ՌԱՖԱՅԵԼ ՀԱՄԲԱՐՅԱՆ
Երկու կուսակցություն հայկական միջավայրում, մեկը հպարտացող իր դարախավ հնությամբ, մյուսըՙ շողշողուն թարմությամբ: Երկուսն էլ մաս են կազմում կառավարությանը, որը հորջորջվում է կոալիցիոն: Գրեթե նույնպիսի գործելակերպ. ընտրություններից առաջ ատամ են սրում ու մոլեգին կրքոտությամբ պատառոտում իշխանական թերացող ինստիտուտներըՙ գագաթից առ ստորոտ: Մեկը, առավել ռադիկալը, թատերաբար այրելով բոլոր կամուրջները, գավառական առաջատար դերասանիՙ հետին շարքերին լսելի, վատ իմաստավորված ճիչերով դուրս է թռչում կոալիցիայից, իր այնտեղ գտնվելը համարելով ճակատագրական սխալ, իսկ նրա գործունեությունըՙ շատ մոտ զրոյին: Մյուսը, փորձառու եւ շրջահայաց հինը, մնալով նրա կազմում, էլ ավելի ոչնչացնող սրությամբ քննադատում է կառավարությանը, փոքր-ինչ խնայելով մյուսներից ոչ պակաս թերացած այն ասպարեզները, որոնց նախարարական պորտֆելները վստահված են եղել իրենՙ դրանք, իբր, շարժուն կղզյակներ են եղել նեխող լճակում, ինչի հետ հանրությունն, իհարկե, կտրականապես համաձայն չէ: Ամենքին հասկանալի էՙ երկուսն էլ քարը քարի վրա չթողնելով ձգտում են տիրանալ իշխանական ողջ համակարգինՙ նախագահականից առ վարչական, ուժայինից առ սոցիալական: Շռնդալից քննադատությունից շշմած, քիչ էլ արբեցած ընտրողների մի մասը, կարծելով, թե սրանք, խրատված նախկին սխալներից, իրապես որդեգրել են ընդդիմադիր կեցվածք, գնում է նրանց հետեւից, բայց ոչ այն չափով, որ սրանք տիրանան երազած ամբողջին: Մի առանձին հավատ չունեն նրանց նկատմամբ, պարզապես փորձարկում են եւս մի անգամ: Եվ համոզվում են եւս մի անգամՙ կատվի վազքը մինչեւ մարագն է, կուսպարագլխինըՙ մինչեւ աթոռ: Անհաշտության եւ նորարարության երդումնաշատ խոստումներով ձայներ փրցրած այս զույգը, զգալով, որ անջատվում է իշխանական ամենազոր մսեղիքից եւ նետվում հետագա անհայտության գիրկը, վայրկենապես դառնում է հլու կամակատարը «անաչառ» քննադատության մեծապաշտոն թիրախներիՙ նրանց մատի թեթեւ կանչով: Համաձայնում է հեղինակությունը հիմնավորապես սասանելու գնով մաս կազմել իշխանական բուրգին: Եվ դեռ ընտրողին հիմարի տեղ դնելով հռչակել, թե տեսեք, մե՜նք, իշխանականնե՜րս, շահել ենք ձայների ճնշող մեծամասնությունը, երբ մասնավորապես իր օգտին քվե են տվելՙ դիմադիրի ծխածածկույթով քողարկված նրա ճամարտակություններից խաբված: Էլի նույն խարխուլ հյուղակը, նույն տաշտը, անհամար պրոբլեմներից փոթորկվող նույն ծովը, որի փրփուրներն այդպես էլ ոսկե ձկնիկ չեն պարգեւելու, եւ դա ակնհայտ է եղել դեռ նախորդ կոալիցիայում: Աննախանձելի, նվաստացուցիչ դաշինք, որի համար ամաչում են ընտրողները եւ խորապես զղջում խորտակված ձայների եւ անուրջների համար, բայց ոչ այսպես ասած ընտրյալները: Մի կողմը սրանց ընկալում է որպես կեղծ դաշնակիցՙ դիվանագիտորեն լռելով այդ, մյուսըՙ կեղծ ընդդիմություն, ամենին լսելի դատապարտելով նրանց: Հաղթեին-կպոռային` կեցցե ընդիմության արդար գործը, պարտվել են, թույլ շշնջում ենՙ «մենք պետականամետ ենք»: Մի քանի հանրահայտ քարոզիչ ակտիվիստներ, հայացքներն ակնդետ հառած կուսմեծավորների թղթե ֆռիկին, ափալ-թափալ նետվում են «գաղափարապես» հիմնավորելու նրանց նոր, հարյուրվաթսունաստիճանանոց դարձը: Բոլորը գիտակցում ենՙ հայ իրականության մեջ այլեւս փաստ է ոչ միայն անհատ պատեհապաշտների, այլեւ պատեհապաշտ կուսակցությունների առկայությունը: Կրկնվող վարքագիծ, որը միայն բացասական ազդեցություն կարող է ունենալ տվյալ կուսակցության շարքերի, նրանց միջոցով էլ` ողջ հասարակության բարոյական դիմապատկերի վրա: Առաջնորդվողը առաջնորդողին, վարը վերին, ենթական ղեկավարին մեքենաբար նմանվելու հակում ունի իրենից անկախՙ դյուրահավատ հիացած ղեկապետերով, երբեմն դա դիտելով վարքի բնականոն նորմ, երբեմն հարկադրված, ինչպես, ասենք, Ստալինի օրոք համընդհանուր էր լայնափող վարտիքը ստալինավարի սապոգների մեջ դնելը ԽՍՀՄ-ում, Մաոյի օրոքՙ մաոյավարի հովհարավոր անշուք գլխարկը ճակատին քաշելը Չինաստանում: Երբեմն էլ միջոց է վեր մագլցելու: Հետո՞: Հետո Ստալինը միլիոնների հարկադրեց հավատալ, որ կյանքը կանգ կառնի առանց իրեն եւ երբ մահացավ, փոխանակ բռնակալի անէանալը գոնե լուռ ողջունելու, կույր հավատացյալները, այդ թվում հայ գրող Ղեւոնդ Կոմունին, աՃապարեցին Մոսկվա եւ իրենց մատաղ բերին «բոլոր ժամանակների հանճարեղ առաջնորդին»ՙ իրենց նմանների ոտքերի տակ ճզմվեցին Կարմիր Հրապարակում: Հետո այն, որ Մաոն ձեւավորեց մատաղահասների մի ողջ բանակՙ խունվեյբիններին, որոնք հարկադրում էին անգիր անել իրենց կուռք «մեծ նավավարի» տաղտկալի ասույթներն ու ոտանավորները, եւ սպանում էին դրանում դույզն իսկ թերացողին: Շարունակական է սա: Հանգամանքների սխալ բերումով քաղաքականություն ներխուժած երերուն մի երիտասարդ զինվորագրվել էր ՀՀՇ-ին, խոսում էր իր կուռքի ոճով ու շարժուձեւովՙ առանց ամաչելու բառ առ բառ կրկնելով նրան: Ապա հարեց հայր Դեմիրճյանին եւ դարձավ նրա նմանակը, հետո ասես որդի Դեմիրճյանի դերակատարը լիներ բառով ու ժեստովՙ մինչեւ զզվեցրեց բոլորին, մաշվեց, չքացավ անհետ: Հնարավոր է, որ սխալվում ենքՙ այդպիսիները մինչ մահու բերան ծառայություն են առաջարկում եւ, այո, գտնում գնող:
Երեկվա հերսոտին
Պատում է երկյուղ,
Ու նետում նկուղ:
Առուծախի դարը
Չի մարում քանքարը
Հարմարվողի անկեզ:
Արծաթում է ձայնալարը,
Որ վերստին իջնի
Ստի ասպարեզՙ
Բնույթին գերի
Թունոտ շեշտերից
Հիմա էլ անցնի մեղրոտ հանգերի:
Պարտադիր չէ, որ հանրության դատը դավողները մեռցվեն ֆիզիկապես, ինչպես Ցիցերոնը, նա ուժ էր, իսկ սրանք ձեռնասուն կենդանի խաղալիքներ, ինչքան ասես կարող են մնալ տիրողի բռում: Սակայն սրանք էլ, անշուշտ, ունեն մահ, որն ավելի սարսափելի, ավելի անշունչ ու դիակնային է, քան բուն մահը: Սրանք բարոյապես մեռածներ են, որոնց գերեզմանոցը նոր է փռվում «ժողովրդավարական» Հայաստանում եւ ընդլայնվելու մեծ հեռանկար կունենա, եթե նրա առաջին հանգուցյալները քաջություն չունենան հառնելու եւ կոկորդով մեկ ճչալուՙ կանգ առեք, եղբայրներ, մի կրկնեք մեր սխալը, մենք մեր չնչին կարիերային եւ նյութապաշտական նկրտումներին զոհ բերինք մեր մարդկային առաքինությունները, դուք հակառակն արեք, դուք խոսք տալուց առաջ նախ մտածեք, թե հաջորդելո՞ւ է գործ, դուք այսօր խաբելուց առաջ մտածեք, թե վաղն էլ ճարտարություն ունենալո՞ւ եք սուտը ճշտի տեղ սաղացնելու համար: Եվ ամենակարեւորը, ստախոսի համբավ ունեցողիդ իսկապես ճիշտը լսելո՞ւ է ունկնդիրը, թե նմանվելու ես հովվին, որն անընդհատ խաբում եւ ոտքի էր հանում գյուղին, թե գայլ է ընկել հոտ, ծիծաղում օգնության շտապած միամիտ հավատացողների վրա: Եվ երբ գազանն իսկականից հարձակվեց հոտի վրա ու սկսեց հոշոտումը, փրկության հասնելու հովվի հուսահատ աղերսներին ոչ-ոք չանսաց, եւ նա ոչխարների հետ գայլի բաժին դարձավ ...Ընդհանրացում, որը որքան եզոպոսյան, նույնքան էլ արիստոֆանյան, այգեկցիական ու կռիլովական է, որովհետեւ մզված է դարավոր փորձից եւ շարադրված գրչով նրանց, ովքեր կրողն են ներքեւի դառն ու խրատական փորձի: Այս կետում գրականությունն ու քաղաքականությունը կարծես խաչվում են, երկուսն էլ ապագային տալիս են ցուցադրական կենսագրություններ, որոնցից մեկի տերը, Եզոպոսը, հիմնադիրը եղավ համաշխարհային ճանաչում գտած «եզոպոսյան լեզվի», որով խոսող կենդանիները, բարձրանալով բանական աստիճանի, ավելի խելոք, հեռատես, անխարդախ ու հավատարիմ են իրենց բնույթին, քան «ցիցերոնյան պերճախոսության» հիմնադիր-վարպետ Ցիցերոնից սերող «իմաստունները», որոնց ամենահաղթ բանականությունն իջնում էր մինչ անկառավարելի բնազդի: Եվ այստեղ կշիռն, իհարկե, հօգուտ գրականության է, հօգուտ նրա անկաշառելի օբյեկտիվության, եթե նրա կրողը իսկական նվիրյալ է, այլ ոչ բարեկեցիկ վիճակ փախցնող մեկ գրականությունից, մեկ քաղաքականությունից, նայած նրանցից որն է ավելի մոտ իր ստամոքսին: Համոթ հայ գրականության, այս պահին մենք ունենք այդպիսիների մի կայուն խումբ, որը խաբում է գրականությանը նունքան անվրդով ու անպատասխանատու, որքան քաղաքականությանըՙ իր զինանոցում ունենալով շողոքորթանքից մինչ, այսպես ասած, անաչառ քննադատություն, որի տեսադաշտ տիրողը երբեք չի ընկնում: Զինյալ պաշտոնամոլությունից մինչ կուսադավությունՙ նայած որի դիվիդենտները սահող ժամին ավելի առատ կլինեն: Եվ սարսափով մտածում եսՙ մի՞թե սրանք հենց այն գրչակները չեն, որոնք մի օր նույն ջերմաշունչ «օբյեկտիվությամբ» արդարացնելու են հայ ժողովրդի եղեռնական սպանդ սանձազերծած Թալեաթին: Աստված, օր առաջ փրկյա զմեզ սատանեկան կամքի այս ստրուկներից...
Մեսիայի հետեւից վազելը, իրավ, վերջ է ունենում, առավելապես ողբերգական` թե վազացնողի, թե վազողների համար: Չենք մոռացել, որ մի խումբ ոգեշունչ կանայք անցյալ դարավերջին ճիշտ այդպիսի նշմարներ էին հայտնաբերել ՀՀՇ-ի եւ նրա նորաբողբոջ խոստումների խտացում Լեւոն Տեր-Պետրոսյանի մեջ, ստեղծել հատուկ ընկերակցություն հայերի համար առնվազն տարօրինակ եւ տհաճ մտորումներ առաջացնող «Շամիրամ» անունով: Շամիրամականները լուրջ-լուրջ քարոզում էին հավատալ, որ Լ.Տ.Պ.-ն աստվածապարգեւ մի հայտնություն էՙ ամենեւին անտեսելով, թե նա ինչպիսի սոցիալ-բարոյական, գաղափարա-կենցաղային արատներ է սփռում չորս դին: Ինչպես է քաղաքականապես ու տնտեսապես վատ հաշվարկված, վատ նախապատրաստված, էլ ավելի վատ իրականացված սեփականաշնորհում ու շուկայական հարաբերություններ փաթաթում օտարի թելադրած «համատարածներից» շփոթված հանրության վզին: Հանուն նեղ մի խմբակի` շահերի զրկում է նրան հանդարտ կողմնորոշվելու, ընտրություն կատարելու, իր հասանելիքը գիտակցելու եւ ստանալու նորահաս իավունքից: Թշվառությունն էլ ավելի խորացավ: Անձամբ շամիրամականների համար սա կարճ ժամանակով օգտակար եղավՙ նրանցից մի քանի հոգի թափանցեց Ազգային ժողով եւ տաքուկ անկյուններում մնաց այնքան, քանի դեռ իրենց հովանավորը կամենում եւ կարենում էր ընտրակեղծիքներով ապահովել այդ: Եվ երբ ասպարեզից դուրս հրավիրված պարոն Առաջինը տեւական լռությունից հետո նպատակահարմար գտավ կրկին զգացնելու իր գոյությունը, փոշիներից հառնած շամիրամականները, ինչպես նաեւ նրա օրոք բարեբախտության, բարեկեցության եւ աթոռի տիրացած մյուսները եռանդուն քարոզ ծավալեցին, թե ժողովուրդ, ոտքի ելեք, շուտով կայանալու է մեսիայի երկրորդ գալուստը: Դրա ողբերգական բարձրակետը 2008-ի մարտի 1-2-ին էր եւ այնքան արյունոտ, որ իսկեւիսկը տեղին կլիներ բացականչել. մարդիկ, նույն ջուրը երկրորդ անգամ չեն մտնում, խաբողին երկրորդ անգամ չեն հավատում:
Ամբողջ խնդիրը հենց նրանում է, որ մեսիայի ներքո զանգվածը տեսնում է ոչ թե կոնկրետ անձի, այլ խորհրդանիշի, որն իրեն առիթ է տալիս հորդառատ արտավիժելու զայրույթը, բողոքը, ընդվզումըՙ կուտակված ու եռ եկող իր մեջ անթիվ-անհամար անարդարություններից, արհամարանքից` հանդեպ իր տարրական իրավունքները: Բազմապիսի կեղեքումներից, որոնց առաջն առնելու փորձ ոչ միայն չի արվում, այլ կարծես հատուկ իշխանական օղակներ կան, որոնք գիշեր-ցերեկ գլուխ են ջարդում նոր բնույթի ինչ-որ հարկեր, պետտուրքեր եւ գանձումներ հորինելու, քաղաքացուց փող գջլելու համարՙ որ կողմն ու ինչպես էլ շուռ գա նա: Անհասանելի է դառնում թռիչքըՙ թե բառիս բուն, թե փոխաբերական իմաստով: Ինքնաթիռից օգտվելիս նրանից պոկում են օդի վարձ այնպիսի ահռելի չափերով, որ եթե, ասենք, Ռուսաստանն այդպիսի տուրք սահմաներ, ապա այլեւս անողորմաբար վաճառքի չէր հանի ստորգետնյա իր հարստությունները, կնստեր ու կհաշվեր. Հայաստանը, որի օդում, ուր էլ աճապարես, արագընթացը մի քանի րոպեից ավել չի մնում, գանձում է տասը հազար, ինչու ես չպոկեմ հարյուր հազար, մեկ միլիոն ու ավելի, քանզի իմ օդով թռիչքը տեւում է երկարուձիգ ժամեր: Նորընտիր նախագահը խոստումներից գործի անցնելու հիանալի սկիզբ կավետեր, եթե վայրկենապես վերացներ պատիվ չբերող օդահարկը: Կամ հրովարտակով դադարեցներ կամայականորեն մարդկանց ստիպելը, որ նրանք գործարքներ կատարելիս ինչ-որ լրացումներ մտցնեն վաղու՜ց ի վեր հայտնի, վաղու՜ց ի վեր հաջողությամբ ծառայող հասցեներում, դրա դիմաց վճարելով տասնհինգ հազար: Բավարար կլիներ ընդամենը դրամաշորթում սանձազերծողին սանձող մի ճշգրտում. պարոնայք, ամենուր որեւէ փոփոխություն նախաձեռնողն է դրա դիմաց վճարում, իսկ մեզանում բեռը միշտ ժողովրդի կռնակին է: Նախորդ երկու նախագահներն էլ տառացիորեն մատ մատի չխփեցին յոթ տասնամյակ շարունակ խորհուրդների կողմից շահագործված, դառը դատած, դատարկ նստած 40-60 տարեկանների վիճակը թեթեւացնելու համար: Ընդհակառակը, յուրացրին նրանց չնչին խնայողություններըՙ ասես միայն նրա համար, որ կուսակցությունները պարբերաբար ու անպտուղ շահարկեն դրանք հետ վերադարձնելու հարցը, այդ թեմային հեծած ներխուժեն Ազգային ժողով, պոչատ որոշումով մի մասին չնչին փոխհատուցում տան` ի հաշիվ մյուսի նպաստը կտրելու: Երկուսն էլ հասարակության բարոյական անկումը հասցրին մի այնպիսի հուսահատ կետի, երբ մարդն այլեւս հետաքրքրված չէ հոգեւորով, նա չի կարդում, չի դիտում, չի հանգստանում, չի բուժվում, այլ միայն մտածում է իր ֆիզիկական գոյությունը մի կերպ պաշտպանելու մասին: Մտքի թռիչքը, տաղանդը, ստեղծագործելու փափագը հարգի չէ: Աներեւակայելի չափերի է հասել անտագոնիզմը հասարակության բոլոր շերտերում. նախ ահռելի խորացավ հակասությունը իշխանության եւ ժողովրդի միջեւ, ժողովրդի եւ բարիքների լիակատար տեր փոքրաթիվ գերհարուստների միջեւ. սրանք իրենք եւ իրենց դրածոները զավթել են իշխանական բոլոր աստիճաններըՙ ընտրովիից առ նշանակովի: Բարոյական անկումը, իրավ, հասել է ծայրագույն աստիճանի, բարոյականությունն այլեւս մի երեւույթ է, որն արժեքավորողն առնվազն տխմար է, իսկ ոտնատակողըՙ հերոս, եւ այս բառը չակերտելու ոչ մի կարիք չկա: Դատավորը, դատախազը, ոստիկանապետն անցնում են երկարուձիգ, մանրակրկիտ ստուգում, երդումներ ուտելովՙ հաստատվում նախագահի կողմից կարծես միայն նրա համար, որ հետո հեշտությամբ դրժեն դրանք եւ արդարություն որոնողից հնարավորինս շատ շորթեն: Աստիճանավորն հանձնում է պետական քննություն, սովորում կառավարման հատուկ դպրոցներում կարծես միայն նրա համար, որ ճիզվիտական հնարքներով դիմողին նետի բյուրոկրատական քաշքշուկի ոլորտ, տանջի նրան, դրդի կաշառատվության: Բժիշկը հիպոկրատյան երդում է տալիս կարծես միայն նրա համար, որ խնդա այդ ազնվաբարո ծերուկի միամիտ համոզման վրա, թե կարեւորը հիվանդի բուժումն է դեղով ու խոսքով, մինչդեռ գիտելիք ստանալու համար ճգնելու փոխարեն դասախոսին կաշառելով դիպլոմ ձեռք գցած մեր այս նորընծան բուժումը դիտում է ոչինչ, հիվանդից փող կորզելըՙ միակ ու ամեն ինչ: Այս ամենաթողության պայմաններում արդյոք ձեզ չի՞ պատում ցանկություն ահազանգելուՙ «Եղբայրնե՜ր, ժամն է պահանջելու, որ նախագահը հավատարիմ մնա ազգն արդար կառավարելու իր երդմանը...»: Ահազանգիր որքան ուզում ես, միեւնույն է, կմնա որպես «ձայն բառբառո հանապատի...»:
Իրավ, որքա՞ն կարելի է ասել ու խոսել անտանելի, կեղեքիչ երեւույթների մասին, որոնք ասես դիտավորյալ նախեձեռնվում են աստիճանավորներին փողաբեր «գործ տալու» համար եւ փշուր-փշուր են անում բարոյականության արդեն իսկ փլատակների վերածված տաճարի կենդանի բեկորները: Երկրում չկան չյուրացված, միմյանց եւ օտարի միջեւ չբաշխված հարստություններ, մնում է գջլել շնչող, թեկուզ եւ թույլ, բայց անընդհատ վերարտադրվող մարդ-արարածին, շարքային քաղաքացուն, անօգնական հային: Երերացող այս ստվերներից անսահման շատ ու երկար կարելի է փող քաշել, լցնել սեփական ու պետական գանձարանը, շորթած հազարի դիմաց «մեծահոգաբար» ու անտանելի նվազ հաճախականությամբ շորթվողին որպես ստանալիքի հավելում տալ մեկ դրամ: Սա հետեւանքն է ֆիսկալ քաղաքականության վատթարագույն, կծծի տարատեսակի, երբ նույնիսկ ողորմելի հասարակական հատկացումների ծախսերը փակելու համար շեշտը դրվում է ոչ թե արտադրության զարգացման, ընդլայնման, նրա արդյունքը արտահանելու միջոցով շռայլ փող վաստակելու, այլ ներմուծման, գների բացահայտ ու թաքուն բարձրացմամբ քաղաքացիներից հնարավորինս շատ փող կորզելու վրա: Դոլար-դրամային, զանազան այլ խաղերով, որոնց հիմնական նպատակը բաժին փախցնելն է օտար երկրներում չարքաշ վաստակից հարազատներին մասհանումներից, փողն առերեւույթ շատանում է, մինչդեռ նրա իրական գնողունակությունըՙ փոքրանում: Փող-թղթի ծավալի մեծացումը թույլ է տալիս պարծենալ, թե երկիրը տնտեսական վերելք է ապրում երկանիշ թվերով: Լսեցինք մեկուհազար, չտեսանք, չիմացանք, թե մեզ ի՞նչ օգուտ դրանից: Ոչ մի: Հարուստն ավելի է հարստանում, աղքատըՙ ավելի աղքատանում: Ո՞վ կդիմանա սրան:
Երկրի պարոնայք դատախազներից ոմանք գտնում են, որ քաղաքացին այս մասին ծպտուն հանելու իրավունք էլ չունի: Նրանք պահանջում ենՙ ով քննադատում է, նա պարտավոր է կոնկրետ փաստեր եւ անձեր թվարկել, ընդհանուր, հախուռն մեղադրանքը ենթակա է քրեական պատժի իբրեւ հերյուրանք եւ զրպարտություն: Ինչ արած, մի անգամ էլ մի շիթ «հախուռնից». «արդարադատներ», բարի եղեք պարզաբանելու, թե ինչպե՞ս ծախսի իր խղճուկ բյուջեն թոշակառուն, երբ վարձերը վճարելուց հետո նրան հատկապես ձմռանը չոր հացի փող էլ չի մնում: Վերջապես, ե՞րբ պետք է մեջտեղ գան նվազագույն կենսամիջոցների սոցիալական զամբյուղը, եւ վճարումներն ըստ նրա: Վերջապես, ե՞րբ պետք է փոխհատուցվեն սղաճը, թանկացումները, որոնք որպես կանոն նախորդում եւ հաջորդում են սակավաթիվ հավելումներինՙ առ ոչինչ դարձնելով դրանք: Թանկանում է ամենաանհրաժեշտըՙ հացը, ջուրը, օդը, հագնելիքը, վառելիքը, բնակարանը, բուժումը, ուսումը: Գները նման են հսկա բեգեմոտի, վաստակըՙ նրա շուրջն անհույս պտտվող ծիտիկի: Գները սրարշավ ձի են, թոշակըՙ դանդաղաշարժ կրիա: Բարեկեցությունը, որ ի սկզբանե մի բան չէր, անընդհատ դոփում է տեղում: Դոփում էինք առաջին նախագահի, էլ ավելի եռանդովՙ երկրորդի օրոք: Երրորդը... Թոշակի վաթսուն տոկոսանոց բարձրացումը գրեթե ի չիք է դարձել դրան նախորդած ձմեռնամուտի հրեշավոր թանկացումներից: Այնքան էլ կոնկրետ չէ նրա կարգախոսը, թե իր կառավարմանը մենք կրկնակի լավ ենք ապրելու, քան նախորդի: Ե՞րբ, ինչն ինչին հարաբերելով, համեմատելով ու հակադրելով: Չի երեւում, թե ի՞նչ նոր ձեռնարկություններ են բացվելու, որտե՞ղ, քանի՞ աշխատատեղով, ի՞նչ աշխատավարձով: Չի երեւում, թե մենք ջեռուցում ունենալո՞ւ ենք, շուրջօրյա ջուր ունենալո՞ւ ենք, նորմալ տրանսպորտ ունենալո՞ւ ենք, խոստումներ, որոնք իրեն այնքան էլ չսազող հուզումով տալիս էր երկրորդ նախագահը եւ չարացած հեռացավՙ դրանք երրորդին ժառանգած: Սրանք փաստեր չե՞ն: Միթե՞ իրավապահների մեջ չկան գրական-լրագրական ժանրերին ծանոթ, հրապարակախոսությանը, ընդհանրացման նրա ուժին առնչված գիտակներ: Կան, այն էլ բավական շատ, ինչպես որ կան ոչ խղճամեռ անձեր, որոնք դատում ենՙ աչքերը փակ, մեղավորն ու անմեղն իրարից զատելու մասնագիտական ու մարդկային պարտքի գիտակցմամբ: Կոնկրետացում պահանջող սպառնասերները թող այցելեն թոշակառու Պողոս Պողոսյանի տուն, հետո էլ տնտղեն Պետրոս Պետրոսյանի, Մարկոս Մարկոսյանի եւ տասնյակ ու տասնյակ այլոց բյուջեն: Նորընտիրին մաղթում ենք իր անհամար օգնականների, գիտնականների, մտավորականների եւ, ամենակարեւորը, հասարակ քաղաքացու կարծիքին ապավինածՙ հիմնավորապես վերանայել իշխանություն-ժողովուրդ փոխհարաբերության անտանելի միակողմանի սկզբունքները, որոնք հավասարակշռելու հակումը կարծես նկատելի է նրա մոտ եւ ժողովրդին նորեն առիթ է տալիս մտածել հավատքի եւ հույսի գալու մասին: Բարին ի կատար: