«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2008-07-29 | #145, 2008-07-30 | #146, 2008-07-31


«ԴԵՊԻ ԵՐԵՎԱՆ ԳՅՈՒԼԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԱՆՑՆԵԼՈՒ Է ԲԱՔՎՈՎ»

Գրում է «Զամանը», նկատի ունենալով «թյուրքալեզու երկրների» սեպտեմբերի 5-ին Ադրբեջանում նախատեսվող հերթական գագաթաժողովը

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Երկու տարին մեկ հրավիրվող «թյուրքալեզու երկրների» հերթականՙ 9-րդ գագաթաժողովը սեպտեմբերի 5-ին գումարվելու է Բաքվում: Ենթադրվում է, որ գագաթաժողովին Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հետ կմասնակցեն Թուրքմենստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի եւ Ղազախստանի նախագահները: Նախորդըՙ 2006-ի նոյեմբերի 17-ին հրավիրվել էր Թուրքիայում: Ի դեպ, «թյուրքալեզու երկրների» առաջին գագաթաժողովը, նախագահ Թուրգութ Օզալի անմիջական նախաձեռնությամբ, 1992-ին նույնպես գումարվել էր Թուրքիայում, որին Թուրքմենստանը ներկայացել էր ընդամենը դեսպանի մակարդակով, իսկ Ուզբեկստանը չէր մասնակցելՙ մերժելով հրավերը:

Նշելով այս ամենի մասին, «Զամանը» հուլիսի 30-ի համարում գրում է.

«Նախագահ Աբդուլլահ Գյուլի աշնանային ծրագրերը հագեցված են արտասահմանյան մի շարք հանդիպումներով: Աշնանը նախատեսվում է նրա այցը եվրոպական 3 երկրներ, ապաՙ Գերմանիա որպես «պատվավոր հյուր»ՙ մասնակցելու գրքի տոնավաճառի բացմանը Ֆրանկֆուրտում: Իսկ սեպտեմբերն Անկարայի եւ հանրապտության նախագահի համար որդեգրած քաղաքականության առումով վճռորոշ ամիս է լինելու ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Միջին Ասիայում: Նախագահի նստավայր Չանքայայում քննարկվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանիՙ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը միասին դիտելու Աբդուլլահ Գյուլին արած հրավերը: Այդ հանդիպումը սեպտեմբերի 6-ին կկայանա Երեւանում: Դրա նախորդ օրըՙ սեպտեմբերի 5-ին նախագահ Գյուլը կմասնակցի «թյուրքալեզու երկրների» 9-րդ գագաթաժողովին, որը գումարվելու է Բաքվում:

Առանց Ադրբեջանին

վիրավորելու

Նախորդ գագաթաժողովի տանտերը Թուրքիան էր: Թուրքմենստանի նորընտիր նախագահ Գուրբանգուլու Բերդիմոհամմեդովի եւ Աբդուլլահ Գյուլի փոխադարձ այցերով սկսեցին զարգանալ Անկարայի եւ Աշգաբադի հարաբերությունները: Բաքվի գագաթաժողովում փորձ կարվի զարգացնելու «թյուրքալեզու երկրների» համագործակցությունը, կքննարկվեն էներգետիկ անվտանգության ապահովմանը, միջխորհրդարանական վեհաժողովի ստեղծմանն առնչվող հարցեր: Չանքայան «թյուրքալեզու երկրների» գագաթաժողովի հաջորդ օրը նախատեսվող ֆուտբոլային հանդիպման Երեւանի հրավերին դեռեւս չի արձագանքել: Ըստ դիտորդների, հրավերի վերաբերյալ որոշումը մինչեւ վերջին պահը չի հրապարակվի: Նախքան որոշում ընդունելն Անկարան ուշի-ուշով հետեւելու է Երեւանի հայտարարություններին, ինչպես նաեւ հայկական սփյուռքի հակազդեցության դրսեւորումներին: Նախագահ Գյուլի Երեւան մեկնելը կնշանակի, որ Անկարան տարբեր ընկալումներով է մոտենում Սարգսյանի հրավերին բուռն հակազդեցություն ցուցաբերող սփյուռքին եւ Հայաստանի իշխանություններին:

Բաքուն ուշադրության կենտրոնում է պահում Չանքայայի հնարավոր որոշումը: Իսկ Անկարան Բաքվին է հայտնում «Թուրքիայի հայաստանյան քաղաքականության մեջ փոփոխություններ չկան» ազդանշանը: Վերջին անգամ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծի շինարարությանը նվիրված արարողության ժամանակ Գյուլն ընդգծել էր այս տեսակետը, հայտարարելով. «Տարածաշրջանային նախագծերին մասնակցելու համար Հայաստանը պետք է ճանաչի անկախ երկրների տարածքային ամբողջականությունը»:

Ամենայն հավանականությամբ, «Զաման» թերթի «Դեպի Երեւան Գյուլի ճանապարհն անցնելու է Բաքվով» վերնագիրը փոխաբերական չէ: Այլապես, թուրքական այս թերթը հուլիսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը չէր որակի իբրեւ «պատմական առիթ Գյուլի ձեռքում», ոչ էլ այս ձեւակերպումը վերնագիր կդարձներ ընդարձակ հոդվածի համար, որտեղ նշված է. «Մեծարգո Գյուլը հրավերն ընդունելու դեպքում Երեւան է մեկնելու ոչ թե ռազմավարական բնույթի պայմանագիր ստորագրելու կամ էներգետիկայի ոլորտում համագործակցություն հաստատելու, այլ ազգային հավաքականի ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար: Սա ավելի քան տրամաբանական կլինի, որովհետեւ ինքն է ազգի բարձրագույն ներկայացուցիչը: Անհնար է մտածել, որ Թուրքիայի նախագահը Երեւան գնալու համար գտնի ավելի անառարկելի եւ տրամաբանական առիթ, քան ֆուտբոլային հանդիպումն է: Հետեւաբար ազգային հավաքականի հանդիպումն ստացել է չափազանց կարեւոր պատեհության բնույթ: Երկրորդՙ այս այցով Թուրքիան գլոբալ իմաստով իր ձեռքը կվերցնի թուրք-հայկական հարաբերությունների նախաձեռնությունը: Երրորդՙ այցն անմիջականորեն առնչվում է Թուրքիայի ժողովրդավարացմանը, միջազգային համակարգին մերձեցմանը: Այդ առումով Երեւանում Գյուլի ֆուտբոլային հանդիպում դիտելը որպես հոգեբանական լուրջ հարված անդրադառնալու է Թուրքիայում զանազան հաշվարկներով հայ մտավորականին սպանող ավազակային խմբավորումների վրա: Չորրորդՙ եթե Գյուլը գնա Երեւան, ապա դա երկրում մեծ դժվարությունների առաջ կանգնած լինելու պատճառով տասնյակ տարիներ իրենց մեջ պարփակված հայերի դրությունը գոնե մասնակի կբարելավի: Նախագահ Աբդուլլահ Գյուլը պարտավոր է գնալ Երեւան: Այս այցը, ներառած խորհրդանշական իմաստներով, պատմական շեմի դեր է կատարելու Թուրքիա-Հայաստան հարաբերություններում»:

«Զամանի» հոդվածները թերեւս մեկնաբանության կարիք չեն զգում: Ինչ խոսք, սեպտեմբերի 5-ին Բաքվում նախատեսվող «թյուրքալեզու երկրների» գագաթաժողովը ՀՀ նախագահի հրավերի ընդունման առումով հավելյալ դժվարություն է հարուցում Աբդուլլահ Գյուլին: Նա կգա՞ Երեւան, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը: Բայց որ Սերժ Սարգսյանի հրավերով թուրք-հայկական հարաբերությունների նախաձեռնությունը լիովին անցել է Հայաստանին, Գյուլի չգալու դեպքում Թուրքիան է դառնալու այդ հարաբերություններով շահագրգռված ԱՄՆ-ի եւ Եվրոմիության ճնշումների թիրախը, անկնհայտ է:

Հարցը սակայն ճնշումները չեն, այլ կողմերի միջեւ Սերժ Սարգսյանի հրավերով ձեւավորված երկխոսության բարենպաստ մթնոլորտը: Ակնհայտ է, որ հրավերի մերժման դեպքում հայ-թուրքական հարաբերությունները կվերադառնան ելման կետ, ի չիք կդառնա երկխոսության նախաձեռնությունը եւ եթե ոչ երկարաժամկետ, ապա միջնաժամկետ, առավել եւս կարճաժամկետ հեռանկարում հազիվ թե հնարավոր լինի բարենպաստ մթնոլորտը վերականգնելու նոր առիթ գտնել: Այդ ընթացքում Հայաստան-Թուրքիա հարաբերություններն Ադրբեջանի դիրքորոշմամբ պայմանավորող Անկարան միջազգային հանրությանը ցույց կտա, որ հայ-թուրքական երկխոսությունն էլ պայմանավորում է Բաքվի քմահաճույքով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4