«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2008-07-24 | #142, 2008-07-25 | #143, 2008-07-26


ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆԻ ՀԵԼԻՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԱՍԻՆ «ԱԶԳԻ» ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԸ

Մեծ հետաքրքրությամբ ընթերցեցի «Ազգ» օրաթերթի հուլիսի 12-ի համարում տպագրված «Համազասպյանի անհատական հելիոհամակարգերը» հոդվածը, որը նվիրված է մեր հանրապետությունում էներգիայի այլընտրանքային աղբյուրների, մասնավորապես` արեւի էներգիայի օգտագործման իրատեսական հնարավորություններին:

Ի՞նչ է սպասում մարդկությանըՙ էներգետիկ քա՞ղց, թե՞ էներգիայի առատություն: Այդ հարցը, որի մասին դեռեւս կես դար առաջ ոչ ոք չէր մտածում, մեր օրերում ձեռք է բերել համընդհանուր հետաքրքրություն: Լրագրերի ու հանդեսների էջերից չեն իջնում էներգետիկ ճգնաժամի մասին հոդվածները: Նավթի պատճառով ծագում են պատերազմներ ու փոխվում կառավարություններ: Մարդիկ դեռ սենսացիա են համարում էներգետիկ նոր սարքավորումների գործարկման կամ նրանց հայտնագործությունների մասին հաղորդումները, որոնց օգնությամբ կարելի է «էներգիա ստեղծել» նոր ձեւով:

Դժբախտաբար, ժամանակակից էներգետիկայում ամենատարածված վառելանյութերիՙ նավթի, գազի ու ածուխի պաշարները ամենեւին էլ անսահման չեն: Միլիոնավոր տարիներ են պահանջվել, որ բնության մեջ ստեղծվեն այդ պաշարները: Մինչդեռ դրանք սպառվում են շատ ավելի արագ:

Ահա՛ թե ինչու արեւի էներգիայի, որպես էներգիայի անսպառ եւ, ամենակարեւորը, էկոլոգիապես մաքուր աղբյուրի օգտագործումը տնտեսության մեջ, դառնում է ավելի ու ավելի հրատապ:

Այս իմաստով հանրապետության գյուղական համայնքների հելիոֆիկացիայի վերաբերյալ Համազասպյանի ծրագիրը համարում եմ հետաքրքրական եւ ուշադրության արժանի:

Սակայն, նույնիսկ ամենաիրատեսական ծրագրերը հնարավոր չէ կյանքի կոչել` առանց լուրջ ֆինանսական ներդրումների, առանց համապետական ուշադրության: Կարծում եմ, որ թերթը նույնպես պետք է համապատասխան հետեւողականություն դրսեւորի իր կողմից բարձրացվող խնդիրները մինչեւ վերջ հասցնելու ուղղությամբ:

«Հրապուրում եւ հուզում են միայն մարդկանց գործերը», գրել է Անտուան դը Սենտ-Էքզյուպերին: Եվ մարդկանց գործերը, նրանց հզոր մտքի ու հմուտ ձեռքերի ստեղծագործությունները միշտ կլինեն այն բանի գրավականը, որ երբեք կանգ չի առնի առաջադիմությունը, էներգիայի անբավարարությունը երբեք արգելք չի դառնա մարդկային քաղաքակրթության զարգացման ճանապարհին:

ԷԴԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՔԳԹ դոցենտ, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4