ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
Կարող ենք ասել, որ Հայաստանում ամերիկյան նոր դեսպանի անունն արդեն հայտնի է` Մարի Լուիզ Յովանովիչ, երեկ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է նրա թեկնածությունը, մնում է միայն Սենատի հաստատումը, որն արդեն զուտ ձեւական հարց է, քանի որ, որպես կանոն, Սենատի լիագումար նիստերում նման հարցերի քննարկումներ չեն լինում: Ինչեւէ, դեսպանի նշանակումը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործընթացում, կարելի է ասել, շրջադարձային նշանակություն ունի, քանի որ 2006-ից Վաշինգտոնը Երեւանում չուներ դեսպան, ինչը ձեռնտու չէր երկու կողմերին եւ հատկապես Հայաստանին: Քանի որ թիվ 1 գերտերության բարձրագույն ներկայացուցչի` դեսպանի առկայությունը մեր մայրաքաղաքում երկու երկրների հարաբերություններին նոր, ավելի բարձր որակ է հաղորդում: Հիշեցնենք, որ 2006-ին Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսին հետ կանչելուց հետո լուրջ տարաձայնություններ էին առաջացել ԱՄՆ-ի հայկական լոբբիստական կառույցների եւ պետքարտուղարության միջեւ: Ըստ հայ լոբբիստների, Էվանսի հետկանչի պատճառը վերջինիս կողմից Հայոց ցեղասպանության փաստի ընդունումն էր: Էվանսին ոչ միայն Երեւանից հետ կանչեցին, այլեւ ազատեցին աշխատանքից: Բուշի վարչակազմի առաջարկած թեկնածուն` Ռիչարդ Հոգլանդը, ի պատասխան հայամետ սենատորների հարցումների, փաստորեն հանդես էր եկել ցեղասպանությունը ժխտողի տեսանկյունից, ինչն էլ ավելի էր սրել իրավիճակը: Սենատոր Բոբ Մենենդեսը 2 անգամ սառեցրեց Հոգլանդի թեկնածության քննարկումը, որից հետո պետքարտուղարությունը ստիպված էր հանել նրա թեկնածությունը: Ստեղծված իրավիճակում Հայաստանը փաստորեն զրկվել էր դեսպան ունենալու հնարավորությունից, ԱՄՆ-ը` դեսպան նշանակելու: Հոգլանդի ժխտողականությունը բավականին ծանր անդրադարձավ նաեւ պետքարտուղարության վրա, որը երկար ժամանակ փորձում էր ազատվել Հայոց ցեղասպանությունը ժխտողի կերպարից:
Սա է հավանաբար պատճառը, որ Յովանովիչի թեկնածության քննարկումից 30 րոպե առաջ սենատորներին էին բաժանել պետքարտուղարության պաշտոնական տեսակետը Հայոց ցեղասպանության մասին, որտեղ հստակ ասվում էր, «Ինչ վերաբերում է Յովանովիչի պատասխաններին սենատոր Մենենդեսի հարցերին, ապա վարչակազմն ընդունում է, որ տեղի են ունեցել զանգվածային կոտորածներ, էթնիկ մաքրումներ, վտարումներ ուժի կիրառմամբ եւ 1,5 միլիոն հայերի ոչնչացում Օսմանյան կայսրության ղեկավարության կողմից: Մենք ընդունում ենք, որ Օսմանյան կայսրության ղեկավարությունը պատասխանատու է այս հանցագործությունների համար»: Միանգամից նշեմ, որ նամակում թվարկված են ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայի բոլոր դրույթները, մնում է միայն ցեղասպանություն բառն արտասանել, ինչից, սակայն, առայժմ խուսափում է պետքարտուղարությունը: Ինչեւէ, նկատենք, որ նմանատիպ նամակի հղումը Սենատի համապատասխան հանձնաժողովին Յովանովիչի թեկնածության քննարկումից մի քանի րոպե առաջ հուշում է, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը նույնպես շահագրգռված է օր առաջ Հայաստանում դեսպան ունենալու: Սակայն Վաշինգտոնից ավելի շատ այս հարցում շահագրգիռ է Հայաստանը, քանի որ դեսպանի բացակայությունը թույլ չի տալիս լիարժեք հարաբերություններ կառուցել Վաշինգտոնի հետ: Բացի դրանից, դեսպանի նշանակումը նաեւ որոշակի ներքաղաքական խնդիրներ է լուծում: Հայաստանի ներկա իշխանություններին, առավել քան երբեւէ, հարկավոր է բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, հետեւաբար դեսպանի նշանակման հետագա ձգձգումը կարող էր ծանր անդրադառնալ Սերժ Սարգսյանի վարչակազմի վրա: Հայտնի է, որ ներքաղաքական առկա լարվածության պայմաններում իշխանություններին հարկավոր է հնարավորինս ուժեղացնել իրենց կապերը ԱՄՆ-ի հետ, ինչը նաեւ որոշակիորեն կթուլացնի լեւոնական ընդդիմության դիրքերը, եւ նրանց հույսը, թե «Արեւմուտքը մեզ կօգնի», կդառնա անիմաստ: Ինչեւէ, հայտնի է, որ այս առումով պաշտոնական Երեւանը լուրջ աշխատանք է տարել հայկական լոբբիստական կառույցների հետ, որոնք էլ առանձնապես չեն խոչընդոտել Մարի Լուիզ Յովանովիչի նշանակմանը: Սենատի հանձնաժողովի քննարկումից մի քանի ժամ առաջ ԱԳ նախարար Նալբանդյանը` պատասխանելով Արմինֆո գործակալության հարցերին, նշել էր. «Հուսով եմ, որ Սենատի քննարկման արդյունքում Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը կհաստատվի, նա շուտով կժամանի Երեւան եւ իր նպաստը կբերի հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացմանը»: Այսինքն` պաշտոնական Երեւանի «մեսիջը» հասկանալի է` Յովանովիչի նշանակումը ձեռնտու է ներկա իշխանություններին: Սակայն հանուն արդարության պետք է նկատենք, որ սենատորներ Մենենդեսին, Օբամային եւ մյուսներին հղած իր պատասխան նամակներում Յովանովիչն այնուամենայնիվ խուսափել է ցեղասպանություն բառի օգտագործումից, նախընտրելով Մեծ եղեռն բառակապակցությունը, որն առաջինը Հովհաննես-Պողոս 2-րդ պապն էր օգտագործել` 2001 թ. սեպտեմբերին Հայաստան այցելելիս:
Ինչեւէ, կարող ենք ասել, որ ԱՄՆ նոր դեսպանի նշանակումը ուժեղացնում է հայ-ամերիկյան հարաբերությունները, մեր դիրքերը միջազգային ասպարեզում եւ իշխանությունների համար դառնում է մի նոր առավելություն ներքաղաքական պայքարում դիրքերն ամրապնդելու համար: Սերբառուսական ծագում ունեցող Յովանովիչը ծնվել է 1958-ի նոյեմբերին: Մինչեւ վերջերս ԱՄՆ-ի դեսպանն էր Ղրղզստանում, որտեղ աշխատում է 2005-ի հունիսից: Մինչ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ մեկնելը տիկին Յովանովիչը եղել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի քաղաքական հարցերով խորհրդականը, իսկ 2002-2004-ը աշխատել է Կիեւում, որտեղ եղել է դեսպանի տեղակալը: 2002-ին Յովանովիչն էր, որ հարց բարձրացրեց Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի կողմից Իրաքի դեմ հայտարարված միջազգային պատժամիջոցների խախտման մասին: Այդ սկանդալից հետո բավականին լարվեցին ամերիկա-ուկրաինական հարաբերությունները: Ղրղզստանում ԱՄՆ դեսպան Յովանովիչը նշանակվել էր «Կակաչների» հայտնի հեղափոխությունից հետո, երբ իշխանությունից վտարվեց այդ երկրի նախկին նախագահ Ասկար Ակաեւը եւ իշխանությունն անցավ Կուրմանբեկ Բակիեւին: Յովանովիչը հայտնի է իր կոշտ դիրքորոշմամբ, երբ խոսքը վերաբերում է ամերիկյան շահերի պաշտպանության հարցերին:
Նոր դեսպանի նշանակմամբ հայ-ամերիկյան հարաբերություններում նոր հնարավորությունների ժամանակաշրջան է բացվում եւ ներկա իշխանությունները պետք է այն հնարավորինս խելամիտ օգտագործեն ի շահ Հայաստանի: