«Միասնական Ջավախք» դաշինքի առաջնորդ Չախալյանը, նրա հայրն ու անչափահաս եղբայրը կալանքի տակ են 2 ամսով... առայժմ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանը, նրա հայրն ու անչափահաս եղբայրը դեռեւս ոչ հստակ պատճառաբանություններով մնում են Թբիլիսիում` իրենց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց արդեն իսկ երկու ամիս է տեւելու: Երեկ Ախալքալաքում տեղի ունեցած վերջին իրադարձությունների եւ դրանց հետեւանքների մասին «Ուրբաթ» ակումբում իրենց մոտեցումներն ու հենց տեղում իրականացված փաստահավաք առաքելության արդյունքներն էին ներկայացնում հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը եւ ներկայումս Չախալյանների իրավունքների հարցերով զբաղվող Ստեփան Ոսկանյանը:
«Ազգը» տեղեկացրել է իր ընթերցողներին, որ «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի ակտիվիստները ձերբակալվել ու տեղափոխվել էին Ախալցխա` Ախալքալաքում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ, այդ թվում` նաեւ Չախալյանները: Հուլիսի 17-ին Ախալքալաքում շուրջ երկու տասնյակ մարդկանց ոստիկանություն բերման են ենթարկել` մինչ այդ շրջանի ոստիկանապետի տնից ոչ շատ հեռու տեղի ունեցած պայթյունի առնչությամբ: Ձերբակալվածների մի մասը ազատ էր արձակվել:
Ոստիկանները հուլիսի 17-ի երեկոյան մտել էին նաեւ «Միասնական Ջավախք» կազմակերպության երիտասարդ գործիչ Գուրգեն Շիրինյանի բնակարան` խուզարկելու, բռնություն կիրառելով նրա հոր նկատմամբ: Շիրինյանը փախուստի էր դիմել, որից հետո լուր էր տարածվել, թե Գուրգենը փախուստի ընթացքում վիրավորել է մի ոստիկանի, որն էլ ավելի ուշ մահացել էր:
Հուլիսի 20-ին կրկին լուր էր տարածվել, թե եւս մեկ ոստիկան է մահացել` 28-ամյա սպա Արմեն Գաբրիելյանը: Որքան էլ տարօրինակ է, սկզբնական հիմնական վարկածը ինքնասպանությունն էր, այն էլ Ախալքալաքի բերդի հարեւանությամբ գտնվող ձորում, որտեղ որոնումներ են իրականացվել:
Ախալցխայի ոստիկանություն էր տարվել նաեւ «Միասնական Ջավախք» կազմակերպության ղեկավար Վահագն Չախալյանը իր ընտանիքի հետ, որ հիմա գտնվում են Թբիլիսիում: Ընդ որում, մեղադրանքը իբր հիմնավորված է Չախալյանի կազմակերպության գրասենյակում զենք ու զինամթերք հայտնաբերելու հանգամանքով, մինչդեռ անտրամաբանական է, որ մի քանի օր առաջ խուզարկված գրասենյակում, որտեղ ոչինչ չէին գտել, չգիտես ինչու եւ որտեղից զենք է հայտնվել: Ըստ փաստաբան Ոսկանյանի, Չախալյանի մայրը իրենց տանը խուզարկության ժամանակ նկատել է, թե ինչպես են ոստիկանները ինչ-որ ցելոֆանե տոպրակով իր բերում ներս այն ժամանակ, երբ ձերբակալում էին ամուսնուն ու որդիներին:
Ներկա դրությամբ վրաց իշխանությունները կալանքի տակ են պահում ոչ միայն Չախալյաններին, այլեւ Գուրգեն Շիրինյանի հորը, հորաքրոջը, իսկ Ախալքալաքի երիտասարդական ռադիոյի շենքը փակված է ու կնքված, ողջ գույքըՙ առգրավված: Հուլիսի 23-ին «Երկիր» միության փաստահավաք խումբը եղել է Ախալքալաքում, հարցազրույցներ ունեցել կալանավորված անձանց բարեկամների ու հարեւանների, նաեւ ոստիկանության աշխատակիցների հետ:
Ըստ այդմ, փաստաբան Ստեփան Ոսկանյանը ներկայացրեց, որ Չախալյանների ձերբակալության եւ ընդհանրապես հուլիսի կեսերի իրադարձությունների ընթացքում բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել: Խախտումների թվարկումից տպավորություն է ստեղծվում, թե Ջավախքում վրացական ոստիկանության ներկայացուցիչները թքած ունեն օրենսդրության վրա, հատկապես որ այդ խախտումներում, օրինակ, հուլիսի 17-ին ձերբակալված անձանց խոշտանգել են, ծեծել իբր պարզելու համար, թե ոստիկանապետի տան մոտ տեղի ունեցած պայթյունից հետո նույն ոստիկանապետի պատմած ոմն անծանոթ երիտասարդին ով կամ որեւէ տեղ տեսե՞լ է:
Հետաքրքրական է, որ Չախալյաններն իբր փաստաբան ունեն, ինչը երեկվա ասուլիսի մասնակից փաստաբան Ստեփան Ոսկանյանը ոչ ճիշտ համարեց, տեղեկացնելով, որ դեռեւս վրաց արդարադատության նախարարությունը չի արձագանքել Չախալյանի մոր դիմումին` թույլատրելու Չախալյանների շահերի պաշտպանության իրականացումը Հայաստանից ժամանած փաստաբանի` հենց Ոսկանյանի միջոցով:
Ի վերջո, «Երկիր» միությունը գտնում է, որ Ախալքալաքում տեղի ունեցած վերջին դեպքերը փոքրամասնությունների խնդիրներին իրական լուծում տալու վրացական իշխանությունների չկամության հետեւանք են: Փոխարենը վրաց իշխանություններն օրինական բողոքի յուրաքանչյուր դրսեւորում ճնշելու նպատակով գերադասում են ուժ կիրառել: Ուստի միությունը կոչ է անում վրաց իշխանություններինՙ երաշխավորել Ախալքալաքի դեպքերի արդար ու անկողմնակալ հետաքննությունը, ազատ արձակել Չախալյանի եւ Շիրինյանի ազգականներին եւ այլն: «Երկիր» միությունը կոչ է անում նաեւ Վրաստանում օտարերկրյա ներկայացուցչություններին, միջազգային կառույցներինՙ Չախալյանին եւ նրա ու Գուրգեն Շիրինյանի բոլոր կալանավորված ազգականներին քաղբանտարկյալ ճանաչել:
«Ազգը» փաստաբան Ստեփան Ոսկանյանից հետաքրքրվեց, թե ներկա դրությամբ Վահագն Չախալյանին ներկայացվող կոնկրետ մեղադրանքը ո՞րն է եւ ի՞նչ է դա ենթադրում: Ըստ փաստաբանի, մեղադրանքը ապօրինի զենք ու զինամթերք պահելուն է առնչվում, իսկ դրա համար 7-10 տարի ազատազրկում է նախատեսվում:
Ախալքալաքում վերջին իրադարձությունները բնավ էլ նորույթ չեն իրենց դրսեւորմամբ, բայց եւ մեծագույն մտահոգության հիմք են տալիս: Ու, թերեւս դա է պատճառը, որ, «Ազգի» տեղեկություններով, այսօր իսկ Ախալքալաքում կլինի Վրաստանի հանրային շահերի պաշտպան Սոզար Սուբարին: Բայց եւ այնպես, տարօրինակ է վրացական իշխանությունների` ոչինչ չտեսնելու, չարձագանքելու, չտեղեկացնելու այս կեցվածքը, որ, ի դեպ, շատ չի տարբերվում հայաստանյան իշխանությունների կեցվածքից, քանի որ, եթե դատելու լինենք ասուլիսին լրատվամիջոցների մասնակցության հանգամանքով, հայրենի իշխանավորներին էլ հարմար չէ այս խնդրի բարձրաձայնումը:
Եվ հետո, երբ հայ-վրացական հարաբերությունների մասին խոսելու առիթ է լինում, երկուստեք կենաց են ասում միայն ու վերջ: Իսկ որ Հայաստանի արտգործնախարարը նախօրեին կայացած ասուլիսում հայտարարում է, թե իրենք ուշադրությամբ են վերաբերվում այն խնդիրներին, որոնք առաջանում են վրացահայերի մեջ, ու վստահություն է հայտնում, թե Հայաստանի եւ Վրաստանի միջեւ չի կարող խնդիր առաջանալ, որի լուծումը չկարողանանք գտնել: Դե լուծեք... Ի՜նչ խնդիր, ի՜նչ Ախալքալաք, ի՜նչ Չախալյան...