Կյանքի 76-րդ տարում մահացել է ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնը: Բրիտանացի խորհրդարանականը Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ է եղել 23 տարի, իսկ 1999 - 2002 թվականներին նախագահել է վեհաժողովը:
Պաշտոնական հաղորդագրության մեջ մահվան պատճառը չի նշվում: Լորդ Ջոնսթոնի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ են հղել կազմակերպության գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը եւ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դը Պուչը` բարձր գնահատելով Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում նրա բազմամյա գործունեությունը եւ մարդկային որակները: