«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2008-07-25 | #143, 2008-07-26 | #144, 2008-07-29


ԿԱՆԴԱՄԱԿՑԻ ՆԱՏՕ-ԻՆ ՎՐԱՍՏԱՆԸ, ԹԵ ՈՉ` «ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ ԼԱՎԸ ՉԼԻՆԵԼՈՒ»

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բաժանարար գծերն առանց ամենայնի էլ կան Հարավային Կովկասում: «Վրաստանի ՆԱՏՕ մուտք գործելու դեպքում արդյոք Կովկասում կհայտնվեն բաժանարար գծեր» թեմայով Երեւան-Թբիլիսի տեսակամուրջի մասնակիցների հիմնական մոտեցումը հենց այս մեկ նախադասությամբ էլ կարելի է բնութագրել:

Իսկ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնի տեսակամուրջին մասնակցում էին հայկական կողմից ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը եւ Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, վրացական կողմից` քաղաքագետներ Գիա Խուխիշվիլին եւ Սոսո Ցիսկարիշվիլին:

Վրաստանն, ի տարբերութուն Հայաստանի եւ Ադրբեջանի, ըստ քաղաքագետ Ցիսկարիշվիլու, գործնականում այլընտրանք չունի իր քաղաքական կողմնորոշմանը, քան արեւմտյան վեկտորը, որ տվյալ դեպքում ենթադրում է հենց անդամակցություն ՆԱՏՕ-ին:

Ըստ վրացական կողմից տեսակամուրջին մասնակից Խուխաշվիլու, Հայաստան-Վրաստան հարաբերությունները պետք է պահպանվեն ու հնարավորությամբ ենթակա լինեն տարածաշրջանային քաղաքականությանը: Ամեն դեպքում, Խուխաշվիլու կարծիքով, Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բացասաբար չի ազդի տարածաշրջանի վրա, քանի որ ՆԱՏՕ-ն ոչ միայն ռազմական դաշինք է, այլեւ ներքաղաքական ստանդարտների ներմուծում:

Ինչ վերաբերում է բաժանարար գծերին, ապա այդ առնչությամբ Խուխաշվիլին գտնում է, որ 21-րդ դարի գլոբալացվող իրողություններում սահմանների վրա մեծ շեշտադրում անելը եւ սահմանների հարցերը չլուծելով դրանք առկախ պահելը տարբերակ չէ:

Կովկասում գլոբալ առումով բաժանարար գծերն արդեն կային դեռեւս ԽՍՀՄ փլուզումից հետո, եւս խորհրդարանական Արմեն Աշոտյանի մոտեցմամբ, ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությամբ չէ, որ դրանք կառաջանան: Ուստի այդ կառույցին անդամակցությունից հետո Հայաստան-Վրաստան հարաբերությունները պետք է ձգտել պահել առանց ազդեցության ավելի գլոբալ խաղացողների հարաբերությունների պրոյեկտումից:

Աշոտյանը տեսակամուրջի սկզբում նշեց նաեւ Վրաստանի` Հայաստանի դեմ տարբեր նախագծերում ընդգրկված լինելու հանգամանքը, մինչդեռ Հայաստանը նման դիրքորոշում չի արտահայտում որեւէ հարցում:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ավելացրեց, որ առավել կարեւոր է ուշադիր լինել ոչ թե Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցության հարցի նկատմամբ, ինչը լինելիք է, այլ թե երբ դա տեղի կունենա, հատկապես որ մեկ այլ ՆԱՏՕ-ական երկիր` Թուրքիան բավականին մոտ է Հայաստանին թեկուզ զուտ աշխարհագրական առումով: Իսկ հենց բաժանարար գծերի առումով ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը ծառայողական դեր ունի, քանի որ այդ բաժանարար գծերն արդեն իսկ կան:

Իսկանդարյանի մոտեցմամբ, առավել կարեւորվում է այն հարցը, թե չնայած այդ բաժանարար գծերին արդյոք կբավարարե՞ն ուժերը հայ-վրացական հարաբերությունները լավը պահելու համար, հատկապես որ, ըստ քաղաքագետի, Հայաստան-Վրաստան հարաբերությունները որոշ իմաստով դատապարտված են միշտ լավը չլինելու, քանի որ մեծ է դրանք փչացնելու ռիսկի աստիճանը:

Տեսակամուրջի մասնակիցները անդրադարձան նաեւ Կարս-Ախալքալաք նախագծին ու դրա իրագործմամբ Հայաստանի հանդեպ Վրաստանի մոտեցման գնահատականներին: Սոսո Ցիսկարիշվիլին այս առնչությամբ նշեց, թե հարեւանին վնասելը քաղաքակիրթ ժողովրդի համար նպատակ չի կարող լինել, բայց կովկասյան իրողություններն այլ բանի մասին են խոսում:

Քաղաքագետի խոսքերով, Վրաստանը որպես հարավկովկասյան պետություն պակաս հետաքրքրական է եվրոպական կառույցներին եւ Միացյալ Նահանգներին, քան որպես սեւծովյան ավազանի երկիր: Եվ այս ամենի ֆոնին Կարս-Ախալքալաք նախագիծը բնավ էլ ոսկե հնարավորություն չէ, բայց արժեքավոր է տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից:

Գիա Խուխիշվիլին իր գործընկերոջ խոսքերին ավելացրեց, որ Վրաստանը միշտ երաշխավոր է, որ վրացական նավահանգիստներից բեռները կտեղափոխվեն Հայաստան, ընդ որում, Վրաստանը, ըստ քաղաքագետի, երաշխավոր է նաեւ Կարս-Ախալքալաք գծով բեռների Հայաստան փոխադրման համար:

Արմեն Աշոտյանի մոտեցմամբ, Կարս-Ախալքալաք նախագիծը տարածաշրջանային համագործակցության կամ անվտանգության սկզբունքներով մատուցելու դեպքում ավելի շուտ սեփական երկրների հանրությանը թյուրիմացության մեջ է գցում: Ընդ որում, այս առնչությամբ նույն նախագիծը Ռուսաստանը շրջանցող որակելու հանգամանքը, ըստ Աշոտյանի, պակաս կարեւոր է, հատկապես Հայաստանի պարագայում, քանի որ մեզ ավելի շատ հուզում է հենց այդ նույն նախագծի` Հայաստանը շրջանցելու պարագան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4