«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2008-07-25 | #143, 2008-07-26 | #144, 2008-07-29


ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ`

«Վերածնունդ» կարգախոսով

Մշակույթի նախարարությունը երկարաժամկետ ծրագիր է որդեգրել` բարձրացնել հանրության իրազեկությունն ու հետաքրքրությունը դեպի Հայաստանի պատմամշակութային արժեքներն ու հուշարձանները: Այդ նպատակով նախարարությունը «Հայաստանի հուշարձանների ճանաչման ծրագրի հետ համատեղ», որ հովանավորում է «Վիվասել» ընկերությունը, Հայաստանի տարբեր վայրերում արդեն պատրաստել են տեղեկատվական վահանակներ, որոնք հինգ լեզվով հակիրճ մատչելի տեղեկատվություն են հաղորդում: Ծրագրում ընդգրկված են Գյումրու պատմական միջուկը, Զվարթնոցը, Խոր Վիրապը, Արտաշատը, որոնք օտարերկրացի զբոսաշրջիկներին կպատմեն հայկական հարուստ մշակութային ժառանգության ու արժեքների մասին` ինչն ավելի կխթանի զբոսաշրջությունն ու տուրիզմը:

Հունիս ամսին նմանատիպ վահանակներ տեղադրվեցին Գառնիում, ինչն ըստ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանի, լայն արձագանքներ է ստացել: Ծրագրի հաջորդ կանգառը Գյումրին էր, որի կենտրոնը ներկայանում է քաղաքային ավանդական քաղաքակրթություններին բնորոշ արժեքներով: 1980 թ. քաղաքի պատմական միջուկը ճանաչվել է «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարան: Ավելի քան 1500 հուշարձանների մեծամասնությունը Գյումրու ժողովրդական ճարտարապետությունը ներկայացնող բնակելի շինություններ են: Հուլիսի 26-ին տեղի ունեցավ Գյումրու պատմական կենտրոնում տեղադրված տեղեկատվական վահանակների շնորհանդեսը, որը կրում էր «Վերածնունդ» կարգախոսը, ինչը կարծես խորհրդանշում էր նաեւ աղետյալ քաղաքի զարթոնքը: Տեղեկատվությունները բազմակողմանի եւ ուշագրավ են` պատմական եւ ճարտարապետական առումներով: Վահանակների բացատրությունները համարակալված են, որոնք համապատասխանում են պատմական շինությունների ճակատներին փակցված թվերին, իսկ ոճը հետաքրքրական եւ հասանելի է` թե՛ պատանուն, թե՛ մեծահասակին:

«Պատմամշակութային ժառանգությունը ներկայացնելու գործում ունենք բազմաթիվ բացթողումներ: Եվ դրանցից ամենամեծը հուշարձանների վերաբերյալ տեղեկատվական վահանակների բացակայությունն էր: Սա ինքնանպատակ նախաձեռնություն չէ, եւ շարունակական է լինելու», Գյումրիի «Ասպարեզ» ակումբում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց փոխնախարար Գագիկ Գյուրջյանը` հավելելով, թե սա մշակույթի նախարարության իրականացրած լավագույն ծրագրերից է:

Ծրագրի կայացման գործում լուրջ օժանդակություն է ցուցաբերել նաեւ Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն: «Այս նախագիծը պետք է ընթացք ունենա, որովհետեւ հետապնդում է լուրջ նպատակ: Այն կախված չէ անհատից: Մարդկանց հոծ խմբերի աշխատանքի ու բարի վերաբերմունքի արդյունքն է: Գյումրիում կան հարուստ պատմամշակութային հուշարձաններ, շենքեր, կոթողներ, որոնք պետք է պահպանել: Յուրաքանչյուր գյումրեցի պետք է առաջնորդվի ամենափոքր քարն անգամ պահպանելու գաղափարով», ասաց Մոնտալտոն:

Վահանակների բացման արարողությանը զուգընթաց կազմակերպվել էր երաժշտական միջոցառում, որն ուղեկցվում էր ասմունքով ու փոքրիկ գյումրեցիների ազգագրական պարերի ներկայացմամբ: Իսկ ավելի ուշ հնչեցին կենացներ Գյումրիի վերածննդի կապակցությամբ: Զգացվում էր գյումրեցիների խանդավառությունն ու ոգեւորությունը, տարիների դժվարություններից ու ողբերգություններից հետո սրտանց ուրախանալու, պարելու ցանկությունը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Գյումրի-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4