Բունդեսթագում Ձախերը պահանջում են քննադատական մոտեցում ցուցաբերել Յոհանես Լեփսիուսի (1858-1926) ունեցած դերի հանդեպ եւ վերանայել այն: Երեքշաբթի օրըՙ հուլիսի 29-ին Բունդեսթագում Ձախերի խմբակցության ներքաղաքական խոսնակ Ուլլա Ելփկեի հարցապնդմանն է անդրադառնում գերմանական «Վելթը»ՙ մեջբերելով խոսնակի բառերը. «Լեփսիուսը ոչ միայն հալածյալ հայերի իրավունքների պաշտպան է եղել, այլեւՙ աջակողմյան հակաժողովրդավար (անտիդեմոկրատ)»: Դաշնային կառավարությունը 300 000 եվրոյի աջակցություն է ցույց տալիս Պոտսդամում գտնվող Լեփսիուսի տան վերանորոգմանը: Լեփսիուսն առաջին համաշխարհային պատերազմից հետո Հայոց ցեղասպանության մեջ գերմանացիների ունեցած պատասխանատվությանը վերաբերող հրատարակած վավերաթղթերն իբր անհետացրել է: Բունդեսթագում տեղի ունեցածի մասին «Վելթի» համառոտ այս անդրադարձը լրացնում է ձախերի «Յունգե վելթ» օրաթերթում տպագրված «Պարզաբանել եւ կոծկել» վերնագրյալ հոդվածը, ուր ենթավերնագիր էՙ Հայոց ցեղասպանության հիշատակի կենտրոնին աջակցելով դաշնային կառավարությունը պատվում է Վայմարյան Հանրապետությանն ընդդիմադիր աջ արմատականին: Հոդվածագիրը ներկայացնում է պատգամավոր Ելփկեի կառավարությանն ուղղված նույնաբովանդակ հարցապնդումը, թե պատմության կեղծարարին պատվելով չի՞ վտանգում արդյոք ցեղասպանության հիշատակն ընդհանրապես: 2005-ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին ընդունված բանաձեւից բխող հիշատակի մի ձեւ էր հայերի կենաց համար մարտնչած Լեփսիուսիՙ Պոտսդամում գտնվող տունը մոռացությունից փրկելՙ հիշատակի վայր դարձնելով: Բացումը նախատեսված է 2008-ի դեկտեմբերինՙ Լեփսիուսի ծննդյան 150-ամյակին ընդառաջ: «Յունգե վելթն» այնուհետեւ ներկայացնում է ցեղասպանագետ Վոլֆգանգ Գուստի կարծիքը.
«Լեփսիուսը երկու մեծ գործ է արելՙ ցեղասպանության պարզաբանումն ու գերմանական դերի կոծկումը: Պատերազմից հետո արտգործնախարարությունը փաստաթղթերի խմբագրումը հանձնարարել է Լեփսիուսին, որ բացթողումներով ու կեղծարարությամբ կոծկել է Գերմանիայի պատասխանատվությունը»: Այն, որ 1919-ին Լեփսիուսի հրատարակած «Գերմանիան եւ Հայաստանը 1914-1918» վավերաթղթերի ժողովածուն մեքենայությունների համարում ունի, ընդունում է նաեւ դաշնային կառավարությունը փոքր հարցմանն ի պատասխան:
Գուստը «Հիստորիկում» հանդեսի նոր լույս տեսած համարում ապացուցում է, թե Լեփսիուսը աջակողմյան հակաժողովրդավար էրՙ գեներալ Էրիխ Լուդենդորֆի շրջապատից, որը 1923-ին Ադոլֆ Հիտլերի հետ անհաջող խռովարար պայքար էր մղում Վայմարյան Հանրապետության դեմ: Հայերի օգնությամբ Լեփսիուսն ուզում էր Օսմանյան կայսրության մեջ գերմանական գաղութային տարածք վաստակել, կողմնակից էր նաեւ հակասեմական ռասայական տեսության:
«Շարունակելո՞ւ ենք Լեփսիուսին քննադատելու փոխարեն որպես մեծ մարդասերի հարգել» հարցին ի պատասխան կառավարությունը վստահեցրել է, թե «Լեփսիուսի տունը Յոհաննես Լեփսիուսի անձին ուղղված քննադատությամբ էլ կզբաղվիՙ պատմագիտության հարցերի քննարկմանը ոչ միայն տեղի, այլեւ արտասահմանցի մասնագետ հետազոտողների էլ ներգրավելով»:
Գերմանական օրաթերթերի մեջ հրապարակված այս կարծիքը, որ փոխանցեցինք բնագրերին հավատարիմ, մեզՙ հայերիս համար է դժվար հարցական դնում. անշուշտ, 19-րդ դարի մտավորականությունը ազգայնական էր, բայց վերը շարադրվածն անցնում է այդ սահմանը: Ինչպիսի՞ դիրք պիտի ունենանք հայության մեջ սրբացված այնպիսի մի անհատի հանդեպ, ինչպիսին Յոհաննես Լեփսիուսն է: Հարց, որ քննարկման հրավեր է ակնկալում:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա