«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2008-07-30 | #146, 2008-07-31 | #147, 2008-08-01


16 ՏԱՐԻՆ ՉԼՐԱՑԱԾՆԵՐԻՆ ԱՆՁՆԱԳԻՐ ԿՏՐՎԻ ԾՆՈՂԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

Իսկ անձնագրային ծառայությունում աշխատելու նախապատվությունը կտրվի կանանց

Կառավարության երեկ ընդունված որոշմամբ բացառվելու են մինչեւ 16 տարեկան ՀՀ քաղաքացիներին օտարերկրյա դիվանագիտական մարմինների կողմից մուտքի վիզաներ տրամադրելու դեպքում առաջացող խոչընդոտները եւ նվազեցվելու են անձնագրեր տպագրելու հետեւանքով առաջացող լրացուցիչ ծախսերը: Այս մասին մանրամասներ հաղորդելով, Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեկ նշեց, որ մինչ այժմ օտարերկրյա դիվանագիտական կառույցները հաճախ մերժում էին անչափահասներին մուտքի վիզա այն պատճառով, որ նրանց տրված անձնագրերի ժամկետը կարճ էր` 6 ամսից մինչեւ 1 տարի ժամկետով: Նրանք պահանջում էին, որ անձնագիրը փոխվի: Սակայն, մեր երկրի օրենքներով, մինչեւ 16 տարեկան քաղաքացիների անձնագրերը ենթակա են փոխանակման միայն 1, 3, 7, 12 եւ 16 տարեկան հասակում: Մինչեւ այդ տարիքը լրանալը Հայաստանի քաղաքացիների անձնագրերի վավերականության ժամկետը 6 ամսից պակաս լինելու դեպքում դրանք տրվում են 1 տարի, իսկ մինչեւ 16 տարին լրանալը` 6 ամիս ժամկետով:

Օրենքում կատարված փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության 16 տարին չլրացած քաղաքացիներին ՀՀ քաղաքացու անձնագիր կտրվի կամ արդեն տրված անձնագիրը կփոխանակվի ըստ ցանկության` մեկ ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Մինչեւ 16 տարին լրանալը, ՀՀ քաղաքացիներին ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորելիս, անձնագրերը կտրվեն 3 տարի վավերականության ժամկետով, իսկ արական սեռի 15 տարին լրացած անչափահասներին` մինչեւ 18 տարին լրանալը: ՀՀ քաղաքացու մինչեւ 16 տարին լրանալը տրված անձնագիրը կարող է փոխանակվել նրա մեկ ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա` նախքան անձնագրի վավերականության ժամկետը լրանալը:

Մամուլի ասուլիսի ժամանակ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանն անդրադարձավ նաեւ անձնագրերի եւ վիզաների համակարգում կատարվող փոփոխություններին: Ըստ նրա, ոստիկանությունում փորձում են փակել անձնագրերի եւ վիզաների տրամադրման համակարգում առկա բոլոր սողանցքները կամայականությունների եւ քաշքշուկների համար: Ալիկ Սարգսյանի հավաստմամբ, քաղաքացին այժմ 1-3 ժամվա ընթացքում կարող է ձեռք բերել նոր անձնագիր, եթե չկան փաստաթղթային խնդիրներ: Նա նաեւ հայտնեց, որ ոստիկանությունում գործում է թեժ գիծ, որի միջոցով քաղաքացիների բողոքներն անմիջապես հայտնում են ոստիկանության ղեկավարությանը:

Ալիկ Սարգսյանը հավաստիացրեց, որ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում կադրային փոփոխություններ են իրականացվում եւ Երեւանում բոլոր անձնագրային ծառայությունների ղեկավարները փոխվելու են: «Նրանց մեջ կան մարդիկ, ովքեր նորմալ ուղի են անցել, նրանք կտեղավորվեն ոստիկանության համակարգի այլ ծառայությունում: Ովքեր վատ են աշխատել եւ ում անունն առանձնապես լավ խոսքերով չի հիշատակվում, նրանք, բնականաբար, կփոխեն իրենց ծառայությունը», նշեց ոստիկանապետը, ավելացնելով, որ անձնագրային ծառայությունում աշխատելու նախապատվությունը կտրվի կանանց, իսկ ֆիզիկապես առողջ տղամարդիկ պետք է տեղափոխվեն ոստիկանական այլ ծառայության:

Ոստիկանության ոլորտում առկա կոռուպցիայի հաղթահարման ուղիներից մեկը ոստիկանների աշխատավարձերի կտրուկ բարձրացումն է մինչեւ 50 տոկոսով, որը նախատեսվում է իրականացնել արդեն 2009-ից: Ըստ ոստիկանապետի, ոստիկանների աշխատավարձերը Հայաստանում շատ ցածր են: Այսպեսՙ Ռուսաստանում ոստիկանների միջին աշխատավարձը շուրջ 800 դոլար է, Վրաստանում` 500 դոլար, Հայաստանումՙ 200 դոլար:

Ճանապարհատրանսպորտային ոլորտի մասին խոսելով Ալիկ Սարգսյանը հայտարարեց, որ կարմիր լույսի տակով այսօր ոչ ոք չի անցնում` անկախ պաշտոնից եւ դիրքից: Նա նշեց, որ այս առումով ոստիկանության տեսադաշտում են հայտնվել պատգամավորներ, հայտնի գործարարներ: Ոստիկանապետի տեղեկացմամբ, տուգանքների ենթարկված եւ տուգանային հրապարակում հայտնված հայտնի եւ բարձրաստիճան անձանցից զանգեր են եղել ոլորտի պատասխանատուներին: Անձամբ իրեն ուղղված զանգեր չեն եղել, այնուամենայնիվ, Ալիկ Սարգսյանը խնդրեց այսուհետեւ էլ իրեն չզանգահարել, ընդգծելով իրականացվող բարեփոխումների լրջությունը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4