Խորհրդային տարիներին հայազգի գիտնականները ե՛ւ գիտական վաստակով, ե՛ւ թվաքանակով զգալի կշիռ ունեին երկրի գիտությունների ակադեմիայում: Ընդ որում, նրանց գործունեությունը ընդգրկում էր իմացության ամենաբազմազան բնագավառները: Միշտ էլ կարելի էր սպասել նոր անունների երեւան գալուն:
Ցավոք, Խորհրդային Միության քայքայումից հետո այդ միտումը սկսում է թուլանալ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում: Համենայն դեպս նրա վերջին ընտրություններում այդ հաստատության իսկական անդամի եւ թղթակից անդամի պատվավոր կոչմանն արժանացան սոսկ մեկական հայազգի գիտնականներ:
Ֆիզիկական գիտությունների բաժանմունքում ակադեմիկոս ընտրվեց հայտնի ֆիզիկոս Ալեքսեյ Նորայրի Սիսակյանը :
Ալեքսեյ Սիսակյանը ծնվել է 1944-ի հոկտեմբերի 14-ին Մոսկվայում, գիտաշխատողների ընտանիքում: Հայրըՙ ակադեմիկոս Նորայր Մարտիրոսի Սիսակյանը (1907-1966), հայտնի գիտնական-կենսաքիմիկոս է, տիեզերական կենսաքիմիայի հիմնադիրներից մեկը, եղել է ԽՍՀՄ ներկայացուցիչը ՅՈւՆԵՍԿՕ-ի գործկոմում, ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի նախագահը: Մայրըՙ Վարվառա Պետրովնա Սիսակյան-Ալեքսեեւնան (1910-1990), պարարտանյութերի, ագրոքիմիայի, ագրոհողագիտության համամիութենական ինստիտուտի գիտնական ագրոքիմիկոս էր:
1962-ին դպրոցն արծաթե մեդալով ավարտելովՙ Ալեքսեյ Սիսակյանը ընդունվում է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետհամալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ: 1968-ին դիպլոմային նախագծի պաշտպանությունից հետո աշխատանքի է գործուղվում Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տեսական ֆիզիկայի լաբորատորիա: Աշխատանքի ընթացքում ստաժորից հասել է լաբորատորիայի տնօրենի եւ ինստիտուտի փոխտնօրենի պաշտոններին: Գիտության զարգացման մեջ ունեցած վաստակի համար պարգեւատրվել է Պատվո եւ Բարեկամության շքանշաններով, հիշյալ ինստիտուտի մասնակից երկրների պարգեւներով, Լենինյան կոմերիտմիության, Ռուսաստանի ԳԱ մրցանակների դափնեկիր է:
Ա. Ն. Սիսակյանը մի շարք գիտական ընկերությունների եւ ակադեմիաների անդամ է, բազմաթիվ գիտական աշխատանքների, բանաստեղծական ժողովածուների, նշանավոր գիտնականներին նվիրված ակնարկների հեղինակ է: Ռուսաստանի եւ Հայաստանի գիտությունների ակադեմիաների իսկական անդամ Ա. Ն. Սիսակյանը 2005-ից Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրենն է:
Իսկ ահա ակադեմիայի նորաթուխ թղթակից անդամը, թերեւս, լայն ներկայացման կարիք չունի. նա բոլորիս քաջ ծանոթ նշանավոր բեւեռախույզ, հայտնի պառլամենտական ու ակտիվ հասարակական գործիչ Արթուր Չիլինգարովն է: Ընտրվել է Երկրի մասին բաժանմունքում:
Արթուր Չիլինգարովը ծնվել է 1939-ի սեպտեմբերի 25-ին, Լենինգրադ քաղաքում: 1963-ին ավարտել է Լենինգրադի ծովակալ Մակարովի անվան բարձրագույն ինժեներածովային ուսումնարանը «օվկիանոսագիտություն» մասնագիտության գծով: ԽՍՀՄ պետական մրցանակի է արժանացել Յամալ թերակղզու սառցի նավամատույցում բեռնաթափման մեթոդիկայի մշակման համար: 1985-ին Խորհրդային Միության հերոսի կոչում է ստացել «Միխայիլ Սոմով» նավի փրկարարական գիտարշավի հաջող անցկացման համար, 2008-ին ՌԴ հերոսի կոչումՙ ծայրահեղ պայմաններում դրսեւորած արիության եւ հերոսության, արկտիկական գիտարշավի հաջող իրականացման եւ 2007-ի օգոստոսին աշխարհում առաջին անգամ Հյուսիսային բեւեռի տակ սուզում կատարելու համար:
Ա. Ն. Չիլինգարովը խոշոր օվկիանոսագետ է, Արկտիկային, Անտարկտիկային եւ Համաշխարհային օվկիանոսին նվիրված բազմաթիվ աշխատությունների հեղինակ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, ՌԴ բնագիտության ակադեմիայի թղթակից անդամ, Բրիտանիայի թագավորական աշխարհագրական ընկերության իսկական անդամ եւ Հետազոտողների միջազգային ակումբի (ԱՄՆ) անդամ, ընտրվել է ռուսաստանցի բեւեռախույզների ընկերակցության նախագահ: ՌԴ 1-4-րդ գումարումների Դաշնային ժողովի Պետդումայի պատգամավոր է: Ամուսնացած է, ունի որդի եւ դուստր:
Ավելացնենք նաեւ, որ Չիլինգարովը Մոսկվայի հայ համայնքի ակտիվ գործիչներից է, Հայ եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի թեմական խորհրդի ատենապետը, Ռուսաստանի հայերի միության նախագահության անդամ:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա