«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2008-07-30 | #146, 2008-07-31 | #147, 2008-08-01


ԱՌԱՋԻՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՄԻ ԿԱԶՄՈՒՄ

1996, Ատլանտա, 26-րդ ամառային օլիմպիադա

Ատլանտայի օլիմպիական խաղերում մեր հանրապետության մարզական պատվիրակությունն առաջին անգամ մասնակցեց առանձին թիմով` ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի օլիմպիական հավաքականը բավական ներկայացուցչական կազմ ուներ: Օլիմպիական ուղեգրեր էին ձեռք բերել 12 մարզաձեւի 32 մարզիկներ: Բարսելոնի օլիմպիադայում մեր մարզիկների հաջող ելույթները (հինգ մասնակցից չորսը դարձել էին մրցանակակիր) հույսեր էին ներշնչում, որ քանակը կվերածվի որակի եւ Ատլանտայում մեդալների թիվն անհամեմատ ավելի շատ կլինի: Սակայն նման սպասելիքները չարդարացան: Ատլանտայում մեր մարզիկների ավարն ավելի քան համեստ էր` մեկական ոսկե եւ արծաթե մեդալ:

Պարգեւների առումով իրենց բարձրության վրա գտնվեցին միայն ըմբիշները: Հայաստանին միակ ոսկե մեդալը պարգեւեց հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը : Եվրոպայի կրկնակի չեմպիոնը 52 կգ քաշային կարգում մեծ վարպետությամբ վարեց բոլոր գոտեմարտերը, վստահ հաղթանակներ տոնեց իր 5 մրցակիցների նկատմամբ եւ արժանիորեն նվաճեց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը: Ցավոք, այն ժամանակվա Հայաստանի մարզական ղեկավարությունն ըստ արժանվույն չգնահատեց Արմեն Նազարյանի վաստակը հայկական սպորտում եւ վերջինս բնակության մեկնեց Բուլղարիա` հանդես գալով այդ երկրի դրոշի ներքո: Եվ չորս տարի անց, Սիդնեյի օլիմպիադայում Նազարյանը կրկին հաստատեց իր բարձր կարգը, սակայն այս անգամ նա արդեն ոսկե մեդալ պարգեւեց Բուլղարիայի հավաքականին:

48 կգ քաշային ըմբիշ Արմեն Մկրտչյանը ազատ ոճայինների մրցավեճում եւս հասավ մինչեւ եզրափակիչ, որտեղ համառ պայքարում 4-5 հաշվով զիջեց կորեացի Իլ Կիմին ու արժանացավ արծաթե մեդալի: Հաջողությանը մոտ էր նաեւ 1995-ի աշխարհի չեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Արա Գեւորգյանը: 68 կգ քաշային ըմբիշների մրցավեճում Արան հասել էր մինչեւ կիսաեզրափակիչ: Եթե նրան հաջողվեր հաղթել նաեւ ամերիկացի Թաունսենդ Սոնդլերսին, ապա նվազագույնն իր համար կապահովեր արծաթե մեդալը: Սակայն Արան պարտվեց, իսկ բրոնզե մեդալի համար գոտեմարտերում անհաջողության մատնվեց ու գրավեց 5-րդ տեղը: Մեր մյուս ըմբիշները` Աղասի Մանուկյանը (57 կգ), Մխիթար Մանուկյանը (62 կգ), Սամվել Մանուկյանը (68 կգ), Լեւոն Գեղամյանն (82 կգ) ու Ցոլակ Եղիշյանը (90 կգ) պայքարից դուրս մնացին նախնական փուլերում:

Հաջող պետք է համարել թեթեւատլետ Արմեն Մարտիրոսյանի ելույթը: Գյումրեցի եռացատկորդը մինչ օլիմպիադան հաղթող էր ճանաչվել միջազգային մի քանի մրցաշարերում, նվաճել էր Ռուսաստանի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը: 44 ուժեղագույն եռացատկորդների մրցավեճում Արմենը նախնական փուլում ցույց տալով 16,74 մ արդյունք, մտավ եզրափակիչ: Այստեղ 12 լավագույնների մրցավեճում հայ եռացատկորդը 16,97 մ արդյունքով զբաղեցրեց պատվավոր 5-րդ տեղը: Չեմպիոն հռչակվեց ամերիկացի Քեննի Հարիսոնը (18,09 մ): Իսկ ահա մեր անվանի թեթեւատլետ Ռոբերտ Էմմիյանն իր հնարավորություններից ցածր հանդես եկավ: Հեռացատկում 7,76 մ արդյունքով նա չմտավ եզրափակիչ փուլ եւ դուրս մնաց մեդալների համար մղվող պայքարից:

Ինչպես միշտ, սպասելիքները մեծ էին մեր ծանրորդներից, որոնք սակայն չիրականացան: Չինաստանում անցկացված աշխարհի վերջին առաջնությունում ծանրամարտի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով գրավել էր 8-րդ տեղը ու իրավունք ստացել Ատլանտայում հանդես գալ լրիվ կազմով: Ցավոք, օլիմպիական մրցահարթակ դուրս եկած մեր 10 ծանրորդներից եւ ոչ մեկին չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Հաջողությանն առավել մոտ էր Խաչատուր Քյափանակցյանը : 76 կգ քաշայինների մրցավեճում նա պոկում վարժությունում լավագույնն էր (165 կգ): Սակայն ցավոք, հրում վարժությունում 1993-ի Եվրոպայի չեմպիոնն ու ռեկորդակիրը, 1995-ի աշխարհի փոխչեմպիոնը չկարողացավ բարձրացնել պատվիրված նախնական քաշերը (նախ 192,5, ապա 195 կգ) եւ 0 ստանալով, զրկվեց մեդալ նվաճելու հիանալի հնարավորությունից: 83 կգ քաշային կարգում էլ Սերգո Չախոյանը պոկում վարժությունում 2-րդն էր (170 կգ), իսկ ահա հրումում շատ ցածր արդյունք գրանցեց (195 կգ) եւ երկամարտի 365 կգ ցուցանիշով գրավեց 6-րդ տեղը: Նախորդ օլիմպիադայի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանն էլ զիջեց դիրքերը եւ բավարարվեց 6-րդ տեղով: Մեր մյուս ծանրորդների ցուցանիշներն ավելի համեստ էին. Էդուարդ Դարբինյան (64 կգ)` 12-րդ տեղ, Հայկ Եղիազարյան (70 կգ)` 12-րդ տեղ, Հովհաննես Բարսեղյան (76 կգ)` 6-րդ տեղ, Ալեքսան Կարապետյան (91կգ)` 13-րդ տեղ, Աղվան Գրիգորյան (99 կգ)` 8-րդ տեղ, Արա Վարդանյան (108 կգ)` 7-րդ տեղ, Աշոտ Դանիելյան (գերծանր քաշ)` 13-րդ տեղ:

Սպասելիքները չարդարացրին նաեւ մեր բռնցքամարտիկները: Նշան Մունչյանը (48 կգ), Լեռնիկ Պապյանը (51 կգ), Արթուր Գեւորգյանը (57 կգ) եւ Մեխակ Ղազարյանը (60 կգ) չկարողացան դիմադրություն ցույց տալ մրցակիցներին: Բարսելոնի օլիմպիադայի չեմպիոն Հրաչյա Պետիկյանն էլ այս անգամ աչքի չընկավ դիպուկ կրակոցներով եւ գրավեց 13-րդ տեղը: Մյուս մարզաձեւերի մեր պատվիրակներից առանձնակի սպասելիքներ չկային` հաշվի առնելով ստեղծված դժվարին իրավիճակը, մարզումային պայմաններն ու հավաքների անցկացման սուղ հնարավորությունները: Թենիսիստ Սարգիս Սարգսյանն առաջին փուլում հաղթելով կանադացի Դանիել Նեստերին (6-4, 6-4), հաջորդում պարտվեց շվեդ Թոմաս Էնկվիստին (6-4, 6-7, 4-6) ու դուրս մնաց հետագա պայքարից: Սպորտային մարմնամարզության մրցումներում Նորայր Սարգսյանը 51-րդն էր: Ոստնակացատկում Արուսյակ Գյուլբուդաղյանը գրավեց 20-րդ տեղը, իսկ Հովհաննես Ավթանդիլյանը աշտարակացատկերում զբաղեցրեց 32-րդ հորիզոնականը: Լողի մրցումներում Անուշ Մանուկյանը առաջին լողահերթից հետո դուրս մնաց պայքարից: Իսկ հեծանվորդ Արսեն Ղազարյանին չհաջողվեց հատել եզրագիծը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4