«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2008-07-25 | #143, 2008-07-26 | #144, 2008-07-29


ՉԱԽՄԱԽՉՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ

«Ազգը» գրել էր Լեւոն Չախմախչյանի գործի «պատվիրված» լինելու մասին: Դա մոտ է իրականությանը, քանզի դատավճռի հաստատմանը նախորդեց «Միասնական Ռուսաստան» կառավարող կուսակցությունը անարժաններից մաքրելու արշավի սկիզբը:

Լեւոնի գործը հակահայկական մեծ աղտեղությունների տեղիք տվեց, հեռուստատեսային լրատվական ծրագրերը դատավճիռը ներկայացնում էին որպես օրվա գլխավոր նյութ, թերթերը հեղեղված էին ընդարձակ «մեկնաբանություններով», ինտերնետում կեղտոտ բերանները բացեցին ամեն կարգի հայատյացները... Հատկապես այս վերջինների համար պարարտ հող էր Չախմախչյանի գոչյունը դատարանի դահլիճում, որ դա «դատաստան է հայազգի անձանց նկատմամբ»:

Հազիվ թե հայերիս համար ականջահաճո լինեն հրապարակային «գնահատականները»` այդ երեք խաչիկների նմանների պատճառով Ռուսաստանում կոռուպցիայի մակարդակը հավասարվել է նիգերիականին, քրեականներին հաղթելու միակ ուղին երկիրը սեւամազներից մաքրելն է, շատ խաչիկներ են Ռուսաստանում զբաղվում նման բիզնեսով եւ այլն:

Հնչեցին նաեւ տարբեր ենթադրություններ, թե իբր Չախմախչյանը չի ուզեցել փորել Կալմիկիայի ղեկավար Կիրսան Իլյումժինովի տակը, որ նա ամենայն հավանականությամբ «չի կիսվել» ոմանց, այդ թվում նաեւ հայ քրեականների հետ եւ այլն: Համեմատություններ անցկացվեցին Չախմախչյանի եւ Խոդորկովսկու միջեւ, հանգելով այն եզրակացության, որ Ռուսաստանը հրեա օլիգարխներին նստեցնելուց ու երկրից արտաքսելուց հետո ընկել է հայերի հետեւից եւ այլն:

Այս ամենով հանդերձ, տեղին կլինի չանտեսել մի կարեւոր հանգամանք: Նույնիսկ հրապարակումներից շատերում նշվում էր, որ 9 տարին աննախադեպ խիստ է` ցուցադրական: Եվ այստեղ հարց է առաջանում` Լեւոնն ինքը մեղավոր չէ՞ իր նկատմամբ նման կանխակալ վերաբերմունքի մեջ: Ասում են` հայաստանյան «Հիմա» երիտասարդական շարժումը պահանջել է Մոսկվայից հետ կանչել Հայաստանի դեսպանին: Իսկ ինչո՞ւ հենց այդ ջահելները չեն փորձել հետաքրքրվել, ասենք, Չախմախչյանի բարոյական նկարագրով: Զարմացնում է, թե ռուսաստանաբնակ որոշ երեւացող հայեր ինչպես են կորցնում չափի զգացումը, մոռանալով, որ գտնվում են օտար երկրում, որտեղ անհամակիր վերաբերմունք կա կովկասցիների հանդեպ: Կարծում եք պատահակա՞ն էր, որ բազմիցս ցուցադրվում էր հենց 300 հազար դոլար կաշառք վերցնելու պահը: Ա՛յ, տեսե՛ք, կովկասցիներն այնքան են լկտիացել, որ սենատորի լիազորություններով օժտված անձն անգամ առանց վախի գալիս է անձամբ ստանալու հսկայական «կանխագումարը»:

Ի վերջո, դառնությամբ պետք է նշել, որ Լեւոնի հավակնոտ պահվածքից դժգոհ մոսկվացի շատ հայեր կանխազգում էին նման, չասենք` այդչափ դաժան, վախճան: Այնպես որ, միշտ չէ, որ մի կողմն է միայն մեղավոր:

ԳԱՅԱՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4