«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2008-07-25 | #143, 2008-07-26 | #144, 2008-07-29


ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԱԾ Է

Իրան-Հայաստան բարեկամության միությունը մեկ տարուց ավելի է, ինչ սկսել է իր աշխատանքները 15 հոգանոց հիմնադիր կազմով: Այնուհետեւ ընտրվել է վարչական կազմ եւ քննիչ մարմին: Ունի հինգ մասնագիտական հանձնախմբերՙ մշակութային, արվեստի, գրական ու զբոսաշրջիկության, հասարակական, տեղեկատվական, զանգվածային լրատվական միջոցների ու հասարակական կազմակերպությունների, գիտական, տեխնիկական, կրթական ու հետազոտական, տնտեսական, առեւտրական ու արդյունաբերական, մարզական ու երիտասարդական:

Հասարակական այս միության հիմնական նպատակը երկու երկրների ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդումն ու զարգացումն էՙ գիտական, արվեստի, տնտեսական, տեխնոլոգիաների, առեւտրական, հասարակական, հաղորդակցության եւ այլ ոլորտներում:

Հուլիսի 14-ին Թեհրանի «Արարատ» մարզավանում տեղի ունեցավ Իրան-Հայաստան բարեկամության միության (ԻՀԲՄ) հիմնադրման արարողությունը, որին ներկա էին մեծ թվով հայ եւ պարսիկ հրավիրյալներ: Հաջորդաբար արտահայտվեցին ԻՀԲՄ-ի նախագահ Լեւոն Ահարոնյանը, Հայաստանում Իրանի նախկին դեսպան Ալիռեզա Հաղիղիանը, Իրանում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը, Հայաստանում Իրանի առաջին դեսպան Սոբհանին, Թեհրանի հայոց թեմի թեմական խորհրդի նախագահ Աիդա Հովհաննիսյանը, պարսիկ գրականագետ Մուսավի Գարմարուդին եւ Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը: Ծրագիրը վարում էր տկն ՍեյՖը, որի ընթացքում հայերեն եւ պարսկերեն երգերով հանդես եկավ իսլամական մշակույթի եւ առաջնորդության նախարարության երաժշտական գրասենյակի երգչախումբը Ռազմիկ Օհանյանի ղեկավարությամբ: Արարողությունն ավարտվեց հյուրասիրության ջերմ մթնոլորտում:

ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՐԴԱՐՅԱՆ, Թեհրան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4