Երեկ «Արմենիա-Մարիոթում» տեղի ունեցավ Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության (ԳՏՀԸ/GTZ) «Արտակարգ իրավիճակների կանխարգելում Հարավային Կովկասում» ծրագրի շնորհանդեսը:
Շնորհանդեսին ներկա էին ՀՀ-ում Գերմանիայի դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը, ԱԻՆ ՀՓԾ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանը, ինչպես նաեւ ծրագրին առնչվող նախարարությունների, դեսպանությունների եւ մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ծրագիրն օժանդակում է հետեւյալ ոլորտներին` ռիսկերի վերլուծություն, մոնիտորինգ եւ կանխատեսում, հաղորդակցության ցանցեր եւ տեղերում արտակարգ իրավիճակների կանխարգելման կարողությունների ձեւավորում:
Ծրագիրը շարունակվելու է մինչեւ 2009-ի վերջը, իսկ ընդհանուր տեւողությունը հինգ տարի է` մինչեւ 2012-ի հոկտեմբեր ամիսը, նպատակն է նպաստել Հարավային Կովկասի խոցելի համայնքների` բնական աղետների բացասական ազդեցություններից պաշտպանվելու ունակությունների բարելավմանը: Ծրագրի ֆինանսավորումը կազմում է 2 միլիոն 500 հազ. եվրո, որին իր աջակցությունն է ցուցաբերել նաեւ ՀՀ կառավարությունը:
Մհեր Շահգելդյանը նշեց, որ ծրագիրը խիստ կարեւոր նշանակություն ունի Լոռու, Տավուշի մարզերի համար, եւ ընդգծեց, որ ծրագիրը ուղղված է երեք հիմնական խնդիրների լուծմանը: Այն ներառում է վաղ նախազգուշացման համակարգ, տեխնիկական աջակցություն, պատրաստում եւ վերապատրաստում: Ըստ նախարարի, ծրագիրը համակարգային բնույթ է կրում եւ այդ կերպով համակարգային մոտեցումներ է ցուցաբերում Լոռիում եւ Տավուշում արտակարգ իրավիճակների կանխարգելմանը, դրանց դեմ պայքարի մեխանիզմների հզորացմանը: Երկրորդ կարեւոր խնդիրը, ըստ Շահգելդյանի, ծրագրի բարձր մակարդակի իրականացումն ու արդյունքների վերլուծությունն է` ապահովելու համար շարունակականությունը: Նախարարի մատուցմամբ` ՀՀ-ն աղետավտանգության տեսանկյունից բարձր տեղ է զբաղեցնում համաշխարհային ցուցակում եւ պետք է ստեղծվի մի համակարգ, որը ե՛ւ կանխարգելման, ե՛ւ աղետների դեմ պայքարի հետեւանքների վերացման տեսանկյունից լինելու է բավականաչափ դինամիկ, զարգացող: Բոլոր աշխատանքների ջանքերը ուղղված են այդ հիմնական խնդրի իրականացմանը:
«Մեր փիլիսոփայությունը հենվում է հետեւյալի վրա. արտակարգ իրավիճակների դեմ պայքարը մեկ պետության խնդիր չէ: Գլոբալիզացվող աշխարհում արտակարգ իրավիճակները սահմաններ չեն ճանաչում, եւ մեր համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, գործընկեր երկրների հետ ուղղված է Հայաստանի պատրաստվածության բարձրացմանը, որը հնարավորություն է ընձեռելու աջակցություն եւ օժանդակություն ցուցաբերել այն պետություններին, որոնք դրա կարիքը կունենան», իր խոսքն ամփոփեց Մհեր Շահգելդյանը:
Ծրագրի թիրախային խումբ է ինչպես Հայաստանի Լոռու եւ Տավուշի, այնպես էլ Ադրբեջանի Շեքի-Զակաթալա մարզերի 10 համայնքների բնակչությունը (շուրջ 150000 մարդ):
Տիկին Անդրեա Վիկտորինը իր հերթին նույնպես կարեւորեց վաղ նախազգուշացման համակարգերի խնդրի լուծումը եւ համաձայնություն հայտնեց նախարար Շահգելդյանի այն կարծիքին, որ աշխարհում առկա արտակարգ իրավիճակների դեմ պայքար տանելը մեկ պետության խնդիր չէ: Վերջինս ողջունեց ծրագրի ստեղծման կապակցությամբ, եւ խոստացավ, որ անպայման կայցելի Լոռու եւ Տավուշի մարզեր` ծրագրի իրականացմանը հետեւելու համար:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ