ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ պատվիրակ Հեյկի Տալվիտիեն Ադրբեջանում հայտարարել է, թե «ԵԱՀԿ-ն հուսով է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները կակտիվանան»: Նա հավելել է, որ բանակցային գործընթացը երկար ժամանակ տեղի է ունենում հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների առաջարկած բազային սկզբունքների հիման վրա: Տալվիտիեն «ուժեղ թիմ» է որակել խաղաղ բանակցային գործընթացի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: «Մենք կոչ ենք անում կողմերին խաղաղ ճանապարհով կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը», նշել է Տալվիտիեն, հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանման հարցն «առայժմ առկախ է մնում»: «Խաղաղ ճանապարհը միակն է, որում կարելի է փոխզիջումների հասնել», ընդգծել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ պատվիրակը: