«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2008-07-24 | #142, 2008-07-25 | #143, 2008-07-26


ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՁԳՁԳԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ

Այս կարծիքին է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը, որի հուլիսի 24-ի հոդվածից թարգմանաբար քաղում ենք հետեւյալը:


Հայաստանում Մ. Նահանգների նորանշանակ դեսպանի թեկնածու Մարի Յովանովիչի հաստատումը անհարկի հետաձգվում է գերադաս մարմինների անճարակության հետեւանքով: Հակառակ բազմիցս կատարված առաջարկներին, պետքարտուղարությունը համառորեն մերժում է հանդիպել ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու Ջոն Էվանսին փոխարինող հարմար թեկնածուի հարցը:

Այն փաստը, որ Մ. Նահանգները Հայաստանում դեսպան չունի արդեն ավելի քան երկու տարի, խոսում է պետքարտուղարության մեղավորության մասին: Ջոն Էվանսին անարդարացիորեն հետ կանչելուց եւ ապա Ռիչարդ Հոգլանդի անհաջող թեկնածությունը առաջ քաշելուց հետո նախագահ Բուշն իր պաշտոնավարության նախավերջին ամիսներին սպասեց նշանակելու համար մի նոր թեկնածու:

Մարի Յովանովիչը հայտնվել է հիմար դրության մեջ: Պետքարտուղարության իր վերադասները ստիպում են նրան, որ խուսափողական պատասխաններ տա Հայոց ցեղասպանությանը վերաբերող սենատորների հարցերին: Որպես փորձառու դիվանագետ, նա ի վիճակի է հստակ պատասխաններ տալ բոլոր հարցերին, եթե «ձեռքերը կապված չլինեն»:

Սենատում լսումների ժամանակ նա անկեղծ կարեկցանք հայտնեց հայ ժողովրդի անսահման տառապանքների համար, ելնելով այն հանգամանքից, որ իր ընտանիքն էլ էր անցել այդ նույն ճանապարհը նացիստական հետապնդումների օրերին:

Իմ նախորդ հոդվածներից մեկում նշել էի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ութ անդամներից 5-ի հարցերը` ուղղված նրան: Այժմ տրամադրությանս տակ են նաեւ մյուս երեքի հարցերը, որոնք ներկայացնում եմ ստորեւ, կցելով նաեւ մեկ-երկուսի պատասխանները:

Սենատոր Բարաք Օբամա (դեմոկրատ` Իլինոյսից).

- Ինչպե՞ս եք բնութագրում Հայոց ցեղասպանությունը:

Պատասխան: - Մ. Նահանգները ճանաչում է եւ սգում զանգվածային սպանությունները, էթնիկական զտումները եւ բռնի տեղահանությունները, որոնք Օսմանյան կայսրության վախճանին պատճառ դարձան ավելի քան 1,5 մլն հայերի բնաջնջման:

- Եթե հաստատվի ձեր թեկնածությունը, ի՞նչ ջանքեր կգործադրեք հիշելու Հայոց ցեղասպանության զոհերին:

Պատասխանը, որտեղ «Մեծ եղեռն» բառերն են հնչում, տպագրված է «Ազգ»-ի հունիսի 21-ի համարում:

- Ի՞նչ քայլեր է ձեռնարկում պետքարտուղարությունը խթանելու Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունն ու ճանաչումը Թուրքիայում:

- Ինչպե՞ս եք աշխատելու Անկարայում ձեր պաշտոնակիցների հետ Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումները ապաքրեականացնելու համար: Պետքարտուղարությունը բավարարվա՞ծ է 301-րդ հոդվածի փոփոխություններով:

Սենատոր Նորմ Քոուլման (հանրապետական` Մինեսոտայից).

- Ընդունո՞ւմ եք, որ Օսմանյան կայսրության իրագործած բռնագաղթի եւ սպանությունների հետեւանքով 1915-ի իրադարձություններում կոտորվեցին 1,5 մլն հայեր: Պատասխան` «Այո»:

- Ձեր կարծիքով, Մ. Նահանգները ինչպիսի՞ որոշակի քայլեր պետք է ձեռնարկի թուրքական կառավարությանը համոզելու համար, որ ցեղասպանությունը ժխտելու եւ երրորդ կողմի դեմ ուղղված այդ ոճրագործությունը հաստատող երկրների դեմ գլոբալ արշավ մղելը ոչ մի կոնստրուկտիվ նպատակ չի կարող հետապնդել:

- Որպես դեսպան ի՞նչ եք անելու Հայաստանի կառավարությանը եւ նրա ժողովրդին վստահեցնելու, որ Մ. Նահանգները մտահոգված է 1915-ի իրադարձությունների հետեւանքով դեռեւս չլուծված մնացած խնդիրներով:

- Ինչպես գիտեք, Հայաստանը շարունակում է պնդել, որ պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Որպես դեսպան ի՞նչ որոշակի քայլեր կձեռնարկեք Թուրքիայի ձեր գործընկերների հետ, որպեսզի արագացնեք այդ հարաբերությունների նորմալացումը եւ Թուրքիայի դրական պատասխանի ձեռքբերումը:

Սենատոր Ռասել Ֆեյնգոլդ (դեմոկրատ` Վիսկոնսից).

- Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ, որպեսզի վարչակազմը վերջապես ճանաչի որպես «ցեղասպանություն» Ա համաշխարհայինի ժամանակ Օսմանյան կայսրության իրագործած 1,5 մլն հայերի բնաջնջումը: Եթե մասնավորապես Թուրքիան ընդունի կատարվածը որպես ցեղասպանություն, ապա Մ. Նահանգները նույնպես կընդունի՞ որպես այդպիսին: Եվ երկրորդ, ինչո՞վ է ցեղասպանությունը ճանաչելու հարցում նախագահի քաղաքականությունը տարբերվում թուրքական կառավարության քաղաքականությունից:

Իր պատասխանում Յովանովիչը հստակ նշեց տարբերությունը:

- Եթե հաստատվի ձեր թեկնածությունը, ինչպե՞ս եք գործնականում խթանելու հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, որպեսզի այն ի վերջո հանգեցնի ցեղասպանության ընդունմանը ինչպես Թուրքիայի, այնպես էլ Մ. Նահանգների կողմից:

Մնում է սպասել Սենատի որոշմանը տեսնելու, թե բավարարվա՞ծ է արդյոք Յովանովիչի պատասխաններով: Եթե ոչ, ապա սենատոր Բարբարա Բոքսերը (դեմոկրատ` Կալիֆոռնիայից), որն անցյալ ամիս իր հավանությունը ուշացրեց, կարող է նույն ձեւով վարվել այս անգամ եւս, եւ դա կնշանակի թեկնածությունը «սառեցնել», քանի որ Սենատը արձակուրդի է գնում, հետո էլ նախագահական ընտրություններն են: Այդ դեպքում նոր նախագահը կարող է վերստին առաջարկել նրա թեկնածությունը եւ այս անգամ թույլ տալ նրան ասելու ամբողջ ճշմարտությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4