Դարձյալ Նաջարյան ամուսինների եւ Հայաստանի արդարադատության մասին
Ասում են, թե մինչեւ հիմա Սիզիփոսը հսկա քարը գլորելով լեռան կատարն է հասցնում, այն ամեն անգամ ցած է գահավիժում, ու հունական դիցաբանության հերոսը ամեն ինչ նորից է սկսում:
Ութ տարի է, ինչ բոստոնցի Ջորջ եւ Քարոլան Նաջարյաններին ասես սիզիփոսյան ճակատագիրն է վիճակվել: Նրանց առջեւ բարձր լեռան փոխարեն հայաստանյան արդարադատության համակարգն է, որի հաղթահարումը համբերություն, ուժ եւ կամք է պահանջում: Իհարկե, երբ 2000 թվականին Երեւանի Ձորագյուղ թաղամասում` Հրազդանի կիրճի ձորաբերանին, Նաջարյանները ձեռնարկեցին երկու շենքերի կառուցման աշխատանքները, չէին էլ մտածում հունական դիցաբանության հերոսի մասին, քանի որ լիովին հավատում ու վստահում էին երեւանաբնակ Գրիգոր Իգիթյանին: Ամենը հանձնելով վերջինիս հսկողությանը, որպես նրա համար եկամտի աղբյուր, Աբովյան փողոցում հիմնելով լուսանկարչատուն, նրանք Բոստոն մեկնեցին: Միայն երեք տարի հետո Նաջարյանները տեղեկացան, որ խաբեության միջոցով Գ. Իգիթյանը դարձել է այդ երկու տների սեփականատերը: Դրան զուգահեռ նա հասցրեց վաճառել շինություններից մեկը: Թվում էր, թե ոչինչ չի կարող խանգարել արդարությունը վերականգնելուն: Սակայն 2003-2005 թվականներին դատական ատյանները եթե որոշում էին կայացնում հօգուտ Նաջարյանների, ապա դատախազությունը ամեն անգամ կարճում էր քրեական գործը «հանցակազմի բացակայության պատճառով» հիմքով` չնայած Գ. Իգիթյանի մեղսակցության հարցում երեսուն վկաների անհերքելի ապացույցներին: Տարօրինակ է, որ Վճռաբեկ դատարանի որոշումից հետո դատախազությունը գործը կարճելու որոշում ընդունեց:
Հինգ տարի է, ինչ հասարակական հնչեղություն ստացած այս քրեական գործը մի աներեւակայելի քաշքշուկի մեջ է հայտնվել: Հինգ տարին չի հերիքել, որպեսզի ՀՀ արդարադատության համակարգը համարձակություն ունենա պատժելու խարդախության մեջ մեղադրվող անձին եւ մեր երկրի ու սփյուռքի համակրանքը վայելող բարեգործների ունեցվածքը վերադարձնելու: Այս քաշքշուկի պատճառներից մեկն էլ այն է, որ պատասխանող Գ. Իգիթյանն ու իր ներկայացուցիչը հաճախ չէին ներկայանում դատական նիստերին: Մի կարեւոր հանգամանք եւս. Նաջարյանները, նրանց համակիրները, որոնք քիչ չեն թե՛ ՀՀ-ում եւ թե՛ սփյուռքում, ուշի ուշով հետեւում են այս գործընթացին: Ասել, թե դա կարեւոր նշանակություն չունի երկրի համար, սխալ կլինի: Եվ ահա Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում 2008-ի հուլիսի 11-ի դատական նիստում մեղադրանք է առաջադրվել Գ. Իգիթյանի նկատմամբ: Մեղադրողն առաջարկել է հինգ տարվա ազատազրկում եւ գույքի բռնագրավում:
Թվում է` վերջ, Նաջարյանները կարող են թեթեւացած շունչ քաշել ու «քարը» հանգիստ թողնել, քանի որ այն լեռան գագաթն է հասցվել ու այլեւս չի գահավիժի: Սակայն պատժի առաջադրմանը զուգահեռ պետք է խափանման միջոց կիրառվեր, որից ինչ-ինչ պատճառներով խուսափել է դատարանը:
Ու Նաջարյանները զգում են, որ «քարը» կրկին հետ է գահավիժում: Գ. Իգիթյանը, որն անցած ութ տարիներին զգացել է զորեղ մարդկանց (գուցե եւ հանցակիցների) հովանավորությունը, վստահ է, որ իր նկատմամբ խափանման միջոց չեն կիրառելու: Փաստորեն պատասխանողին հնարավորություն է տրվել պատժից խուսափելու ինքնուրույն ճանապարհ գտնելու:
Մի քանի անգամ առիթ եմ ունեցել «Ազգ» թերթում անդրադառնալու այս երկարաշունչ դատական գործընթացին` այն համարելով որպես «քննություն երկրի իրավապահ ատյանների համար» (16 ապրիլի 2005): Ինչ խոսք, որ արդարադատության համակարգը քննությունը չի հանձնել ու շարունակում է երկնչել կոռուպցիայի, կեղեքիչների, բյուրոկրատիայի առաջ:
Սակայն այս անգամ այս ծանր գործընթացը ուզում եմ կապել խնդրի արմատների հետ, քանի որ երկրում շարունակվող բարոյական անկումը ընդգրկում է ոչ միայն արդարադատության համակարգը, այլեւ երկրի մյուս բոլոր ոլորտները: Իսկ բարոյական անկումը տնտեսական աճի ոչ մի ցուցանիշով ու կոռուպցիայի մասին անուղղակի խոսակցություններով չես քողարկի: Ասեմ, որ բարոյականի հիմքը գրականությունն է, արվեստը, ողջ մշակույթը: Հայ ժողովուրդը հազարամյակների միջով գոյատեւել է միմիայն բարոյական բարձր հատկանիշների շնորհիվ, այսինքնՙ միշտ կապված է եղել իր գրականության, արվեստի հետ, որի միջոցով էլ ճանաչել, գնահատել ու սիրել է իր երկիրը: Ու եթե այժմ նկատելի է դառնում ժողովրդի ու գրականության, մշակույթի միջեւ անջրպետը, որի ցուցանիշներից մեկն էլ բարոյական անկումն է, ապա պետք է ճիշտ հետեւություններ անել: Բարոյական անկման հետեւանքներից է եւ այս դատավարությունը: Ուրեմն եւ «սիզիփոսյան քար» կրողը միայն Նաջարյանները չեն: Այն համընդհանուր քար է, որը մեր հասարակությունը աննպատակ վեր է գլորում, հաստատ իմանալով, որ ցած է գահավիժելու:
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ