Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի համատեղ ծրագիրն` իրականություն
Փաստացի այս տարվանից ծառայություններ մատուցող Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն, տնօրեն Հայկուհի Գեւորգյանի խոսքերով, ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կազմում: Մատուցվող ծառայությունը մասնագիտական կողմնորոշման տեղեկատվությունն ու աշխատանքի խորհրդատվությունն է: Ըստ Գեւորգյանի, կենտրոնի խնդիրն է ձեւավորել դպրոցից սկսած աշխատաշուկայում հեշտ ինտեգրվող երիտասարդություն: Երիտասարդների շրջանում գործազրկությունը զգալի է, միեւնույն ժամանակ, նրանք չեն տեղավորվում աշխատաշուկայում: Ստացվում է, մի կողմից, կրթություն ունեցող երիտասարդություն, մյուս կողմիցՙ թափուր աշխատատեղեր:
Կենտրոնը ի դեմս Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի, Համաշխարհային հայկական կոնգրեսի հետ այս ամռանն իրականացնում է «Աշխատանքի բանաձեւ» ծրագիրը, որին մասնակից երիտասարդները ստանում են տեղեկություն կամ ուսուցանվում է, թե որտեղից եւ ինչպես ստանալ տեղեկություններ աշխատաշուկային ինտեգրվելու համար:
Վերջին հետազոտությունները, ըստ Գեւորգյանի, ցույց են տալիս, որ երիտասարդների 75,5 տոկոսը տանը նստած մտածում է, թե պետությունը պետք է իր համար աշխատատեղեր ստեղծի: Մինչդեռ այս միջոցառման շարունակությամբ երիտասարդին պետք է տրվի մտածելու, պրպտելու թեմա` տրամադրելով տեղեկատվությունը աշխատաշուկայի, դրա պահանջարկի, գործատուի պահանջների մասին, որոշակի հմտություններ ձեւավորելով, օրինակ, թե ինչպես կազմել ինքնակենսագրություն կամ ներկայացնել հարցազրույցի եւ այլն:
Մասնակցությունը Կոնգրեսի եւ Կենտրոնի համատեղ ծրագրին իրականացվում է հայտարարությամբ, որի արդյունքում ներկա դրությամբ դասընթացին մասնակցում են 25 երիտասարդ: Օրական 3 ժամ, ամսվա ընթացքում 5 պարապմունքով տրվում է հավաստագիր, որը ծրագրի շարունակության դեպքում կդառնա ներկայացուցչական ու ճանաչելի շատերի համար:
Ծրագրի գործընկերներն են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագիրը, Առեւտրա-արդյունաբերական պալատը, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը, որոնք կենտրոնի հետ ապահովում են փորձագետների մասնակցությունը:
20-ամյա Մարիանա Գալոյանը սովորում է Երեւանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի դեղագործական բաժնի 4-րդ կուրսում: Դասընթացների մասին տեղեկացել է հայտարարությամբ եւ որոշել մասնակցել, քանի որ կարծում է, թե աշխատանքի ընդունվելու համար պետք է նախ ինֆորմացված լինել, հատկապես որ երկրորդ իսկ պարապմունքից զգալի փոփոխություններ է նկատում իր մոտեցումներում: Ըստ Մարիանայի, ներկայացվող նյութը բովանդակալից ու պրոֆեսիոնալ է եւ հույս է ներշնչում, որ աշխատանքի ընդունվելիս երիտասարդը կլինի ավելի ինքնավստահ, հմտացած կարողություններով, որ կլրացնեն ունեցած գիտելիքները: Մարիանան գտնում է, որ միջավայրի երիտասարդներին հարկավոր են նման պարապմունքները, քանի որ կարեւոր են ոչ միայն գիտելիքները, այլեւ դրանց մատուցումը: Ընդ որում, որոշակի մոտեցումների դեպքում հնարավոր է դառնում նաեւ խուսափել բարեկամ-հարազատ-ծանոթ շղթայով աշխատանքի տեղավորվելու հիվանդությունից:
20-ամյա Գայանե Անիսոնյանն էլ գերմաներեն-անգլերեն բաժնի մագիստրատուրայի ուսանող է, որ այս պարապմունքներում հայտնվել է նույնպես հայտարարությամբ: Ու թեեւ զգալի գործնական շփումներ է ունեցել նաեւ Հայաստանից դուրս, այնուամենայնիվ աշխատանք գտնելու հմտությունների ու կարողությունների կարիք ունի: Գայանեն արդեն իսկ կարող է ասել, որ «Աշխատանքի բանաձեւ» ծրագրին իր մասնակցությունը ինքնահաստատման յուրօրինակ ճանապարհ է: Հատկապես որ այս ընթացքում ինքն իր մեջ կարողություն է զգում մարդկանց մեջ իրենց իսկ ներկայացնելիս չամաչելու, ճիշտ ու հասկանալի արտահայտվելու եւ այլն: Ըստ Գայանեի, այսօրինակ պարապմունքների ընթացքում, իրենք տարբեր դերերով խաղեր են իրականացնում որոշակի պատկերացում կազմելով, թե ինչ պահանջներ կարող է ներկայացնել գործատուն եւ ինչպիսի մոտեցում պետք է դրսեւորի աշխատանքի համար դիմող երիտասարդը:
«Աշխատանքի բանաձեւ» ծրագրի նպատակը, Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի փոխնախագահ Մարիամ Մարտիրոսյանի ներկայացմամբ, ավելի գլոբալ է, քան ուղղակի երիտասարդությանը աշխատանքի տեղավորվելու հմտությունների ու կարողությունների փոխանցումն է: Ըստ ասոցիացիայի փոխնախագահի, կոնգրեսի նպատակն է այս ծրագրով եւս մեկ կապ ստեղծել երիտասարդների ու հայրենիքի միջեւ, որպեսզի աշխատանքով սեփական գոյությունը ապահովելու ընդունակ երիտասարդները նախ չհեռանան հայրենիքից, իսկ նրանք, ովքեր արդեն հեռու են, մտածեն վերադարձի մասին:
Երիտասարդների հետ շփումը, ըստ Մարտիրոսյանի, ակնհայտ դարձրեց, որ նման պարապմունքների կարիք կա, ընդ որում, հենց աշխատանք փնտրելու պարագայում, որ բացի տեղեկատվական մի քանի պարբերականում աշխատանքի տեղավորվելու հայտարարություններ փնտրելուց, հարկ է ինքնուրույն ու ակտիվորեն զբաղվել աշխատանքի փնտրտուքով: Իսկ «Աշխատանքի բանաձեւ» ծրագիրը հենց հնարավորություն է տեղեկանալու, սովորելու, հմտանալու, թե ինչպես, որտեղ, ինչ մեթոդներով փնտրել աշխատանք, ինչպես ներկայանալ ու ինքն իրեն ներկայացնել հարցազրույցի ընթացքում եւ այլն: Առավել կարեւոր է, որ, ըստ Մարտիրոսյանի, այս ծրագիրը մեծ հավանականություն ունի դառնալու շարունակական, հատկապես եթե հաշվի առնենք, որ երիտասարդների հետաքրքրությունն անսպասելիորեն մեծ է, ավելին, քան ծրագրի ներկա մասշտաբներն են:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ