«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում անցկացվող «Գրողների համահայկական 4-րդ համաժողովին» մասնակցում էր նաեւ Ժակլին Չելիքը (Թուրքիա): Գրում է թուրքերենով կարճ պատմվածքներ, թուրքական մամուլում հանդես է գալիս գրաքննադատական հոդվածներով, որոնք հիմնականում վերաբերում են թուրք գրողներին: Սեւաչյա գանգրահեր գեղեցիկ արտաքինով Ժակլինը առաջին անգամն էր Հայաստանում եւ զարմացել էր ինքն իր վրա, թե ինչո՞ւ մինչեւ այժմ չէր այցելել «իմ հայրենիքը, որի մասին միայն գրություններով էի ծանոթացել: Երբ ինձ Հայաստան հրավիրեցին, տատանվում էի, քանի որ ես թուրքերենով եմ գրում, բայց եւ այնպես եկա, ու հպարտ եմ, որ հայրս հայ է ու ես ինձ այս այցից հետո ոչ թե 100 տոկոսով, այլ ավելին, ինձ լիարժեք հայ եմ զգում ու կրկին նշում, հպարտ եմ, որ հորիցս ժառանգել եմ հայի գեները: Ստամբուլում շատերը եկեղեցի զգուշավոր են մտնում, իսկ ես որեւէ խնդիր չունեմ, ես անկախ մարդ եմ եւ ազատ եմ իմ գործողություններում», պատմում էր Ժակլինը:
Կենսուրախ, կյանքով լի, ժպտադեմ Ժակլինը գտնում է, որ կարեւոր չէ, թե ով ինչ ազգի է եւ ինքը տարբեր ազգերի գրողների, բեմադրիչների, կինոռեժիսորների հետ մտերմություն է անում, բայց միշտ նշում է. «Ես հպարտ եմ, որ հայ եմ, որովհետեւ շատ հետաքրքրական ու դարավոր մշակույթ ունենք, որով աշխարհին ներկայանալու հնարավորություն ունենք եւ դրա համար եկա Հայաստան: Հիմա շատ եմ մտածում, երբ այս մեկ շաբաթը անցկացրի այստեղ, թե ինչո՞ւ իմ ծնողները, երբ ես փոքր էի, չեն եկել Հայաստան: Թո՛ղ նեղ վիճակում լինեինք, թո՛ղ աղքատ լինեինք, կարեւոր չէ, բայց Հայաստանի մեջ պետք է մեծանայինք...»:
Ժակլինը ծնվել է Տիգրանակերտում, որտեղ իր հայրը ամուսնացել է ասորուհու հետ: Երբ տեղափոխվել են Պոլիս, մշակույթների տարբերության խնդիր է առաջացել: «Ասորիները դպրոց չունեն ու թուրքական ոգով են կրթվում ու մեծանում եւ իրենց թուրք են համարում: Սա է մեր խնդիրը, որ ունենք ե՛ւ մորս, ե՛ւ ուրիշների հետ: Առաջ ես միշտ կատակում էի մորս հետ, որ ամուսնացել է հայի հետ ու հայուհի է ծնել: Սկզբում մայրս նեղանում էր, հետո սովորեց իմ կատակներին ու հիմա էլ չի զայրանում: Ես հայ եմ լրիվ ու լրիվ: Ստամբուլում ես ակտիվիստ եմ, թուրքի, քուրդի խնդիրների շուրջ բարձրաձայնողներից մեկն եմ, որ քննադատում եմ այն բոլորը, որ վերաբերում է մարդկության չարչարանքին, անօրինականությանը: Երբ ինձ 1915-ի ցեղասպանության մասին են հարցնում, ես ասում եմ դա քաղաքականություն է, այդքան մարդկանց մահը մեկ ու մի քանի օրերին չպետք է քաղաքական շարժառիթ դառնա, եղածը փաստ է, թողնենք, որ... Հայությունը այսօր ուրիշ ցավեր էլ ունի եւ ուրիշի ցավերին պետք է անդրադառնա, քանի որ հենց հայը գիտի ինչ է ցավը: Հարցի լուծումը, որը արդեն մոտ մեկ դար է, չարչրկվում է, անպայման պիտի լուծվի, քանի որ հայի նման ազգային մշակույթ, որը դարերից է եկել ու դարեր է գնալու, ուրիշ ազգեր չունեն եւ հենց դրանով էլ մենք աշխարհին մեզ ճանաչել ենք տալիս ու հենց դրանով էլ լուծվելու է ցեղասպանության հարցը` վկան մեր կանգուն եկեղեցիներն են, վանքերը, խաչքարերը, որքան էլ որ փորձեն դրանք ավերել, կամ էլ վերափոխել ու թուրքականացնել, միեւնույն է դա հայինն է, հայկական է...»:
- Ժակլին, քո քննադատական հոդվածների համար երբեւէ չե՞ն ահաբեկել քեզ:
- Մեկ օր «Ռադիկալ» թերթի մեջ մի կին թուրք գրող իմ գրվածքին անդրադարձավ, նշելով, որ ես «ուրիշ եմ»: Ո՞ւր պիտի գնանք, եթե արդարության մասին չխոսենք` գուցե դրախտի ու դժոխքի մեջտեղում կմնանք: Ասեմ, որ Ստամբուլում սոցիալիստ-դեմոկրատները հայերի հանդեպ միշտ լավ են տրամադրված ու շատ հարցերում օգնում են, բայց վատ մտածողներն ավելի շատ են, որովհետեւ, երբ դրական մի արձագանք է հնչում հայերի հասցեին, պատուհաններից դրոշակներ են կախում ու այդ կերպ իրենց դժգոհությունը արտահայտում: Ճիշտը որ ասեմ, ինձ ուզում են իրենց «շապիկը հագցնել», ես չեմ ուզում այդ «շապիկը» հագնել, ես չեմ հագնի, չեմ ենթարկվի: Ես իմ ճամփան ունեմ եւ հենց այդ ճամփան բռնած քայլելու եմ: Իմ գործելակերպին իրենք շատ լավ տեղյակ են: Որքան էլ որ հայերս անհանգիստ ենք, ինչ-որ տեղ կվախնանք, միեւնույն է մենք ամուր ենք մնալու մեր բնակատեղերին: Մեր արմատները մեզ ուժ են տալիս: Ես գրող եմ ու անդրդվելի: Երվանդ Կոբելյանը մեզ ասում է «ծառատնկված»: Սակայն որքան էլ որ ուրիշ հողի վրա մեզ տնկեն` չի կպնի, եթե արմատները այդ հողի մեջ չեն: Իսկ մեր արմատները շատ խորն են ու դրանք արմատախիլ անել չի ստացվի»:
Այն մեկ շաբաթը, որ անցկացրի Ժակլինի հետ, շատ տպավորիչ էր: Պետք էր տեսնել, թե ինչ գորովանքով, ուշադրությամբ զննում էր շրջապատը, որսում ամեն մի հայաշունչ բառ ու նախադասություն, անգամ եթե դժվարությամբ էր հասկանում, գրառում էր տպավորությունները: Զարմանալի էր, որ մեկ շաբաթում նրա «լեզուն բացվեց» ու արդեն անկաշկանդ խոսում է հայերեն, երգում ու պարում, թռչկոտում քարայծի պես քարերի ու բլուրների վրա եւ երկու ձեռքը պարզած բղավում. «Սա իմ հայրենիքն է, իմ Հայաստան աշխարհը, որը սրտիցս ոչ մեկը չի կարող պոկել, ողջույն քեզ իմ երկիր»: Իսկ ես խանդով նայում էի նրան ու երազում. կգա՞ մի օր, որ ես էլ Արեւմտյան Հայաստանի բլուրների կամ Արարատի լանջին այդպես բղավեմ, որ ձայնս հասնի պապերիս օրրանին...
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ