«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2008-07-25 | #143, 2008-07-26 | #144, 2008-07-29


ՆԿԱՏԵԼԻ Է ԽՈՇՈՐՆԵՐԻ ՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ

Այդուհանդերձ ստվերից դուրս բերելու բավականին ռեսուրսներ դեռ կան

Մինչ հարկային պետական ծառայության հրապարակած այս տարվա առաջին կիսամյակի 300 խոշոր հարկատուների ցանկին անդրադառնալը հարկ ենք համարում նշել, որ այս ցանկում ընդգրկված հարկատուները վճարում են պետական բյուջեի 70-80 տոկոսը: Սա նշում ենք ուղղելու համար մեր թերթի հուլիսի 12-ի հավելվածում Արմեն Հովսեփյանի հեղինակած «Ապապետականացում, թե՞ համաժողովրդական ունեցվածքի թալան» հրապարակման մեջ նշված տեղեկատվությունը, որ 300 հարկատուները վճարում են բյուջեի մուտքերի 23 տոկոսը: Նշենք նաեւ, որ որպես այդ տեղեկատվության աղբյուր հեղինակը նշել էր «Համաշխարհային տարադրամային հիմնադրամը», որպիսի կառույց ուղղակի գոյություն չունի: Հեղինակը գուցե նկատի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամին կամ Համաշխարհային բանկին, որոնք, սակայն, երբեւէ նման տեղեկատվություն չեն հրապարակել:

Վերադառնալով 2008-ի հունվար-հունիս ամիսների առավել խոշոր հարկատուներին, նշենք, որ ցանկը վստահորեն գլխավորում է բջջային կապի առաջատար ընկերություն «Ղ-Տելեկոմը» («Վիվասել»)ՙ 15 մլրդ դրամ գումարով: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (7,4 մլրդ դրամ), այս ընկերությունն ավելի քան կրկնակի ավելացրել է հարկային վճարումները: Չմոռանանք նշել նաեւ այն բազմաթիվ բարեգործական ծրագրերը, որ իրականացնում է Հայաստանում «Ղ-Տելեկոմը»: Երկրորդ խոշոր հարկատուն «Հայռուսգազարդն» էՙ 9,4 մլրդ դրամ: Վերջինս 2007-ի առաջին կիսամյակում 1-ինն էր գրեթե 12 մլրդ դրամ վճարումներով: Երրորդը «Արմենտելն» էՙ 8,1 մլրդ դրամ գումարով, որը նույնպես նախորդ տարի ավելի մեծ գումար էր վճարելՙ 10,1 մլրդ դրամ: Չորրորդը տարիներ շարունակ Հայաստանի թիվ 1 հարկատուն եղած «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որն այս անգամ վճարել է 7,9 մլրդ դրամ, նախորդ տարվա 9,6 մլրդ դրամի փոխարեն: Փաստորեն, խոշոր հարկատուների առաջին քառյակից միայն մեկ ընկերություն է այս տարի ավելի քան կրկնակի ավելացրել հարկային վճարումները, նախորդ տարվա 4-րդ տեղից տեղափոխվելով 1-ին տեղ, իսկ մյուս երեքըՙ ընդհակառակը, նվազեցրել են վճարումները:

5-րդ եւ 6-րդ տեղերում են վառելիք ներկրող ընկերություններըՙ «Քաղպետրոլսերվիսը» եւ «Ֆլեշը»ՙ 4,9 մլրդ դրամ եւ 4,7 մլրդ դրամ վճարած հարկերով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երկուսն էլ ավելացրել են վճարած հարկերը: 7-րդ տեղում մինչ այժմ անհայտ «Ալեքս գրիգ» ընկերությունն է, որը վճարել է 4,4 մլրդ դրամ: Մեր ունեցած տեղեկություններով, սա ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նոր գրանցած ընկերությունն է, որտեղ տեղափոխվել է նրա բիզնեսի մի մասը: Իսկ նրա մյուսՙ «Սալեքս գրուպ» ընկերությունը նվազեցրել է իր վճարումներըՙ 1,8 մլրդ դրամ 2007-ի վեց ամիսների 3,3 մլրդ դրամի փոխարեն եւ 15-րդ տեղում է: «Հայաստանի էլեկտրական ցանցերը» 8-րդն էՙ 3,4 մլրդ դրամով, «Հայկական երկաթուղին»` 9-րդը 3,3 մլրդ դրամով եւ տասնյակը եզրափակում է ծխախոտ ներմուծող «Պարես Արմենիան»ՙ 2,4 մլրդ դրամով:

11-րդ տեղում «Գրանդ տոբակոն» է` 2,2 մլրդ դրամ: «Գրանդ հոլդինգի» մյուս ընկերությունը` «Ինտերնեյշընլ մասիս տաբակը» 13-րդն էՙ 2 մլրդ դրամով, իսկ «Գրանդ քենդին»` 30-րդը 1 մլրդ դրամով: Հայտնի գործարար Հրանտ Վարդանյանի այս երեք խոշոր ընկերությունները միասին վերցրած, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ, մոտ 1 մլրդ դրամով ավելի հարկեր են վճարել:

«Մաքուր երկաթի գործարանը» 2 մլրդ դրամ է վճարել, ինչը 3 անգամ ավելի է նախորդ տարվա ցուցանիշից (656 մլն դրամ): 17-րդ տեղում գտնվող «Միկմետալը» 1,5 մլրդ դրամով, նույնպես կտրուկՙ գրեթե 3 անգամ ավելացրել է իր վճարումները: Այս ցուցակի մասին խոսելիս հարկ է նշել ավտոմեքենա ներկրող ընկերությունների վճարած հարկերի կտրուկ ավելացումը, ինչը, բնականաբար, պայմանավորված է ներմուծվող ավտոմեքենաների թվի ավելացմամբ: Օրինակՙ «Տոյոտա Երեւանը» վճարել է 1,4 մլրդ դրամ նախորդ տարվա 528 մլն դրամի համեմատ: Կամ «Հյունդաի» մեքենաներ ներմուծող «Մագաստ ինվեստը» նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 211 մլն դրամի փոխարեն այս տարի վճարել է 568 մլն դրամ:

Կրկնակի ավելացրել է հարկային վճարումները ցեմենտ արտադրող ամենախոշոր ընկերությունըՙ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտը»ՙ 882 մլն դրամ, իսկ «Միկա ցեմենտը», որ անցյալ տարի ամենաստվերային ընկերություններից էր, ինչպես Միխայիլ Բաղդասարովին պատկանող մյուս ընկերությունները, այս տարվա առաջին կիսամյակում որոշ չափով դուրս է եկել ստվերից եւ այժմ 191-րդ տեղում է, վճարելով 179 մլն դրամ: Նախորդ տարի այս ընկերությունն ընդհանրապես 300-ի ցանկում ընդհանրապես չկար: Նույնը կարելի է ասել «Արմավիայի» մասին, որն այս տարի 111-րդն է 311 մլն դրամով, նախորդ տարվա վեց ամիսների 98 մլն դրամի եւ 281-րդ տեղի դիմաց, ինչը հիշատակել եւ քննադատել էինք այն ժամանակ ցանկին անդրադառնալիս:

Հարկ ենք համարում նաեւ նշել հայկական 14 բանկերի ներկայությունը 300 խոշոր հարկատուների ցանկում, որոնցից առավել մեծ վճարումներ կատարածներն են «Արդշինինվեստբանկը»ՙ 19-րդ տեղ եւ 1,4 մլրդ դրամ, «Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկը»ՙ 24-րդ տեղ եւ 1,3 մլրդ դրամ, «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստանը»ՙ 27-րդ տեղ եւ 1,2 մլրդ դրամ:

300 խոշոր հարկատուների ցանկում սկսել են ավելանալ շինարարական կազմակերպություններըՙ «Գրիար», «Գլենդել հիլզ», «Նորդ այլենդ» եւ այլն, թեեւ շատ ավելի համեստ դիրքերում, քան պետք էր սպասել շինարարական «բում» ապրող երկրում:

Զանգվածային սպառման ապրանքների եւ ներմուծողների մոտ նույնպես հարկային մուտքերի որոշակի ավելացում կա, ինչը, սակայն, ավելի շատ ներմուծվող ապրանքների գների բարձրացման հետեւանք է: Այսպես` «Վալետտան» 2008-ի հունվար-հունիսին վճարել է 778 մլն դրամ, իսկ անցյալ տարվա հունվար-հունիսինՙ 554 մլն դրամ, «Դերժավա-Ս»-նՙ 532 մլն դրամՙ նախորդ տարվա 427 մլն դրամի փոխարեն, «Քեթրին գրուպն» այս տարի վճարել է 651 մլն դրամ անցյալ տարվա 290 մլն դրամի դիմաց, «Սլավ գրուպը»ՙ 319 մլն դրամ անցյալ տարվա 138 մլն դրամի դիմաց, իսկ ահա ցորեն եւ ալյուր ներկրող երկու խոշոր ընկերություններից մեկըՙ «Մանանա գրեյնը» այս տարի վճարել է 631 մլն դրամ անցյալ տարվա 675 մլն դրամի փոխարեն: Սա առնվազն տարօրինակ է, քանի որ ընթացիկ տարում հացահատիկի գների բարձրացման տարի էր, եւ այս ընկերությունը կտրուկ ավելացրած, այլ ոչ թե նվազեցրած պետք է լիներ իր վճարումները: Նշենք նաեւ, որ վերը թվարկված բոլոր ներմուծողների վճարած շահութահարկի գումարները մեծ չեն եւ գտնվում են 10-30 մլն դրամի սահմաններում:

Տոնավաճառներից, որոնք շարունակում են շրջանցել ամեն տեսակ հարկային բարեփոխումները եւ որոնք շարունակում են աչքաչափով հարկեր վճարել, այս ցանկում են Մալաթիայի («Ռաֆայել Տաթեւ» ընկերություն), «Հրազդան» տոնավաճառները, «Հայաստան առեւտրի տունը»: Մյուսներն ընդհանրապես բացակայում են: Հյուրանոցներով նույնպես առատ չէ 300 խոշոր հարկատուների ցանկը: Այստեղ են միայն «Արմենիա-Մարիոթը» եւ «Երեւանը»: Մինչդեռ Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը ոչ միայն չի նվազում, այլեւ ավելանում է: Մի՞թե միայն վերոնշյալ երկու հյուրանոցներում են նրանք կանգ առնում: Օրինակՙ դարձյալ մեծաթիվ հյուրեր ընդունելու հնարավորություններ ունի եւ ընդունում է «Անի-պլազա» հյուրանոցը, բայց նա եւս բացակայում է այս ցանկում:

Արդյունաբերության ոլորտից խոշոր հարկատուների ցանկում են գրեթե բոլոր սննդի արդյունաբերության, ներառյալ խմիչքների հայտնի ձեռնարկությունները, ինչպես նաեւ հանքարդյունաբերության եւ մետաղամշակման ձեռնարկությունները:

Ամփոփելով կարող ենք նշել, որ այս ցանկում հիմնականում նկատվում է հարկային վճարների աճի միտում: Միաժամանակ, անգամ անվարժ աչքով նկատելի է, որ չնայած հարկային մուտքերի ավելացմանը, բավականին ստվերային գումարներ դեռ պտտվում են խոշոր հարկատուների մոտ: Սրա հետ մեկտեղ հարկ է, որ փոքր բիզնեսը նույնպես որոշակի դերակատարում ունենա բյուջեի համալրման հարցում, այլ ոչ թե սահմանափակվի զուտ խորհրդանշական հարկեր վճարելով:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4