«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2008-07-30 | #146, 2008-07-31 | #147, 2008-08-01


«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԿԱ, ԲԱՅՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌԱԿԱ ԿԱՐԳՈՎ ԵՆ ԻՐԱՐ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ»

Մատենադարանի փոխտնօրենի կարծիքովՙ Ս. Սարգսյանին խանգարում են համակարգում գտնվող այլ մարդիկ

Իրեն քաղբանտարկյալ համարող Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը 123 օր կալանավայրում նստելուց հետո 5 օր արդեն գտնվում է ազատության մեջ: Նա երեկ «Հայացք» ակումբում դժվարանում էր ասել, թե կոնկրետ ինչ առիթով են իրեն ձերբակալել. ըստ նրա, ամեն մարդ, ով քաղաքական հայացքներով տարբերվում եւ քննադատում է ներկայիս իշխանություններին, ապա ինչ-որ առիթներ կարող են գտնել ձերբակալելու համար: Սակայն իր ներկայացրած պատմություններից ու բերած փաստերից հետո պարզ դարձավ, որ Բանուչյանին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու, մասնակցելու, ինչպես նաեւ 154-րդ հոդվածով` ընտրողների կամքին բռնանալու, միջնորդավորված կաշառք տալու համար: Հիշեցնենք նաեւ, որ Բանուչյանը նախագահական ընտրություններին եղել է Տեր-Պետրոսյանի վստահված անձը, Վայքի շրջանի պատասխանատու, իսկ ընտրությունից հետո մասնակցել է Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքներին:

«Ինձ ասում ենՙ խելքդ գլուխդ հավաքիր, աշխատանքդ ունես, հարգանք ունես, շրջապատ ունես», այսպիսի կյանքի ուղի են ցույց տվել Բանուչյանին շատ մարդիկ, սակայն վերջինս, բանի տեղ չդնելով որեւէ մեկին, միշտ ակտիվ մասնակցություն է ունենալու հանրահավաքներին, ներկա է գտնվելու նաեւ այսօրվա հանրահավաքին. «Ակտիվ քաղաքացու եւ մտավորականի նման եղել եմ ժողովրդի կողքին: 16 տարեկանից Մատենադարանում եմ եղել, երբ Տեր-Պետրոսյանը Մատենադարանի գիտքարտուղարն էր, ես իրեն շատ լավ եմ ճանաչում եւ հարգում եմ նրան»:

Արշակ Բանուչյանը կալանքի չորս ամիսների ընթացքում երկու անգամ է քննիչի երես տեսել, նրա խոսքով, չորս ամիս փնտրում են այն մարդուն, որին ինքը կաշառք է իբր տվել նախընտրական շրջանում, ու մինչեւ օրս չեն գտնում: Մատենադարանի փոխտնօրենը անտրամաբանական է համարում, որ փոխանակ նախ կաշառք վերցնողին գտնեին, հետո իրեն որպես կաշառք տվողի կանչեին պատասխանատվության, նախ իրեն են ձերբակալում, հետո ապարդյուն որոնում են, թե ում է ինքը կաշառք տվել:

Լրագրողների այն հարցին, թե ինչու են իրեն ազատ արձակել, բանախոսը պատասխանեց. «Եթե ասեն, թե ինչու են ինձ ձերբակալել, հնարավոր կլինի բացատրել նաեւ, թե ինչու ազատ արձակեցին»:

Նա նշեց նաեւ, որ ՀՀԿ-ում էլ ունի ընկերներ, ովքեր շատ բան են արել իր ազատության համար, նաեւ չմոռացավ Հյուսիսային պողոտայում հավաքվածներին շնորհակալություն հայտնել, որոնց շնորհիվ էլ է ինքը ազատության մեջ գտնվում. «Սակայն, չորս ամիս ես լռել եմ, որովհետեւ չէի ուզում առանձնանալ մյուս մարդկանցից, ովքեր քաղաքացիական կեցվածքի կամ քաղաքական հայացքների համար այսօր բանտում են»:

Հարցին, թե արդյոք ինքը խնդիրներ չի ունենա Մատենադարանում` իր աշխատավայրում, Արշակ Բանուչյանը պատասխանեց, որ չի կարծում, թե նման բան կարող է լինել, քանի որ իր աշխատանքը լավ է կատարում եւ չորս ամսվա ընթացքում, երբ ինքը կալանավորված էր, Մատենադարանում եղել են իրադարձություններ, որոնք նաեւ իր անմիջական աշխատանքի արդյունք են:

Իսկ թե ինչպե՞ս է տեսնում ներկայիս իրավիճակի հանգուցալուծումը, Մատենադարանի փոխտնօրենը պատասխանեց. «Կուզենայի, որ իշխանության եւ ընդդիմության միջեւ կայանար համաձայնություն երկրի ապագայի հարցում: Երկխոսություն իրականում կա, բայց իշխանությունն ու ընդդիմությունը հեռակա կարգով են իրար պատասխանում»:

Նրա կարծիքովՙ Սերժ Սարգսյանը ինքն էլ կցանկանար համաձայնության գալ, եւ եթե չլինեին այլ մարդիկ, նախագահը վաղուց պահանջվող քայլերը կկատարեր, որովհետեւ վերջին տարբերակը բերում է անկայունության, երկիրը պահում վտանգավոր վիճակում:

Ինչ վերաբերում է մարտի մեկի դեպքերը ԱԺ ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին, ապա նկատեց, որ հանձնաժողովը պետք է ձեւավորված լիներ կոնսենսուսի ձեւով, որպեսզի ունենար ժողովրդի վստահությունը:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4