«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2008-07-30 | #146, 2008-07-31 | #147, 2008-08-01


ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՈՐՈՇԵՑ ՉԿԱՍԵՑՆԵԼ ԷՐԴՈՂԱՆԻ «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Դա պայմանավորված է երկրում իշխանության արհեստական վակուում առաջացնելու մտավախությամբ

  «Ազգը» դեռեւս հուլիսի 24-ի համարում, անդրադառնալով Թուրքիայում իշխող իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության գործունեության կասեցման գործի քննումը հուլիսի 28-ին սկսելու Սահմանադրական դատարանի որոշմանը, նշել էր, որ կուսակցությունը երկրում միանձնյա իշխանության է եկել 2007-ի հուլիսի 22-ի ընտրություններում, ստացել է ձայների 46,4 տոկոսը, ունի 340 պատգամավոր 550 տեղանոց Թուրքիայի ազգային մեծ ժողովումՙ Մեջլիսում, ինչը նրան բացարձակի մոտ խորհրդարանական մեծամասնություն է ապահովում:

Նկատի ունենալով այս ամենը, ինչպես նաեւ երկրում հարաճուն ժողովրդականության հանգամանքը, միաժամանակ կարծիք էինք հայտնել, որ Սահմանադրական դատարանը պետք է կաշկանդված լինի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության գործունեությունը կասեցնելու հարցում:

Հիրավի, հուլիսի 30-ի երրորդ նիստում ավարտվել են Սահմանադրական դատարանի քննումները, քվեարկության է դրվել հարցը, որի արդյունքներով որոշվել է չկասեցնել վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության գործունեությունը: Դատարանի 11 անդամներից 6-ը քվեարկել է կասեցման, 1-ըՙ գործի կարճման, իսկ 4-ըՙ կուսակցությանը պետբյուջեից խոստացած ֆինանսական օգնությունից զրկելու օգտին: Մինչդեռ կուսակցության գործունեության կասեցման համար անհրաժեշտ էր 7 ձայն:

Թուրքական մամուլի վկայությամբՙ այս որոշումը մեծապես պայմանավորված է Սահմանադրական դատարանի անդամների վրա նրա նախագահ Հաշիմ Քըլըչի ազդեցությամբ: Որոշումը հրապարակելիս, ինչպես նշում է թուրքական հանրային հեռուստատեսությունը, դրա ընդունման մասին լրագրողներին պարզաբանումներ է տվել Քըլըչը, ասելով. «Դատարանը կասեցման որոշում չընդունեց, որովհետեւ դրա համար անհրաժեշտ էր 7 ձայն: Սակայն որոշումն ինքնին լուրջ նախազգուշացում է: Հուսով եմ, որ կուսակցությունը համապատասխան դասեր կքաղի: Քանի որ դատարանի 4 անդամներ քվեարկել են կուսակցությանը պետական միջոցներից զրկելու օգտին, ուստի որոշվել է նրանից գանձել այս տարվա ստացած գումարի 50 տոկոսը»:

Օգտվելով առիթից նշենք, որ 2008-ի համար Էրդողանի կուսակցությունը պետբյուջեից 45,6 մլն լիրայի հատկացում էր ստացել: Նա Սահմանադրական դատարանի որոշման համաձայն, պետք է պետական գանձարան վերադարձնի գումարի 50 տոկոսը, այսինքնՙ 22,8 մլն թուրքական լիրա (համարժեք է շուրջ 20 մլն ԱՄՆ դոլարին): Դա, իհարկե, երկրում ձայների 46,7 տոկոսն ստացած կուսակցության համար խորհրդանշական գումար է եւ հազիվ թե անդրադառնա նրա հետագա գործունեության վրա:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահի խոսքերին, թե որոշումն ինքնին լուրջ նախազգուշացում է, թեեւ այստեղ ակնարկվում է Թուրքիայի աշխարհիկ կարգերին հավատարմությունը, սակայն խնդիրն այդ կարգերը չեն, այլ երկրում իրականացվող կառուցվածքային փոփոխություններն են, որոնք հակասում են առանձնաշնորհյալ ընտրախավի տրամադրություններին:

Համենայն դեպս, «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության մասին Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը լայն արձագանք է գտել աշխարհում: Որոշման փաստը գոհունակությամբ են ընդունել ԱՄՆ-ը, Եվրոմիությունը, Եվրոխորհրդարանը, եվրոպական երկրներն ու ԵՄ-ի կառույցները: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Սին Մակքորմաքն ասել է. «Վստահում ենք թուրքական ժողովրդավարությանն ու թուրք ժողովրդին: Այս կառավարության հետ (վարչապետ Էրդողանի) մինչ այդ արդյունավետ գործակցում էինք, գործակցությունը շարունակելու ենք լավագույն ձեւով»: Եվրոհանձնաժողովի հանձնակատար Օլիրենը հավելել է նրան. «Թուրքիային կոչ եմ անում ողջ էներգիան կենտրոնացնել արդիականացման համար անհրաժեշտ բարեփոխումների վրա եւ շարունակել դրանց կատարումը»: Եվրոխորհրդարանը հաղորդագրությամբ Սահմանադրական դատարանի որոշումը բնութագրել է իբրեւ ընդառաջ քայլ ԵՄ-Թուրքիա բանակցությունների համար եւ ընդգծել է, որ դա երկրում ժողովրդավարության ուղին շարունակելու լուրջ ազդակ է:

«Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության մասին Սահմանադրական դատարանի որոշմանը մոտավորապես նույն ոճով արձագանքել են անգլիական, ֆրանսիական, գերմանական, իտալական, բելգիական կենտրոնական թերթերն ու արաբական մամուլը: «Վաշինգտոն փոստը» ԵՄ-ի տեսանկյունից խիստ կարեւոր է համարել որոշումը, «Գարդիանը» գրել է, որ դրանով Թուրքիայում բացվել է «աշխարհիկների եւ իսլամամետների միջեւ զինադադարի հաստատման ուղին», «Ֆիգարոն» ընդգծել է. «Չիրականացավ իրավաբանական ենթադրվող հեղաշրջումը», իսկ «Բեռլիներ մորգենփոստը»ՙ ավելացրել. «Երկրում իշխանության համար մղվող պայքարում հաղթեց Էրդողանը»:

Արաբական մամուլը զերծ է մնացել Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշումը մեկնաբանելու գայթակղությունից: Սակայն առանց մեկնաբանության էլ ակնհայտ է, որ կասեցնել «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության գործունեությունը կնշանակեր իշխանության արհեստական վակուում առաջացնել երկրում, ընդ որում այն դեպքում, երբ անհայտ են դրա լրացման ուղիները, իսկ ընդդիմությունը Ժողովրդա-հանրապետական կուսակցության գլխավորությամբ դատարանի վրա ազդելու փորձերի համար կատարելապես հեղինակազրկված է:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4