարձր արդյունքները Ալեքսեյ Կոնովին հնարավորություն ընձեռեցին ընդգրկվելու երկրի հավաքականում եւ մեկնելու Հռոմ: Եվ օլիմպիադայի նորեկն իրեն վատ չդրսեւորեց: Նախնական վազքահերթում ցույց տալով 8 րոպե 50 վրկ արդյունք, Կոնովը մտավ եզրափակիչ փուլ: Այստեղ ուժեղագույնների հետ մրցավեճում Կոնովը նույնիսկ մոտ 4 շրջան ընթանում էր առջեւից, սակայն հետագայում չկարողացավ մինչեւ վերջ պահպանել իր իսկ կողմից առաջադրած բարձր տեմպը եւ 3000 մ արգելավազքն ավարտեց 8-րդը (9 րոպե 18,2 վրկ):
Այսպիսով, Հռոմի օլիմպիադայում Հայաստանի պատվիրակները նվաճեցին 1 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ: Իսկ հայրենիքում նրանց սպասում էին կառավարական պարգեւները: Աշխարհի եւ օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ, փառաբանված մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը պարգեւատրվեց «Պատվո նշան» շքանշանով: «Աշխատանքային արիության համար» մեդալով պարգեւատրվեց աշխարհի եռակի չեմպիոն, թիմային հաշվարկով օլիմպիական չեմպիոն եւ արծաթե մեդալակիր, երեք օլիմպիադաների մասնակից, սպորտի վաստակավոր վարպետ Իգոր Նովիկովը: Իսկ Վալենտին Չեռնիկովն արժանացավ «Աշխատանքային գերազանցության համար» մեդալի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ