Ջավախքում իրավիճակին արձագանքում են «չեմ տեսնում, չեմ լսում» մոտեցմամբ
Թերեւս վաղուց ժամանակն է, որ Ջավախքում տեղի ունեցող որեւէ երեւույթի, իրադարձության, միջադեպի առնչությամբ անարձագանք վիճակը սովորական դարձած լիներ: Բայց եւ այնպես, նման իրավիճակում, երբ Ջավախքում տեղի են ունենում սպանություններ, ձերբակալվում են երիտասարդական շարժման ակտիվիստներն ու նրանց հարազատները, ոչ միայն անհասկանալի, այլեւ ընդունելի չէ ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի իշխանությունների լռությունը:
«Ազգը» տեղեկացրել է Ջավախքում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին: Նշենք, որ արդեն գործում է «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի ստեղծած «Ի պաշտպանություն Վահագն Չախալյանի եւ նրա հարազատների» հասարակական հանձնախումբը: Ըստ դաշինքի հաղորդագրության, Վահագն Չախալյանի եւ նրա հոր ու անչափահաս եղբոր ձերբակալությամբ հանձնախումբը վրդովմունք է հայտնել` ընդգծելով, որ այդ ամենը տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտումներով, ձերբակալություններից մի քանի ժամ անց Ախալցխա եւ ապա Թբիլիսի տեղափոխելու հանգամանքով:
Հանձնախումբը հայտարարել է, որ վճռականորեն պայքարելու է Չախալյանի եւ նրա հարազատների դեմ քրեական գործ հարուցած վրացական իշխանությունների եւ Ջավախքում հակահայ գործողություններ իրականացնողների ուժային ճնշումներին վերջ տալու համար: Հաղորդվում է, որ Չախալյաններին ձերբակալելուց հետո կալանավորվել են դաշինքի 5 անդամներ, որոնց մի մասին հետո ազատ են արձակել, բացառությամբ Արամ Բատոյանի:
Առավել հետաքրքրական է, որ վրացական իշխանություններն առերեւույթ որեւէ կերպ չեն արձագանքում տեղի ունեցածին, ու Ջավախքում սպանությունների ու ձերբակալությունների մասին վրացական հեռուստաընկերությունները լռում են, որոնք, ի տարբերություն հայկականների, մշտապես եւ ամեն ինչում արձագանքելու ինչ-որ բան գտնում են: Իսկ, քանի որ հարեւան Վրաստանում հեռուստաընկերոթյուններն ընդդիմադիր կեցվածք ունենալուց բավականին հեռացել են, ապա կարելի է ենթադրել, որ ջավախքյան իրադարձությունների մասին բարձրաձայնելուց առնվազն խուսափում են հենց վրացական իշխանությունները:
Մյուս կողմից, ինչպես ասում են ռուսները (որ, ի դեպ, ամենայն հավանականությամբ անմասն չեն Ջավախքում տեղի ունեցող իրադարձությունների խորքում որեւէ մասնակցությամբ միջամտելու գայթակղությունից), մենք էլ լավն ենք, տվյալ դեպքում նկատի ունենալով հայաստանյան իշխանություններին: Այս կողմից, եթե կարելի է այդպես արտահայտվել, եւս ոչ մի արձագանք չի հնչում, իսկ ավելի հաճախ հնչած արձագանքն էլ մեղադրականի նման է բարձրաձայնվում:
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի ակտիվիստները ձերբակալվել ու տեղափոխվել էին Ախալցխա, հուլիսի 17-ին Ախալքալաքում շուրջ երկու տասնյակ մարդկանց ոստիկանություն բերման ենթարկելուց հետո` մինչ այդ շրջանի ոստիկանապետի տնից ոչ շատ հեռու տեղի ունեցած պայթյունի առնչությամբ:
Ոստիկանները հուլիսի 17-ի գիշերը, ի թիվս այլ խուզարկությունների, մտել էին նաեւ «Միասնական Ջավախք» կազմակերպության երիտասարդ գործիչ Գուրգեն Շիրինյանի բնակարան: Շիրինյանը փախուստի էր դիմել, որից հետո լուր էր տարածվել, թե փախուստի ընթացքում վիրավորվել է մի ոստիկան, որն էլ ավելի ուշ մահացել էր: «Ազգի» տեղեկություններով, ոստիկանը` 23-ամյա Արթուր Բերուջանյանը Շիրինյանի տուն մտնելիս զինված չէր եղել:
Պատմության շարունակությունն առավել անհասկանալի է դարձրել տեղի ունեցածը: Հուլիսի 20-ին կրկին լուր տարածվեց, թե եւս մեկ ոստիկան է մահացել` 28-ամյա սպա Արմեն Գաբրիելյանը: Որքան էլ տարօրինակ է, սկզբնական վարկածը ինքնասպանությունն էր, այն էլ Ախալքալաքի բերդի հարեւանությամբ գտնվող ձորում, որտեղ որոնումներ էր իրականացրել հենց ոստիկանությունը: Ախալցխայի ոստիկանություն էր տարվել նաեւ «Միասնական Ջավախք» կազմակերպության ղեկավար Վահագն Չախալյանը իր ընտանիքի հետ` կազմակերպության գրասենյակում զենք ու զինամթերք հայտնաբերելու հանգամանքով, մինչդեռ անտրամաբանական է, որ մի քանի օր առաջ խուզարկված գրասենյակում ոչինչ չգտնելուց հետո չգիտես ինչու եւ որտեղից զենք էր հայտնվել:
Արդեն իսկ տեղի են ունեցել երկու հայ ոստիկանների հուղարկավորության արարողությունները, իսկ վրացական իշխանությունները շարունակում են լռություն պահպանել: Եթե այդ լռության նպատակը աբխազական ու հարավօսական նշանակալի խնդիրներին թեկուզ մի փոքր, բայց նոր որակի խնդիր գումարված չտեսնելու ցանկությունն է, ապա վրաց իշխանությունները հենց այդ լռությամբ էլ այն կունենան, քանի որ Վրաստանի հայաբնակ տարածաշրջանում մարդիկ կարող են ինքնուրույն փորձել լուծել առաջացած խնդիրները, իսկ ներկա դրությամբ անիմաստ ձերբակալությունների ֆոնին դա կարող է վատ հետեւանքներ ունենալ:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ