1992, Բարսելոն, 25-րդ ամառային օլիմպիադա
1992-ի հուլիսի 25-ից օգոստոսի 8-ը Իսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացված 25-րդ ամառային օլիմպիադան առանձնահատուկ էր հայ մարզիկների համար, որոնք առաջին անգամ համաշխարհային սպորտի այդ խոշորագույն ստուգատեսում փաստորեն ներկայացնելու էին նորանկախ Հայաստանի Հանրապետությունը: Եվ նրանք պարզապես գերազանց հանդես եկանՙ նվաճելով երեք ոսկե եւ մեկ արծաթե մեդալ: Ոսկե մեդալների քանակով այս արդյունքը զիջում է միայն 1956-ին Մելբուռնում հասած ցուցանիշին, երբ նվաճվել էր 4 ոսկե մեդալ: Ճիշտ է, Մելբուռնում այդ պարգեւներից երկուսը հայ մարզիկները (Ալբերտ Ազարյան, Իգոր Նովիկով) նվաճել էին թիմային պայքարում, մինչդեռ Բարսելոնում Հայաստանի պատվիրակները պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին էին կանգնել անհատական պայքարում ուժեղագույնը ճանաչվելու շնորհիվ:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նախկին խորհրդային մարզիկների մասնակցությունը Բարսելոնի օլիմպիադային ապահովելու նպատակով ԱՊՀ երկրների կառավարությունները 1992-ի մարտի 13-ին համատեղ հիմնեցին մարզական խորհուրդ, հաստատեցին ժամանակավոր կանոնադրությունը եւ ՄՕԿ-ի համաձայնությամբ որոշում ընդունեցին օլիմպիադային մասնակցել միացյալ թիմով: Իսկ մինչ այդ, 1990-ի հոկտեմբերի 23-ին Երեւանում հրավիրված Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադիր համագումարում ՀԱՕԿ-ի նախագահ էր ընտրվել ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն Հակոբյանը : 1992-ի մարտի 8-ին Լոզանում կայացած ՄՕԿ-ի նստաշրջանում ՀԱՕԿ-ը ժամանակավորապես ճանաչվեց միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից:
Թեեւ հայաստանցի մարզիկներն օլիմպիադային մասնակցեցին միացյալ թիմի կազմում, սակայն առաջին անգամ ի պատիվ նրանց տոնած հաղթանակի, հնչեց մեր երկրի օրհներգը ու բարձրացվեց Հայաստանի պետական եռագույն դրոշը: Իսկ խաղերի բացման հանդիսավոր շքերթի ժամանակ օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ ծածանվեց նաեւ Հայաստանի դրոշը, որը տանելու պատվին էր արժանացել հրաձիգ Հրաչյա Պետիկյանը : Իր հանդեպ դրսեւորած նման վստահությունը նա փոխհատուցեց գերազանց ելույթով: Սեուլի օլիմպիադայում 6-րդ տեղը գրաված փորձառու հրաձիգը Բարսելոն էր ժամանել չեմպիոն դառնալու վճռականությամբ: Մինչ այդ նա արժանացել էր ԽՍՀՄ-ի, Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոնների տիտղոսներին: Բարսելոնում Պետիկյանը մեդալների հավաքածուն համալրեց օլիմպիական ոսկե պարգեւով: Բարսելոն էին ժամանել մոլորակի ամենադիպուկ նշանառուները: Փոքր տրամաչափի հրացանի երեք դիրքերից (կանգնած, ծնկած, պառկած) կատարվող հրաձգության մրցումներում նախնական փուլերի արդյունքներով եզրափակիչ մտան 8 ուժեղագույնները, որոնց թվում էր նաեւ հայ հրաձիգը: Եզրափակիչ մրցումներն անցկացվեցին միայն կանգնած դիրքից: Պետիկյանը կրկին մեծ սառնասրտություն դրսեւորեց ու աչքի ընկավ դիպուկ կրակոցներով, որոնք նրան Օլիմպոսի փառքին հասցրին: Պետիկյանը հայաստանցի հրաձիգներից առաջինը օլիմպիական ոսկե մեդալ նվաճեց:
Սեուլի օլիմպիադայի իր ցուցանիշը բարելավեց նաեւ ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը : Չորս տարի առաջ նա ստիպված էր բավարարվել արծաթե մեդալով, իսկ ահա Բարսելոնում նա ուժեղագույնն էր մինչեւ 67,5 կգ քաշայինների մրցավեճում: Այստեղ հայ ծանրորդի հիմնական հակառակորդը փորձառու բուլղարացի մարզիկ Յոտո Յոտովն էր: 1989-ին Աթենքում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Միլիտոսյանը 10 կգ-ով գերազանցել էր Յոտովին եւ երկամարտի 347,5 կգ արդյունքով նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Իսկ ահա 1991-ին Գերմանիայում կայացած աշխարհի առաջնությունում բուլղարացի ծանրորդին էր բաժին հասել ոսկե մեդալը շնորհիվ անձնական ավելի թեթեւ քաշի: Երկու ծանրորդներն էլ երկամարտում միեւնույնՙ 345 կգ արդյունք էին ցույց տվել:
Եվ ահա Բարսելոնում Իսրայելը վստահ ռեւանշի հասավ Յոտովի նկատմամբ: Պոկում վարժությունում Միլիտոսյանը կրկնեց Սեուլում սահմանած օլիմպիական ռեկորդը (155 կգ): Վստահ հրելով 182,5 կգ, հայ ծանրորդը երկամարտի 337,5 կգ արդյունքով հռչակվեց օլիմպիական չեմպիոն: Նա հայ ծանրորդներից անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոնն էր: Իսրայելը 10 կգ-ով գերազանցեց Յոտովի արդյունքը, 17,5 կգ-ով էլ ավելի բարձրացրեց բրոնզե մրցանակակիր, գերմանացի Անդրեաս Բեհմից:
Հայաստանին երրորդ ոսկե մեդալը պարգեւեց հունահռոմեական ոճի ըմբիշ Մնացական Իսկանդարյանը : Նա աշխարհի (1990, 1991) եւ Եվրոպայի (1991, 1992) կրկնակի չեմպիոն էր: Բարսելոնում էլ հայ ըմբիշը գերազանց հանդես եկավ մինչեւ 74 կգ քաշայինների մրցաշարումՙ հաղթելով իր բոլոր մրցակիցներին: Ոսկե մեդալին մոտ էր նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը : Ընդամենը մեկ վայրկյան նրան չբավականացրեց վճռորոշ գոտեմարտը շահելու համար: Ալֆրեդը ստիպված էր բավարարվել արծաթե մեդալով: Օլիմպիադայի մասնակից հայաստանցի 5 մարզիկներից միայն մականորդ Սոս Հայրապետյանը մեդալ չնվաճեց: Նա ԱՊՀ հավաքականի կազմում գրավեց 10-րդ տեղը: Բարսելոնի օլիմպիադան նորանկախ Հայաստանի մարզիկների համար ամենահաջողվածն էր մինչ օրս կայացած օլիմպիական խաղերից:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ