ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Մասնագիտությամբ տնտեսագետ ճապոնացի Դաիսուկե Նականիշին հեծանվով ճամփորդելու եւ միջազգային բարեկամության պահանջի կախվածություն ունեցավ առաջին իսկ ճամփորդությունից հետո: Դա 1990-ին էր, նա դեռ ուսանող էր: Տնտեսագետի մասնագիտություն ստանալուց հետո նա որոշեց իրականություն դարձնել երկրագունդը պտտելու իր մանկության երազանքը: Վեց տարի աշխատեց, կուտակեց շուրջ 50 000 դոլար եւ ... 1998 թվականի հուլիսի 23-ին Անկորիջից (Ալյասկա) ճանապարհ ընկավ... Կենտրոնական Ամերիկա, Կոլումբիա, Էկվադոր, Պերու, Եվրոպա, Աֆրիկա, Ավստրալիա, Ռուսաստան ... Հեծանվով նա շրջանցել է երկրագունդը, անցել է 111 երկիր` 132.032 կմ տարածություն եւ հիմա Հայաստանում է:
38-ամյա Դաիսուկեն անձամբ հայտնվեց մեր խմբագրությունում, տուրիստներ էին տեղը բացատրել, եւ պատմեց իր կյանքի պատմությունը, որ այնքան ծանոթ է մանկական արկածային գրքերից ու անիրական է թվում առօրյայից կախված մեր կենցաղի համեմատությամբ: «Երջանի՞կ եք» հարցիս վստահաբար է պատասխանում «այո»: Ապացույցն իր հետ բերած երկու ալբոմներն էին: Այնտեղ հրաշալի բնապատկերներ են, մարդիկ, լրագրերից քաղվածքներ ու լուսանկարներ աշխարհի հայտնի մարդկանց հետ` Պելե, Վալենսա, Ջիմի Քարթեր ... Եվ այս ամենի դիպուկ պատճառաբանությունը` «Ես ցանկանում էի ինքնուրույն փորձել եւ զգալ աշխարհը»:
Աշխարհի շուրջը «ճապոնացի Պասպարտուի» ճամփորդությունը տվել է նրան բազմաթիվ անկրկնելի հիշողություններ, ամիսներով սեփական վրանի տակ գիշերելու, մրսելու կամ տապից տանջվելու, անգամ մահվան աչքերին նայելու փորձություն (նա հիվանդացել է մալարիայի մահացու տեսակով եւ դիզենտերիայով), ինչպես նաեւ ավելի քան 500 ընկերներ, որոնցից լավագույնը` Կունցը, մանկավարժ է, Շվեյցարիայում է ապրում:
Մեր հյուրի մասին տեղեկություններ քաղեցինք Դաիսուկեի ինտերնետային կայքից` www.daisukebike.be, ուր լեզվական խոչընդոտը լիովին հաղթահարված էր, եւ մեզ մնում էր միայն հիանալ արեւելցի մարդու իմաստնություններով, լուսանկարչական ճաշակով եւ հմտություններով: «Իմ «աշխատանքը» ճամփորդությունն է, հոբբիս` լեռնագնացությունը, ոչ թե ինչ-որ բլուրներ, այլ լեռներ, որոնք սպանում են: Ես հավաքում են «5000-անոց» լեռների աճող ցուցակ, որոնք ինձ հաջողվել է գրավել», գրված է Դաիսուկեի կայքէջում: «Իհարկե, մարդիկ հիմնականում օգնում են միայնակ հեծանվորդին, ոմանք էլ փորձում են թալանել, ինչպես եղավ Ռումինիայում»: «Շատ աղքատ մարդկանց տեսքը մի ցանկություն է առաջացնում` որ մեր բարեկեցությունը առավել համաչափ բաշխվի»: «Լավ է, որ շատ մարդիկ են ինձ օգնում: Ես նրանց միշտ երախտապարտ եմ դրա համար: Ապշեցուցիչ է, որ զարգացող երկրների աղքատ մարդիկ առավել պատրաստակամ են օգնելու մյուսներին, քան ապահովածները»: «Ճամփորդության ընթացքում ծնվում է նոր հասկացողություն ու դրա հետ կապված նորանոր հարցեր ու ցանկություններ: Իմ ցանկությունն է նպաստել խաղաղությանըՙ երկրի տարբեր անկյուններում մարդկանց հետ իմ բարեկամությամբ: Եթե յուրաքանչյուրը մյուսի բարեկամը դառնար, աշխարհում կոնֆլիկտներին ու պատերազմներին տեղ չէր մնա»:
Դաիսուկեին հարցնում եմ ճամփորդության խոչընդոտների մասին: «Երբեմն վիզայի տրամադրման խնդիր եմ ունենում կամ եղանակն է խանգարում: Քաղաքական խնդիրներ էլ պատահեցին Կոնգոյում, Անգոլայում, Գաբոնում` Աֆրիկայում»: Հայաստանի մասին ասում է, որ խնդիրներ չի ունեցել, բացի այն, որ 5 օր հեծանիվի վրա է եղել Հայաստանի հարավային սահմանից մինչեւ Երեւան հասնելը, քանի որ շատ են լեռներն ու սարերը: Տպավորված է եկեղեցիներով, որոնք մեր ժողովրդի քրիստոնյա լինելու մասին են խոսում:
Դաիսուկեն նախատեսել է անցնել Թբիլիսի, Բաքու, Թուրքմենստան, Ուզբեկստան: Երկու տարում նա կանցնի եւս 22 երկիր, կզմայլվի ու կզարմանա ժողովուրդների, նրանց մշակույթների ու մտածողությունների տարբերությամբ եւ ... ինքն էլ չգիտի, թե ինչ կանի, երբ ավարտվի իր շուրջերկրյա ճամփորդությունը: Ընդ որում, առայժմ չի էլ ուզում իմանալ:
Իսկ ինչ վերաբերում է իր ուղերձին մարդկությանը, Դաիսուկեն ասում է. «Ցանկության դեպքում ամեն մարդ կարող է հաջողություն ունենալ եւ իրականացնել իր անհավատալի թվացող երազանքը: Մի բան էլ: Մարդիկ պետք է շփվեն միմյանց հետ, որ խաղաղությունն իրական լինի, այլապես հեռուստացույցով միմյանց դիտելը դեռ շփում չէ»: