«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2008-07-25 | #143, 2008-07-26 | #144, 2008-07-29


ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՏԻԿՆԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

ՀԵՀ ծրագրի ներկայացուցիչները Գյումրիում

Երկու օր Գյումրիում էին Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արեւելյան թեմի Տիկնանց միության «Հայաստանի երեխաների հովանավորության ծրագրի» (ՀԵՀԾ) ղեկավար Լյուսի Մուրադը եւ ծրագրի ներկայացուցիչ, գանձապահ Տանյա Բուկուլյանը: ՀԵՀԾ-ը հիշյալ միության կենտրոնական խորհրդի կողմից ստեղծվել եւ գործում է 1992 թվականից, իսկ 2007-ից ի վեր Հայ օգնության ֆոնդը ստանձնել է սույն ծրագրի իրականացման պատասխանատվությունը Հայաստանում եւ Ջավախքի տարածաշրջանում: Այցի նպատակն էր ծանոթանալ Գյումրիում ՀՕՖ-ի Շիրակի բաժնի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին, մասնավորապես` մանկական ամառային ճամբարի գործունեությանը, մասնակցել ֆինանսական աջակցության բաշխմանը եւ 14 ծնողազուրկ երեխաների մկրտությանը:

Հյուրերն առաջինը եղան Վազգեն Ա Վեհափառի անունը կրող հանրակրթական դպրոցում, որտեղ կազմակերպությունը վերանորոգել է համակարգչային սրահ, կահավորել եւ նվիրել 5 համակարգիչ, համալրող եւ այլ սարքեր: Եղած համակարգիչների մի մասն ավելի վաղ տրամադրել է ՀՕՖ-ը, որը երկրաշարժից հետո նաեւ վերականգնել-վերակառուցել է այս դպրոցի շենքը: Ծրագրի ներկայացուցիչները շրջեցին եւ ծանոթացան կրթօջախի պայմաններին, ուսումնասիրեցին հատկապես համակարգչային սրահի կարիքները: Այս առումով մասնավորապես կարեւորվեց համացանցին միանալու խնդիրը, որի հնարավորությունը դպրոցն առայժմ չունի: Դպրոցից հետո ճանաչողական այց կատարվեց քաղաքի «Նորավան» թաղամասում գտնվող «Թոռնիկ Ռուզաննա» մանկապարտեզ, որի շենքի նորոգումը ծրագրում ընդգրկելու խնդրանքով դիմել է նրա տնօրենությունը:

Արդեն մեկ տասնամյակ ՀՕՖ-ը Շիրակում իրականացնում է երեխաների ամառային ճամբարի ամենամյա ծրագիր: Այս տարի ճամբարը հովանավորվում եւ ֆինանսավորվում է ՀԵՀ ծրագրի կողմից, գործելով «Թռչունյան տուն» մանկատան շենքում: Ճամբարում ընդգրկված 65 հիմնականում ծնողազուրկ երեխաների համար այստեղ առկա են կեցության, հանգստի ու ժամանցի հիանալի պայմաններ, որոնց գոհունակությամբ ծանոթացան հովանավորները: Իսկ դահլիճում ճամբարական երեխաների ներկայացրած հարուստ գեղարվեստական ծրագիրը վկայում էր նրանց ազգային-գեղագիտական դաստիարակության ուղղությամբ այստեղ կատարվող արդյունավետ աշխատանքի մասին: Ճամբարականներին դրվատանքի խոսքով դիմեց եւ օրհնեց Եզնիկ քահանա Գալստյանը: Հուզիչ արարողություն էր հաջորդ օրը Գյումրու Ս. Աստվածածին (Ս. Յոթվերք) եկեղեցում 14 ծնողազուրկ երեխաների մկրտությունը, որին հովանավորները պատրաստվել էին ամենայն մանրամասնությամբ: Մկրտված երեխաներին նրանք նաեւ մանկական Աստվածաշունչ ու խաչեր նվիրեցին: Դրան հաջորդեց Շիրակի թեմի առաջնորդարանում մոտ երեք տասնյակ շահառու երեխաներին ֆինանսական օժանդակության բաշխումն ու հյուրասիրությունը, որի ընթացքում ստեղծված ջերմ մթնոլորտն էլ ավելի մտերմացրեց շահառուներին ու ծրագրի ներկայացուցիչներին: Ամերիկահայ տիկնանց միության այս ծրագրով տարեկան երկու անգամ գումար է բաժանվում ընդհանուր առմամբ մոտ 1300 երեխաների Սիսիանում, Գորիսում, Արարատյան եւ Շիրակի թեմերում, մտադրություն կա առաջիկայում ծրագիրը տարածելու նաեւ Մեղրիում ու հատկապես Հայաստանի սահմանամերձ գյուղերում:

Հայաստանի երեխաների հովանավորման ծրագրի ներկայացուցիչները եղան ու հանգամանալից ծանոթացան նաեւ Գյումրու երեխաների տանը, որտեղ պահվում են մտավոր ու ֆիզիկական արատներով, ծնողների կողմից լքված մինչեւ 6 տարեկան 108 երեխաներ:

«Այս ուղեւորությունը,- վերջում «Ազգի» թղթակցին ասաց ծրագրի ղեկավար տկն Լյուսի Մուրադը,- թույլ տվեց ավելի շատ իմանալ Գյումրու կարիքների մասին, եւ հետագայում մենք ավելի ճիշտ կկողմնորոշվենք` այստեղ ինչ եւ ինչպես անել: Մի բան բոլոր դեպքերում հաստատ է. մենք էներգիա պիտի դնենք, եռանդ պիտի ներդնենք, որպեսզի կարողանանք ու շարունակենք այս երեխաներին հետագայում էլ օգնել»:

ԱՄՆ-ում բնակվող այս երկու մեր հայրենակցուհիներից Տանյան անուշիկ արեւմտահայերեն էր խոսում: Իսկ Լյուսին անգլիախոս էր, բայց առաջինն էր եկեղեցում հայերեն «Հայր մերը» ասելիս:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4