Մեկնարկեց Բայրոյթի ամենամյա 132-րդ փառատոնը
Ամեն տարի հուլիսի 25-ից օգոստոսի 28-ը Բավարիայում գտնվող Բայրոյթ փոքր քաղաքը մետրոպոլ է դառնում օպերասեր կամ ավելի ճիշտՙ Վագների երաժշտության սիրահարների համար:
Կարմիր գորգ, մուգ ապակիներով լիմուզիններ, շքեղ լայնեզր գլխարկներ, մետաքս ու սմոքին... լրագրողներ ու լուսանկարիչներ, քաղաքական գործիչներ ու պետական պաշտոնյաներ, դերասաններ, երաժիշտներ ու նաեւՙ հասարակ մահկանացուներ են հավաքվում Կանաչ բլուր անունը կրող փառատոնի համար նախատեսված թատրոն-դղյակի առջեւ, ուր ավանդույթը շատ մեծ ուժ ունի:
Ի հեճուկս մի շարք պատճառներով (ֆինանսատնտեսական դժվարություններ, նացիոնալ-սոցիալիզմի կամ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներ) ամենամյա իր երթն ընդհատած լինելուն, հեղինակավոր պարբերականներում փառատոնային ապաշնորհ բեմադրությունների, նվազ հետաքրքրություն ներկայացնող դերերգիչների առատության մասին ավելացող քննադատության, Բայրոյթի փառատոնը շարունակում է մնալ Գերմանիայի ամենախոշոր օպերային իրադարձությունը: Գերմանացիներն ավանդութապաշտ են. սրա մասին է վկայում նաեւ փառատոնում մի անփոփոխ հանգամանքՙ աշխարհի որ անկյունից էլ լինեն երգիչներն ու բեմադրիչները, Բայրոյթի փառատոնին իրար հետ հաղորդակցվում են գերմաներեն: Բայրոյթը հավատարիմ է մնում Վագներին: Եվ ոչ միայն նրա համար, որ տարիներ ի վեր ներկայացնում է մեծ երգահանի 10 ստեղծագործություններըՙ ռեժիսորական տարաբնույթ մեկնաբանություններով: Վագների ցանկությունն էրՙ հիմնել մի թատրոնՙ հեռու մեծ քաղաքի աղմուկից, արվեստին նվիրվելու մի վայրՙ հասանելի բոլոր խավերի համար: Բայրոյթի փառատոնը պահպանում է մեծ գերմանացու երազը:
Բայրոյթի գոյատեւման ուժը նաեւ հենց այդՙ այսպես կոչված ոչ միայն «էլիտար» բնույթի մեջ է: Հայաստանում շատ սիրելի դարձած այս բառը հենց այն սահմանն է, որ ոչ թե իրականում բաժանում, այլ միացնում է Վագների երաժշտության սիրահարներին: Ոչ միայն 40-208 եվրո արժեք ունեցող տոմսը, որ պատվիրում են 10 տարի առաջ, եւ որի պատվերների քանակը 10 անգամ գերազանցում է նստատեղերի թվին, այլեւՙ կենցաղային թվացող մի մեծ խնդիր. ոչ բոլորը կարող են երկար, շքեղ հագուստներով 5 ժամից ավելՙ հաճախ նաեւ առանց ընդմիջման (ընդմիջումը 1 ժամ է տեւում), ձգվող օպերան դիտելՙ առանց փայտյա աթոռից կտրվելու, ուր զովացնող համակարգ չի տեղադրվածՙ ակուստիկային չվնասելու համար: 15 000 այցելուի համար նախատեսված Կանաչ բլուրը տարիներ ի վեր հյուրընկալել է նաեւ երաժշտության այն սիրահարներին, ովքեր բաց երկնքի տակ, առանց վճարելու, հարմարավետ տեղավորվելով 2000 աթոռներին կամ կանաչ խոտինՙ մի բաժակ գարեջրով կամ սուրճ ըմպելով են ունկնդրել օպերանՙ ռադիոյով: Կատարինա Վագները 2008-ին առաջին անգամ Կանաչ բլուր ժամանած իր մեծ պապի երկրպագուներին հրամցրեց փառատոնային տեխնիկական նորամուծությունը. «Զիմենս» ֆիրմայի տեխնիկական օժանդակությամբ տեղադրված 90 քառ. մետրանոց էկրանը, 50 հատուկ բարձրախոսներն ու ձայնը հզորացնող 36 (յուրաքանչյուրըՙ 80 000 վատտ) սարքերն ապահովեցին հնչյունային կատարյալ որակՙ կիրակի օրըՙ հուլիսի 27-ին «Մայստերզինգերի» հանրային դիտման եկած վագներյան 17 000 երկրպագուների համար: Թեպետ 30-ամյա Կատարինա Վագների 2007-ին բեմ բարձրացած հիշյալ բեմադրությունը ոչ միայն ծափերի, կշտամբանքների ու լուրջ քննադատության էլ է արժանացել, բայց մի բան հստակ էՙ տեխնիկական նորամուծությամբ նա 132-ամյա Բայրոյթի փառատոնն ավելի մերձեցրեց իր մեծ պապի երազինՙ «Վագներ բոլորի համար» գաղափարին:
Առաջին անգամ 1876-ի օգոստոսի 13-ին Ռիխարդ Վագների հղացած փառատոնը կյանքի կոչվեց իր ղեկավարությամբՙ «Նիբելունգներով», որը դիտելու պատիվն էին արել Ֆերենց Լիստը, Անտոն Բրուկները, Քամիլ Սեն-Սանսը, Պյոտր Չայկովսկին, Էդվարդ Գրիգը, Լեւ Տոլստոյը, Պոլ Լանդաուն, Ֆրիդրիխ Նիցշեն, Վիլհելմ 1-ին կայսրը, Բրազիլիայի Պեդրո 2-րդ կայսրը, Վյուրթեմբերգի արքա Կարլը եւ ուրիշներ: Ֆինանսների պատճառով հաջորդ փառատոնը կայացավ 1882-ին: Վագների մահվանից հետո փառատոնը շարունակություն գտավ Վագների այրուՙ Կոսիմայի ղեկավարությամբ: Ֆերենց Լիստի դուստր Կոսիման 1864-ին լքել էր իր դիրիժոր ամուսնունՙ Հանս ֆոն Բյուլովին եւ հետեւել իր սիրունՙ 25 տարով մեծ, 15 սմ-ով կարճահասակ Ռիխարդ Վագներին: Հավատարմության ու սիրո մի վկայություն էր նաեւ սիրելիի մահից հետո շարունակել նրա փայփայած գաղափարըՙ Բայրոյթի փառատոնը, որին նվիրվեց, եւ այն շարունակվեց, բայց ֆինանսատնտեսական պատճառներով, ցավոք, ոչ կանոնավորապես: Այնուհետեւ փառատոնը ղեկավարելու պատիվն ու հոգսը Կոսիման փոխանցեց որդունՙ Զիգֆրիդ Վագներին: Բայրոյթի փառատոնային պատմությունը շարունակվեց նաեւ վերջինիս մահից հետո. այրինՙ Վինիֆրեդ Վագները 1951-ին փառատոնի իր ղեկավարումը փոխանցեց որդիներինՙ Վիլանդին ու Վոլֆգանգին:
1919-ին ծնված 1967-ից Բայրոյթի փառատոնի միանձնյա ղեկավար Ռիխարդ Վագների թոռ եւ Ֆերենց Լիստի ծոռ, Զիգֆրիդ եւ Վինիֆրեդ Վագներների 3-րդ զավակըՙ Վոլֆգանգ Վագները օգոստոսի 30-ին տարիներ շարունակ ներընտանեկան կռվախնձոր դարձած իր պաշտոնը, (որին հավակնում էին Վագներ բազմաճյուղ դարձած ընտանիքի երիտասարդ շառավիղները, ովքեր երաժշտաթատերական, բեմական աշխարհում հայտնի անուններ են, ղեկավար պաշտոններ են զբաղեցնում հանրաճանաչ թատրոններում) զիջելու է իր զույգ դուստրերինՙ 30-ամյա գեղեցկուհի Կատարինային եւ 63-ամյա Եվային:
57 տարի պաշտոնավարելուց հետո 88-ամյա «Նահապետը» հուլիսի 25-ին վերջին անգամ անցավ կարմիր գորգի վրայով, ողջունեց փառատոնի հյուրերին, որոնց թվումՙ Բավարիայի վարչապետ Գյունտեր Բեքշտայնին, արդեն 10 տարի Կանաչ բլուրի վրա ծավալվողՙ Գերմանիայի օպերային ամենախոշոր իրադարձությանը ներկա գտնվող Անգելա Մերկելին, ով արձակուրդային մի քանի օրերն ամուսնու հետ անցկացնելու է Բայրոյթում: Փառատոնի բացմանը, նկատի ունենալով նոր ղեկավարին, Գերմանիայի կանցլերը մաղթել է, որ «փառատոնը 21-րդ դարում էլ իր ուղին գտնիՙ առանց ավանդույթները քայքայելու: Սա շատ դյուրին չէ, բայց ես այն զգացումն ունեմ, որ կհաջողվի»:
Շատերն այն կարծիքին են, թե վագներյան ընտանիքի կամ ինչպես բուլվարային մամուլն է բնորոշում, կլանի պատմությունըՙ լի ատելությամբ ու նախանձով, ինտրիգով ու հաջողությամբ, օպերային մի քանի հետաքրքրաշարժ սյուժեների հենք կարող է լինել: Այս բոլորը միգուցե այնքան էլ հեռու չէ իրականությունից, բայց գերմանացիները բամբասանքն ու քննադատությունը չեն խառնում անանց արժեքներին:
Վագները, Բայրոյթը Գերմանիայի պատմությունն են, ընդգծում են գերմանացիներըՙ նկատել տալով նաեւ, թե փառատոնի համար նախատեսված թատերական դղյակը, որ կառուցել է Լյուդվիգ 2-րդ «հեքիաթային» արքան, զավթել Հիտլերը, եւ ուր 10 տարի շարունակ ուխտի է գնում Գերմանիայի ներկայիս կանցլեր Անգելա Մերկելը, Գերմանիայի պետության հիմքերից է:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա