«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2008-07-23 | #141, 2008-07-24 | #142, 2008-07-25


700 ՀԶ. ԴՈԼԱՐԱՆՈՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ

Արտադրանքի վաճառքի 24 տոկոս աճ է գրանցել Երեւանի կոնյակի գործարանը 2007-2008 թթ. ֆինանսական տարում` այդ ցուցանիշը հասցնելով 4,2 մլն լիտրի եւ հատկապես վաճառքի ծավալների տպավորիչ աճ արձանագրելով Ռուսաստանում (29%), Ուկրաինայում (26%), բալթյան երկրներում (55%), Ղազախստանում եւ Հայաստանում (14%): Ի շարս Գերմանիայի, Լեհաստանի, Չեխիայի, հայկական կոնյակն, ի դեմս «Արարատի», ներկայացված կլինի նաեւ Վիետնամում, Մոնղոլիայում, Թուրքմենստանում, Ավստրալիայում եւ այլուր: Ինչպես երեկվա ասուլիսում ներկայացրեց ԵԿԳ գործադիր տնօրեն Սեդրիկ Ռետայոն , 40 տոկոսով աճել են նաեւ «Պեռնո Ռիկար» խմբի արտադրանքի ներկրման ծավալները:

Ըստ Ռետայոյի, ԵԿԳ-ի հետ պայմանագիր կնքած 5500 խաղողագործների հետ համագործակցությամբ 2007-ին մթերվել է 29 հզ. տ բարձրորակ խաղող` 1000 տ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Ընդ որում, Տավուշի մարզում գինու կետում արդեն կառուցվում է գինու թորման արտադրամաս: 2007-2008 թթ. ֆինանսական տարում շուրջ 7000 այցելուների ու պաշտոնական պատվիրակությունների է ընդունել նաեւ ԵԿԳ-ում գործող «Արարատի» Ժառանգության կենտրոնը: Հաշվի առնելով տուրիզմի զարգացման արագ տեմպերը` ԵԿԳ-ն ձեռնամուխ է եղել նոր թանգարանային համալիրի ստեղծմանը, որն արդեն հաջորդ տարի կընդունի այցելուների:

ԵԿԳ գործադիր տնօրենի մատուցմամբ, երեկ տեղի ունեցավ նաեւ գործարանի նոր տեխնիկական սարքավորումներով լաբորատորիայի բացումը: Լաբորատորիան իրավասու է տրամադրելու պատրաստի արտադրանքի որակի սերտիֆիկատ, իսկ տեխնիկական հագեցվածությամբ ձգտում է լինել եվրոպական ու առաջատարը ԱՊՀ երկրներում` 700 հզ. դոլար ներդրմամբ:

Ասուլիսին ներկա Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Տիգրան Պետրոսյանը խաղողագործների շնորհակալությունը փոխանցեց գործարանի ղեկավարությանը: 2008-ը խաղողագործության համար նպաստավոր տարի որակելով` փոխնախարարը չպատասխանեց հարցին, թե որքան խաղող է մթերվել նախորդ տարի եւ որքան է կանխատեսվում մթերել այս տարի: Իսկ հարցին, թե արդյոք մյուս ընկերությունների մթերումների առնչությամբ էլ կարող է հիացական շնորհակալություններ հայտնել, փոխնախարարը միայն նշեց, որ մյուսների առնչությամբ էլ ոչ մի խնդիր չկա:

  «Ազգի» տեղեկություններով, Երեւանի կոնյակի գործարանն ու տեղական արտադրողներից մեկը որոշակի հակասություններ էին ունեցել «Նաիրի» եւ «Նաիրյան» բրենդների կիրառման առնչությամբ: Երեկ այդ մասին որեւէ մեկնաբանություն տալու «Ազգի» խնդրանքին ԵԿԳ գործադիր տնօրեն Սեդրիկ Ռետայոն նշեց, որ հաջողակ, լավ վաճառվող ապրանքանիշների առումով նման խնդիրներ ծագում ենՙ կրկնօրինակման դեպքերով: Միակ բանը, որ ըստ գործադիր տնօրենի, նման դեպքերում անում է գործարանը, իրավական հիմքերով հարցի լուծումն է:

Սակայն ԵԿԳ ներկայացուցիչները չհաստատեցին հենց մեր բերած խնդրի առկայությունը:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4