«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2008-07-24 | #142, 2008-07-25 | #143, 2008-07-26


ՑԱՔՈՒՑՐԻՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՏԵՂՈՒՄ

Երբ բարդ էր որեւէ տեղից Երեւանի արձանների մասին ամբողջական տեղեկություններ ստանալ, իսկ դա շատ վաղ անցյալում չէրՙ ընդամենը մի քանի տարի առաջ, Արտուշ Խանջյանը հավաքագրում էր տեղեկություններն ու նախ գիրք հրատարակեց, ապա CD թողարկեցՙ զետեղելով մայրաքաղաքում տեղադրված 100-ից ավելի արձանների լուսանկարներ, բնութագրական տվյալները, ստեղծման պատմությունները, քանդակագործների կենսագրությունները: Սա տեխնիկական գիտությունների թեկնածու Արտուշ Խանջյանի ստեղծած միակ CD-ն չէ եւ տասնամյակների աշխատանքի արդյունք են նրա կազմած մի քանի CD-ները, յուրաքանչյուրը 500 տպաքանակով: «Չնայած դրանցում զետեղված տեղեկությունները հետաքրքրական են եւ ուսուցողական, սակայն լայն հասարակության ուշադրությունը հրավիրելու համար գովազդել է պետք, ինչի կազմակերպմանն անհրաժեշտ գումարը չեմ տնօրինում», զրույցում ասաց Արտուշ Խանջյանըՙ հավելելով, որ դրանք հարմար են նաեւ ուսումնական ծրագրերում որպես հարակից, օգնական նյութ օգտագործելու եւ օտարերկրացիներին երկիրը ներկայացնելու համար: Անկախ ունենալիք շահույթի փոքր չափից նա շարունակում է իր գործը, որ ստանձնել է սեփական նախաձեռնությամբ:

Շենգավիթի, Կարմիր բլուրի, Էրեբունու, միջնադարյան եւ 19-րդ դարի շենքերի ու շինություններիՙ հին ու նոր Երեւանի ավելի քան 500 գունավոր լուսանկարով, 3 լեզվով պատմում ու ցուցադրում է հայոց մայրաքաղաքի մասին Արտուշ Խանջյանը հին ու նոր Երեւանը համանուն CD-ում:

Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնը CD-ում ներկայացված են այնտեղ հուղարկավորված բոլոր անձանց կենսագրությունները, լուսանկարները, պանթեոնի ստեղծման պատմությունը: Հեղինակի նույնանուն գրքի տարբերակն է, որ նաեւ հայ մեծերի ձայներն ու հայկական հոգեւոր երաժշտության լավագույն կատարումներ է ներառում: Արտուշ Խանջյանն այն նվիրել է իր ջավախահայ նախնիներին եւ ստեղծել եւս մի CDՙ «Ջավախք» ու ներկայացրել հայրենի երկրամասի բնությունը, պատմությունն ու հուշարձանները: Առանձին բաժիններով ներկայացված են Փարվանա լիճը, Թմուկ եւ Խերթվիս բերդերը:

Արդեն մեկ այլ CD-ում մեկտեղված են «Սասունցի Դավիթ» էպոսի մասին հայ եւ օտարազգի ավելի քան 100 մասնագետների կարծիքները: Էպոսի 1000-ամյակի տոնակատարությունների համառոտ տարեգրությունը, լուսանկարներն ու հոբելյանական հրատարակությունների 60 նկարազարդումներն էլ տեղ են գտել CD-ում: Դրանցից 8-ը Թամարա Աբակելիայի հեղինակածն ենՙ էպոսի վրացերեն հրատարակության համար եւ ուղեկցվում են էպոսի երգային 30 կտորով, էպոսին նվիրված դասական գործերիՙ Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթը» օպերա-բալետի եւ Կարպիս Ափրիկյանի համանուն օրատորիայի հատվածների կատարումներով: Ինչպես տեղեկացրեց Արտուշ Խանջյանը. «Էպոսին անդրադարձը սկսել եմ «Սասունցի Դավթի» արձանի պատմությունը ներկայացնելու գաղափարից: Աշխատանքի ընթացքում հասկացա, որ գիրքը կարող է ունենալ երկու լիակատար բաժինՙ արձանին եւ էպոսին նվիրված: Սրանցից յուրաքանչյուրն էլ իր հերթին երկու մաս ունի: Նախ արձանի առաջին տարբերակիՙ էպոսի 1000-ամյակի կապակցությամբ քանդակված ու 1939-ին արագ տեղադրվածի պատմությունն եմ ներկայացնում, ապա արդեն երկրորդի, որը հիմա էլ հիացնում է յուրաքանչյուր դիտողի»: Էպոսի CD-ում զետեղված ընթերցումներն էլ Ժան Էլոյանին են, որ համարվում են լավագույնը: Ի դեպ եկող տարի արձանի ստեղծման 50 եւ Երվանդ Քոչարի ծննդյան 110-ամյակը կլրանա եւ հայերեն, ռուսերեն, անգլերեն CD-ի գրքով հրատարակումը ավելի քան տեղին կլիներ: Եվ արդեն իսկ պատրաստ է գրքի տարբերակը երկու լեզվովՙ հայերեն եւ ռուսերեն: Անգլերեն տարբերակը ներառում է Նյու Յորքի «Արարատ» ամսագրում տպագրված Արթին Շալյանի, Հակոբ Մեսրոպյանի, Լեւոն Սյուրմելյանի անգլերեն մեկնաբանական հոդվածներն ու էպոսի մի քանի դրվագների թարգմանությունը:

Տեխնիկական գիտությունների թեկնածու Արտուշ Խանջյանն իր բոլոր CD-ները գրանցել է Հայհեղինակ կազմակերպությունում եւ երախտագիտությամբ նշել բոլոր նրանց անունները, ովքեր աջակցել են գործի կայացմանը, ինքըՙ Խանջյանը դեռեւս տասնամյակներ առաջ Լեզվի ինստիտուտի «Վանատուր» արշավախմբում շրջել է Հայաստանում, Նախիջեւանում, Ջավախքում եւ այլ վայրերում ու լուսանկարել, դրանք են տեղ են գտել նրա կազմած CD-ներում:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4