Արվեստում ամենակարեւորը մտածողության ինքնատիպությունն է ու երեւակայությունը, որոնք բնորոշ են Վալմար նկարչին: Նրա արվեստի սրահում հաղորդակցվում ես բարձրաճաշակ նկարչության նուրբ հուզումներին ու գունային բազմաոճ զուգորդություններին, որոնք դիտողի առջեւ բացում են նոր աշխարհ ու կերպարներ: Վալմարի արվեստի առանձնահատկությունը թերեւս երաժշտականությունն է, յուրաքանչյուր կտավում ունկնդրում ես մեղեդու նուրբ ելեւէջները: «Նկարելու ընթացքում ժխտում ես քեզ, հաշտվում, հանրությանն ես պարգեւում սիրուց ու տառապանքից կամ տառապալից սիրուց աշխարհ եկած ասելիքը, որ հիմա էլ ուրիշները ժխտեն կամ ընդունեն, սիրեն ու հասկանան», ասում է նկարիչը:
Արվեստագետի երանգապնակը հարուստ է ու բազմազան: Նկարներում իշխող գույները բացահայտում են Վալմարի ներաշխարհը, որ մե՛կ երջանիկ է, մե՛կ տառապում է, երբեմն հիասթափված կամ վիրավորված: Զգացումներ, առանց որոնց չէին ծնվի արվեստի այդ ստեղծագործությունները:
«Յուրաքանչյուր ստեղծագործության մեջ պետք է փնտրել արվեստագետի աշխարհը: Տարիներ անց, երբ նայում եմ իմ վաղ շրջանի ստեղծագործություններըՙ այլ կերպ եմ ընկալում, զգացողություններն ուրիշ են: Դա կապված է աշխարհայացքի, կյանքի փիլիսոփայության փոփոխման, հասունացման հետ: Յուրաքանչյուր տարիք ունի իր գունային կոլորիտը: Վաղ շրջանի գործերում գերիշխում էր կապույտը, տարիներ անցՙ կապտականաչավունը, հետոՙ դեղնավունը, ոսկեգույնը: Սա նման է հասունության, երբ կանաչ պտուղը դառնում է միրգ», ասում է նկարիչը:
Վալմարի համար երջանկություն է ընտանիքի բարեկեցությունը, զավակների հաղթանակը, ընկերների աջակցությունն ու անկեղծ նվիրումը: «Երջանկությունը ներքին զգացում է, ապրումներ, որոնք երբեմն անհնար է բացատրել: Պետք չէ երջանկության մասին խոսել, պետք է զգալ ու ապրել: Կյանքում ունեցել եմ բազմաթիվ դժվար օրեր: Ձգտել եմ բարձունքի եւ հասել տառապանքով: Հաղթանակները շատ են, բայց դրանից չեմ մեծամտանում: Թերեւս հաղթանակի զգացողությունն էլ կարելի է երջանկություն համարել», ասում է նա:
- Ես գյումրեցի եմ,- հպարտությամբ ասում է Վալմարը, իսկ հարազատ ծննդավայրի նկատմամբ սերն արտահայտել է «Իմ պատուհանից» նկարաշարում, որտեղ կտավներին է փոխանցել իր հոգու ջերմությունը: Նկարիչը խոստովանում է, որ կարոտում է հին Գյումրվա փողոցները, շենքերն ու ճարտարապետական կոթողները: «Արվեստը դուրս է ժամանակի, տարածության եւ ազգային սահմանափակումներից, կարեւորը ոգին էՙ արվեստի ոգին»: Ավանդույթ է դարձել, որ գարնան գալուստը հայ արվեստասեր հասարակությունը դիմավորում է Վալմարի կտավների ցուցադրությամբ: Նկարչի խոսքերով, դա յուրատեսակ հաշվետվություն է:
Ամեն տարի Վալմարը ցուցահանդեսներով ներկայանում է աշխարհի բազմաթիվ երկրներում, արվեստի հայտնի կենտրոններում: Շուտով Վալմարը կմեկնի ԱՄՆ, ուր կբացվի նրա հերթական անհատականը, հետո եվրոպական բազմաթիվ երկրներՙ ներկայացնելու հայ ժողովրդի հավաքական միտքը, ուժն ու հերոսականությունը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ